Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը
 |azatutyun.am|
23:18 - 19 հուլիսի, 2023

Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվից պնդում են՝ անցած շաբաթ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։

Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում օրեր շարունակ շրջանառվող այս տեղեկատվությունը, բանակցությունները հյուրընկալած Շառլ Միշելը ևս հարցին որևէ կերպ չի անդրադարձել։

Մինչ այդ՝ Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապել է ողջունել «պատմական» այդ իրադարձությունը և ընդգծել՝ Միշելի, Փաշինյանի և Ալիևի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգշնչող է։

«Մեր վերադարձի հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների օրակարգում ընդգրկելը պատմական իրադարձություն է այդ հարցի խաղաղ լուծման ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա ավելի է ոգեշնչում Արևմտյան Ադրբեջանի Համայնքին և Հայաստանից բռնի տեղահանված յուրաքանչյուր ադրբեջանցու՝ ձեռնարկելու իրենց վերադարձի իրավունքի իրագործմանն ուղղված քայլեր», - ասվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունում։

Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող այս կառույցը դեռևս մարտ ամսին էր հատուկ նամակ հղել Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին։

Ընդառաջե՞լ է արդյոք Միշելը ադրբեջանցիների խնդրանքին, համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանից հնչող այս հայտարարությունը և եթե, այո, ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, «Ազատությունն» այս հարցերն ուղղել է վարչապետ Փաշինյանի գրասենյակին, արձագանք առայժմ չկա։

Պաշտոնական Բաքուն, որ «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին խոսույթը ակտիվորեն սկսել է շրջանառել վերջին ամիսներին, այսօր կրկին կապել է այս հարցը Ղարաբաղի հայերի հետ ու պնդել՝ հայկական կողմը Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին խոսելիս պետք է հաշվի առնի նաև տեղահանված ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը։

Բաքվի քաղաքական այս նախաձեռնությունը, որը Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագրի մաս է կազմում, մի քանի ամսվա պատմություն ունի։

Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում էլ Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամար է անցկացվելու։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել