Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընթերցեց որոշումը՝ հայտնելով, որ Արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարվել է։
Թեեւ որոշման հրապարակումը դռնբաց էր, դատական կարգադրիչները թույլ չտվեցին ԶԼՄ ներկայացուցիչներին բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է։ Սակայն առավոտից դատարանի բակում գտնվող լրագրողները որևէ բազմություն չէին նկատել։ Ընդհակառակը, նիստին ներկա գտնվել ցանկացող քաղաքացիները, որոնց թվում, ի դեպ, մի շարք փաստաբաններ եւ դատավորներ էին, որ եկել էին՝ Դավիթ Հարությունյանին աջակցություն հայտնելու, մնացին փակ դռներից այս կողմ։
Հաշվի առնելով, որ խոչընդոտվեց նաեւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը՝ մենք փորձեցինք կապ հաստատել ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։ Դատական դեպարտամենտից եւս որեւէ մեկը չեկավ եւ լրագրողերին պարզաբանում չտվեց։
Արդյունքում դռնբաց նիստին մասնակցելու նպատակով հավաքված քաղաքացիները որոշման հրապարակմանը հետեւեցին մեկ այլ աշխատասենյակից՝ էկրանների միջոցով։
Նշենք, որ ԲԴԽ 9-հոգանոց կազմից միջնորդության քննությանը մասնակցել են 6 անդամներ՝ դատավորներ Արթուր Աթաբեկյանը եւ Քրիստինե Մկոյանը (որը Կարեն Անդրեասյանի սանիկն է), ինչպես նաեւ գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցը (Անդրեասյանի ՄԻՊ եւ Արդարադատության նախարար եղած ժամանակ նրա տեղակալն է եղել), Հայկ Գրիգորյանը (Քննչական կոմիտեի նախկին նախագահն է) եւ Վիգեն Քոչարյանը: Արդեն նախկին դատավոր անդամ Մեսրոպ Մակյանը միջնորդության քննության մեկնարկից օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել, դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկ էր հայտնել` նշելով, որ Հարությունյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, դատավոր անդամ Արշակ Վարդանյանին Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն էին բացարկի միջնորդություն ներկայացրել՝ պատճառաբանությամբ, որ նա ընկերական հարաբերություններ ունի Դավիթ Հարությունյանի հետ, ինչը բավարարվել էր, իսկ գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է) երկրորդ նիստից սկսած գտնվել է գործուղման մեջ։
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ համարելով, որ Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։
Մասնավորապես, ըստ Նախարարության, Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ եւ 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաեւ զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը եւ անաչառությունը։
Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել այս տարվա ապրիլի 7-ին դատավոր Դավիթ Հարությունյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում նա անդրադարձել է ԲԴԽ գործունեությանը՝ ի թիվս այլնի, քննադատության ենթարկելով օրենսդրական փոփոխությունների արդյունքում շուրջ 20 դատավորի լիազորություն դադարեցնելու փաստը։ Նա նաեւ սահմանադրական կոլեգիալ մարմնին ոչ հարիր էր որակել ԲԴԽ՝ այդ ժամանակվա անդամ Մեսրոպ Մակյանի այն հայտարարությունը, թե ԲԴԽ-ում առկա է բացարձակ կոնսենսուս, ինչպես նաեւ արդար ընտրություն կատարելու հնարավորության խաթարում էր համարել այն, որ Դատական դեպարտամենտը ԲԴԽ նոր անդամի թեկնածության դիմում ներկայացնելու համար չի ծանուցել Առաջին ատյանի բոլոր դատարանների դատավորներին, ինչը, նրա խոսքով, պարտավոր էր անել։
ԲԴԽ–ում նիստերի առաջին իսկ օրվանից Դավիթ Հարությունյանը բարձրաձայնել է իր նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի եւ Խորհրդի կողմից առերեւույթ խախտումների մասին։
Մասնավորապես, նախ հայտնի դարձավ, որ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Խորհուրդը նիստը վերսկսել է առանց Դավիթ Հարությունյանի մասնակցության եւ հրապարակել վարույթը դռնփակ անցկացնելու մասին որոշումը, ապա չի անդրադարձել նրա՝ ընդմիջում հայտարարելու եւ հաղորդում ներկայացնելու հնարավորություն տալու միջնորդությանը, որից հետո սահմանափակել է իր ցանկացած թվով փաստաբաններ ունենալու իրավունքը, ինչպես նաեւ Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու ժամանակը։
ՀՀ–ում փաստաբանների նախապես հայտարարած գործադուլի օրը նիստ նշանակելով՝ ԲԴԽ–ն շարունակել էր միջնորդության քննությունը միայն դատավորի մասնակցությամբ, որի ընթացքում նաեւ սանցկիա էր կիրառել վերջինիս նկատմամբ՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից։ Փաստացի, միայն Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակելով նիստը՝ ԲԴԽ–ն ավարտել էր միջնորդության քննությունը՝ հեռանալով խորհրդակցական սենյակ։ Այդ ընթացքում, թեեւ փաստաբանները շտապել էին ԲԴԽ՝ ցանկություն հայտնելով մասնակցել նիստին, նրանց տեղեկացրել էին, որ այն արդեն ավարտվել է։ Factor.am-ը, սակայն, երեկ հաղորդեց, որ Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ անդամներին՝ բացառությամբ Անդրեասյանի, քանի որ դատական նիստի արձանագրություններն ու նյութերը վերանայելուց ու ուսումնասիրելուց հետո իրեն պարզ է դարձել, որ փաստաբանների վերադարձի պահին նիստն իրականում ավարտված չի եղել, իսկ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին եւ մուտք գործել շենք։
Կարգապահական վարույթի ընթացքում առերեւույթ խախտումների հիման վրա փաստաբանական խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով։
Հավելենք, որ ըստ helpcourt համակարգի այս պահի գնահատականի՝ Դավիթ Հարությունյանը ՀՀ–ի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է։ Կարգապահական վարույթի ողջ ընթացքում թե՛ ԲԴԽ-ում, թե՛ սոցիալական հարթակներում նրան սատարել են փաստաբանական համայնքի բազում անդամներ։
Նա դատական համակարգում էր 2011 թվականից։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)