«Շրջափակման մեջ գտնվելու ժամանակ մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում, ես, որ այսօր ողջ եմ, Աստծո ձեռքի գործն է»։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Նարեկ Սիրունյանի խոսքերն են։
Նարեկը մեկն է գումարտակի այն զինծառայողներից, որոնց հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Նարեկը 6 զինծառայողների հետ միասին (որոնցից վիրավոր 2-ը այդ ընթացքում զոհվել են) 44 օր շարունակ թաքնվել է Վանք գյուղի տներից մեկում, պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 21-ին, հայտնաբերվել ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ գերեվարվել։ 8 ամիս անց՝ 2021 թ․ ամռանը, Նարեկը վերադարձվել է հայրենիք։
Ավելի քան մեկ տարի է՝ դատարանում քննվում է Խուռհատ սարի վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակում մեղադրյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։
Նարեկ Սիրունյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 31-ին, երեկ ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու։
Ըստ տուժողի՝ պատերազմի ժամանակ իրենց մեկ գիշեր թողել են բաց երկնքի տակ մեքենաների մեջ
Նախքան Խուռհատ սարի իրադարձությունները ներկայացնելը տուժողը պատմեց, որ սկզբնապես մարտական գործողությունների մասնակցել է Ջրականի տարածքում, ներկայացրեց դրա վերաբերյալ որոշ դրվագներ․ «Հոկտեմբերի 5-ի կամ 6-ի մոտակայքում՝ երեկոյան կողմ, անձրեւոտ եղանակ էր, դրանից առաջ լավ թրջվել էիք, համազգեստ բերեցին, տվեցին, դիրքավորվեցինք, դրանից հետո նահանջ հրաման եկավ դեպի «9–րդ կմ» կոչվող տարածք, որտեղից [խոստացվել է, որ] կտանեն ապահով տեղ, պատերազմը դադարում է, ամեն ինչ նորմալ է, դուք մալադոյ եք, ձեզ չեն տանում դիրքեր [եւ այլն, եւ այլն]»: Այդպես զորքը միատողան նահանջել է Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։
Լուսանկարում՝ Հրանտիկ Հարությունյանը
Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ պրիսյագ ընդունե՞լ է, քանի՞ օրվա ծառայող է եղել այդ ժամանակ, ինչին դրական պատասխանելով՝ Նարեկն ասաց՝ 5 օրվա․ «Հարգելի՛ դատարան, խնդրում եմ արձանագրեք, որ հանցավոր ճանապարհով ստիպել են երդում ընդունել, թեկուզ իմ էրեխեն՝ 2 ամսվա ծառայող է եղել, հրամանատարն անձամբ ինձ է ասել՝ կրակել չի իմացել, առանց կրակելու տարել, երդում են տվել, որ մենք էսօր չկարողանանք ապացուցել, որ մեր էրեխեքին իրավունք չունեին տանել մարտի դաշտ»,– ասաց ծնողը։
Ոչ մինչեւ դպրոց հասնելը, ոչ էլ դպրոցում Նարեկը Իշխան Վահանյանին չի տեսել, չի ճանաչել։ Նրա՝ հոկտեմբերի սկզբի ենթադրյալ վիրավորման մասին ոչինչ չի լսել, բայց հետագայում քայլքի մեջ դա վկայող որեւէ բան չի էլ տեսել։ Հոկտեմբերի 9-ին արդեն զորքը նորանշանակ հրամանատար Վահանյանի գլխավորությամբ բարձրացել է Խուռհատ սար․ «Ասացին՝ նոր հրամանատար ունենք, ու պիտի շարժվենք էդ Վիշկա կոչված տեղը, երեկոյան բարձրացել, նստել ենք էդ զիլ–կամազ–ուրալները, զորքի կեսը շարժվել է, մենք մինչեւ լուսաբաց մնացել ենք դրանց մեջ, հետո մեզ իջեցրել են, ասել են՝ զենք, ով ինչ ունի պակաս, վերցրեք բարձրանում ենք, բարձրացել ենք, դիրքավորվել ենք ու էդ ժամանակ արդեն տեսել եմ իրեն»։
– Մեքենաների մե՞ջ եք մնացել,– վկայի խոսքից զարմացած՝ հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Զարմանքը պայմանավորված էր նրանով, որ մինչ այդ դպրոցի վրա արդեն արկ էր ընկել, ուստի ենթադրելի էր, որ տեղն այլեւս ապահով չէ։
– Հա, հենց մեքենաների մեջ։
– Հարգելի՛ դատարան, ես ձեր եւ մեղադրողի ուշադրությունն եմ հրավիրում, որովհետեւ այս փաստը հաղորդում է հանցագործության վերաբերյալ․․․ Էդքան կամիկաձե վերեւում․․․ Էդ զինվորներին նստեցրել ու մեքենաներով․․․ Ու հարուցված քրեական գործ չկա․․․ Հետեւությունները թողնում եմ ձեզ։
Կամավոր քեռին Նարեկ Սիրունյանին փոքր–ինչ տարօրինակ է թվացել
Շարունակելով ցուցմունքը՝ Նարեկը պատմեց՝ սարում Վահանյանն է իրենց դիմավորել։ Անձամբ իրեն, որպես նռնականետի, դիրքավորել են ճանապարհի վրա, այսինքն՝ սարի վրա գտնվող զորքի ու ներքեւի հրամանատարական դիտակետի մեջտեղում։
Այդ օրը հակառակորդի շարժ է նկատվել, որը հարեւան ստորաբաժանումները ճնշել են, գիշերը անցել է հանգիստ։ Ներկա է եղել այն կամավոր քեռին, որի մասին բոլոր վկաները հիշատակում են՝ ասելով, որ նա, որպես տարեց մարդ, իրենց առաջնորդել է, ցուցում տվել շարժվել Հադրութի ուղղությամբ․ «Մենք որ բարձրացել ենք, քեռին էդտեղ է եղել, ասում էր՝ ես կամավոր եմ, բոլորը փախել են, ես մնացել եմ զորքի հետ, հրամանատարներն էլ ասում էին՝ մենք որ էստեղ չլինենք, իրեն լսեք»։
Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը
– Քեռու գործողությունների մեջ արտառոց բան նկատե՞լ եք,– հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։
– Իմ տպավորությամբ՝ ոնց որ գլխից մի քիչ վերցրած լիներ, թաթալաբազ լեննականցի էր, կարողա բաներ աներ, որ համազգեստ հագնողին հարիր չէին։
– Այսի՞նքն։
– Դե, գիշերը ճամփի մեջտեղ պառկել էր, ասում էր՝ ես սենց քնում եմ, ասում էի՝ գնա մեզնից հեռու, որովհետեւ խռռացնում էր․ գիշերվա մենակության մեջ էդ ձայնից մարդ վեր է թռնում, երբ շուրջբոլորդ՝ մութ, նայում ես՝ մարդ չկա, դա ազդում է, անձամբ ես լսել, վախեցել եմ, ասել եմ՝ զարթնի կամ գնա ուրիշ տեղ քնի։
– Քեռու ներկայությունը զեկուցվե՞լ է,– հետաքրքրվեց փաստաբանը։
– Ո՞ւմ։
– Զորամիավորում է, անծանոթ մարդ, ում ներկայությունը, ոնց հասկանում եմ, հետագայում մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ գործողության վրա, հրամկազմից որեւէ մեկը չի՞ եկել, հարցներ՝ ո՞վ ես, մի գործողություն եղե՞լ է թե՞ չէ։
– Չի եղել, ավելին ասեմ, խոզեր կային էդտեղ, էդ հոպարը տղերքից մեկից սնայպեր վերցրեց, սկսեց կրակել։
– Առանց մարտի՞։
– Հա, առանց մարտի, եկել էին, որ լցվեին պոստ։
– Բա առանց հրաման կրակոցնե՞ր․․․
– Այ էդ հարցը կար էլի, ո՞նց է՝ ինքը կրակում է, մենք՝ չէ․․․
– Ես արդեն տրամաբանում եմ՝ ինչի էր կրակում, բա ձեր հրամկազմը, բա մեկը չէ՞ր գալիս, ասում՝ տեղանքն ես ցույց տալիս, զորքի դիրքավորումն ես ցույց տալիս,– հարցրեց Գրիգորյանը։
Ձեռքով թկթկացնելով սեղանին՝ տուժողը պատասխանեց․
– Էս էր, ձայն չկար, ոչ մի բան չի եղել։
Մարտական գործողությունների ընթացքում տուժողը մեղադրյալին որեւէ անգամ չի տեսել
Հաջորդ օրն առավոտյան կռիվը սկսվել է․ «Առավոտյան սնունդ եկավ, հավաքվեցինք, որ ուտենք, էդ ընթացքում արդեն կրակոցներ սկսվեցին, ամեն մեկը իր զենքը վերցրեց, տեղավորվեց, ու արդեն վիրավոր, զոհ․․․ Էդ ժամանակ գումարտակի հրամանատարին չեմ տեսել, իմ կողքին են եղել Հովոն, Ղարիբյանը, Վարդանյանը (խոսքը սպաներ Հովհաննես Մուրադյանի, Արսեն Ղարիբյանի, Վազգեն Վարդանյանի մասին է,–հեղ․), հետո որ տակից էլ սկսեցին կրակել, Մուրադյանն ասաց՝ մերոնց կեսը անտառի մեջ է, չկրակեք, ու մի հատ պտույտ, արդեն մեզ էլ էին սկսում կրակել»։
Ողջ ընթացքում, ըստ Նարեկի, թշնամին միայն հրաձգային զինատեսակներ է կիրառել, հետեւաբար Վահանյանը, նրա խոսքով, չէր կարող այդտեղ բեկորային վնասվածք ստանալ։
Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Նարեկի խոսքով՝ իջնելիս ինքն ընկել է, ոտքը վնասել, Հովհաննես Մուրադյանի օգնությամբ վիրակապել են, շարունակել, մինչեւ դուրս են եկել ճանապարհի վրա, զորքն արդեն առաջ գնացած է եղել, փորձել են գնալ նրանց հետեւից, բայց շուտով կրակահերթ է սկսվել, նստել են ջրի ափին, փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում։ Այդպես մոտ 100 հոգով անջատվել են զորքից․ ով ի վիճակի էր, մյուս սպաների հետ արագ–արագ առաջ է անցել, ով վիրավոր էր, թույլ, Հովհաննես Մուրադյանի հետ է եղել։
– Չփորձեցի՞ն ձեզ սպասել։
– Ոչ մեկն էլ չի սպասել էդ իրավիճակում, մի հատ Մուրադյան Հովհաննես է եղել, որ առաջին օրից մինչեւ վերջին օրը կանգնել է մեր կողքին, ու եթե մի բան էլ չենք կողմնորոշվել, ձեռքներս բռնել է, ասել է՝ սա սենց պիտի արվի, ուրիշ մարդ ես չեմ տեսել, որ կանգներ մեր կողքին, ասեր՝ էս ուղղությամբ գնա կամ սենց արա։
Ըստ Նարեկ Սիրունյանի՝ իրենք տեղյակ էին, որ Հադրութը օղակի մեջ է
Նարեկ Սիրունյանը հերքեց մինչ այս հնչած այն ցուցմունքները, թե պայմանավորվել են սպասել, մինչեւ սպաները բարձրանան հարակից սարի վրա գտնվող 3-րդ գումարտակի մոտ՝ նրանց միանալու հավանականությունը հասկանալու համար, ասաց՝ այդ հարցը քննարկվել է դեռ մարտի ընթացքում, բայց վերջնական որոշում, հրաման եթե լիներ, բոլորով գնացած կլինեին։ Մի շարք վկաներ այդ դրվագով են բացատրել զորքի մասնատումը՝ ասելով, որ 3-րդ գումարտակի մոտ գնացած անձնակազմը մնացել է վերեւում, մյուս մասը՝ ներքեւում, քանի որ թշնամին սկսել է թիրախավորել իրենց, առաջանալ այլեւս չեն կարողացել։
Նարեկը հերքեց նաեւ այն ցուցմունքները, թե դրանից հետո Հովհաննես Մուրադյանի եւ քեռու գլխավորությամբ որոշվել է գնալ գրավված Հադրութի ուղղությամբ․ «Երբ հավաքվեցինք, Հովոյին հարցրի՝ բա էս ո՞ւր են, ո՞ւր գնացին, ի՞նչ պիտի անենք, ասաց՝ պիտի կամաց դուրս գանք, բաժանվենք մասերի, խումբ–խումբ անցնենք․․․ Կապվել են Վահանյանի հետ, Հովոն թե հոպարը՝ կդժվարանամ ասել, էդտեղից հայհոյանքներ է լսվել, լսվել է, որ Վահանյանը չկա, զորքին թողել, թռել է, ո՞վ պիտի զորքին տիրություն անի․․․ Պատճառաբանությունը եղել է այն, որ ծանր վիրավոր է եղել, իրեն շուտ իջեցրել են։ Ու մեզ արդեն ասվել է, որ Հադրութը վերցված է օղակի մեջ, պիտի արանք գտնենք, էստեղից դուրս գանք»։
Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
Ըստ Նարեկի՝ Հովհաննես Մուրադյանն առաջարկել է Հադրութի տակով դուրս գալ։
– Չի՞ եղել խոսակցություն, որ պիտի գնաք Հադրութ՝ զորքին փրկելու։
– Զորքը հաստատ չէր մտնի Հադրութ բոյ տալու, որովհետեւ չի կարող 100 հոգին 1000-ի դեմ․․․ Ոնց որ քեզ գցեն առյուծների վանդակ, դա հնարավոր չէր։
– Ինչո՞վ կբացատրեք, որ մի քանի հոգի, այդ թվում՝ ձեզ հետ եղած անձինք, հայտնում են՝ քեռին ասել է՝ գնում ենք Հադրութ, որ օգնենք մեր տղաներին դուրս գալու։
– Հադրութում մնացած են եղել չակերտավոր կամավորականներ, որոնք ամսի 9–ին պիտի մեզ հետ բարձրանային դիրքեր, բայց չգիտես ոնց, չեն բարձրանում, հետո, չգիտես ոնց, անհետանում են, իրե՞նց պիտի օգնեինք։
– Չգիտեմ։
– Զորքից Հադրութում մարդ չի մնացել․․․ Ես կդժվարանամ բացատրել, եթե մի բան չգիտեմ, չգիտեմ, բայց եթե տենց հրաման լիներ, մեկը ես էդ հրամանը չէի կատարի, որովհետեւ էդ պահին, երբ մեզ պետք է էդ մարդիկ հանեին, գազի վրա կոֆե էին եփում, հաց էին ուտում, էս է եղել պատերազմը, այ սենց պատերազմ էինք տանում մենք,– ասաց տուժողը։
Լուսանկարում՝ տուժող Նարեկ Սիրունյանը
Սիրունյանը հերքեց նաեւ սպաների այն խոսքերը, թե զորքը բարոյահոգեբանական այն վիճակում է եղել, որ ի վիճակի չի եղել հրաման կատարել․ «էդ նյութերը ով տվել է, իրենք ի վիճակի չեն եղել հրաման տալու, որ զորքն էլ դա կատարեր, երբ իրենք լինեին լավ հրամանատարներ․․․ Ես ինքս մի քանի անգամ կատարել եմ հրաման, որ ինձ տրվել է, եղել եմ ֆիզիկական լավ վիճակում, էդ ո՞նց եղավ, որ ես ի վիճակի էի, մնացածը՝ չէ, եթե լինեին ճիշտ, հստակ հրամաններ, բոլորն էլ ի վիճակի էին, բոլորն էլ եղել են հասուն մարդիկ, մանավանդ էդ 10 օրվա ընթացքում էնքան էին կոփվել, վիրավոր էլ է եղել, որ հրաման է կատարել․․․ Զորքին տալիս էին հրաման մի գիշերում երկու մետր խրամատ փորել, փորում էինք, առավոտյան նվեր էին տալիս թուրքին, մեզ տալիս էին նահանջ,– նկարագրեց նա։
Շրջափակման մեջ մնացած անձնակազմը դիտարկվել է հակառակորդի կողմից, հայկական համազգեստներով ադրբեջանցիներ են նրանց փորձել մոլորեցնել, մարտ է սկսվել, որի ժամանակ էլ Նարեկը 5 տեղից վիրավորվել է, գիտակցությունը կորցրել․ «Լացի, գոռոցի վրա եմ աչքերս բացել, արնաքամ լինելով՝ ջուր են տվել, կապել են, որ արյունը կանգնի, գցել են թեւերից, ընկել եմ ցած, գիտակցությունս էլի գնացել է, պառկեցրել են, ինչով հնարավոր է, փորձել են կապել, գիշերը եկել, ասել՝ մի բան կանենք, ձեզ չենք թողնի էստեղ, տարել են էդ տուն»,– պատմեց Նարեկը։ Նույն մարտի ժամանակ զոհվել է Հովհաննես Մուրադյանը․ «Ես մոշի թփի մեջ եմ ընկնում, ինձ ասում է՝ ի՞նչ եղավ, ու էդ պահին ինքն էլ է ընկնում, էդ հայացքը մինչեւ հիմա իմ աչքի առաջ է, ես էդ հայացքը չեմ կարող մոռանալ, իր խոսքերը չեմ կարող մոռանալ»։
Ըստ որոշ վկաների խոսքերի՝ կամավոր քեռին նույնպես այդտեղ զոհվել է։
Ըստ տուժողի ցուցմունքի՝ իրենց մասին տեղյակ են եղել, բայց օգնության այդպես էլ չեն եկել
Տանը հեռախոս են գտել, փորձել կապ հաստատել պատկան մարմինների՝ ՊՆ–ի, ոստիկանության, 911-ի հետ, սակայն որեւէ տեղից չեն պատասխանել։ Նարեկը հոր հետ է խոսել, բացատրել իրենց տեղը, օգնություն խնդրել։ Դրանից հետո հայրը հնարավոր բոլոր դռները թակել է, բայց՝ ապարդյուն։ Թե հատկապես ինչ են նրան ասել, տուժողը դժվարացավ պատասխանել, ասաց՝ իրենց տանը մի թեմա կա, որ փակ է, ու դա պատերազմն է։ Նույն պահին զանգել են նաեւ իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին․ «Տեղանքն ենք բացատրել, բա մինչեւ 6-ը պրոբլեմ չկա, դուրս եք գալիս, ժամը 6-ն ա, մարդ չկա, 10-11–ն ա, մարդ չկա, ուզում ենք զանգել, մարտկոցը նստում է․․․ 10 օր անցավ, 20 օր անցավ, 40 օր անցավ»։ Այդ ժամանակ թուրքերը արդեն սկսել էին գյուղի տները փորփրել։
44-րդ օրը հասել են իրենց տանը․․․
– Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ ձեր հարակից տներում էլի հայեր կային։
– Իմացել ենք, որովհետեւ վիրավորներին աղմուկով բերեցին։ Նույնիսկ ուզել ենք միանալ նրանց, բայց որ էնտեղ դուռ–մուռ չի եղել․․․
– էդ օրը 31 հոգի դուրս է եկել, միացել Կիրովականի չաստին, 500 մ քայլել, հասել են, ալարել են էս տղերքին ասել,– վրդովված հայտնեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, որ Սիրունյանի 7-հոգանոց խմբի կազմում զոհված Նարեկ Ղազարյանի հայրն է։ Կազմից զոհված մյուս զինվորը Տիգրան Համբարձումյանն է։
Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ 5-ով են մնացել այդ տանը․
– Զորքը ո՞ւր է եղել։
– Զորքը գնացել էր՝ օգնություն բերելու, մեջները ղարաբաղցի կար, իբր պիտի ուղղորդեր տեղանքում, բայց արդյունքում ստացվեց այնպես, որ մենք մնացինք էդտեղ․․․
– Իսկ այդ տղերքին պատերազմից հետո չե՞ք հարցրել, գուցե զանգել են օգնության, չեն եկել․․․
– Ես իրենցից ոչ մեկի հետ առնչություն չունեմ, նպատակ էլ չկա, որովհետեւ երբ պատասխանը լսես, կամ շատ վատ ես զգալու, կամ նեղանալու ես, կամ վիրավորվելու ես․․․
– Էդ ամբողջից հետո ոնց էլ չլինի հանդիպած կլինեք ձեր մարտական ընկերներին, կա՞ ինֆորմացիա, որ կցանկանաք հայտնել դատարանին։
– Պարո՛ն դատավոր, ես որ եկել եմ, երկար ժամանակ հոսպիտալում եմ եղել, վիրահատություններ եմ տարել, լիքը մարդ եմ տեսել, երբ իրենք գլուխները թեքել են, ես ավելի շատ եմ թեքել, էսօր ես ներել եմ բոլորին, Աստված ասում է՝ ներիր մարդուն, որ դու էլ ներվես, ես ներել եմ, թող Աստված իրենց հետ լինի։
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
comment.count (0)