Ըստ վկայի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ
18:35 - 20 դեկտեմբերի, 2022

Ըստ վկայի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ

#Կարճ_ասած

  • Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանում երեկ շուրջ 7 ժամ հարցաքննվեցին նույն գումարտակի շարքայիններ Վարուժան Մարգարյանը, Խաչատուր Անախասյանը, Արմեն Երիցյանը, կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը։
  • Վերջինս մինչ այս դատարան ներկայացած առաջին վկան էր այն անձնակազմից, որը, նահանջի ժամանակ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ առանձնանալով գումարտակից, սխալ ճանապարհով է գնացել, նրա խոսքով՝ մի կամավորի ցուցումով։ Դրա հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ, այդ թվում՝ այդ կամավորը, զոհվել են, որոշները վիրավորվել են, որոշներն էլ անհետ կորած են մինչ օրս։ Հովասյանը որոշ մանրամասներ հայտնեց սխալ ուղղությամբ գնացած անձնակազմի շարժի մասին, սակայն նրա ցուցմունքից դարձյալ պարզ չդարձավ, թե ինչու եւ ինչպես էր գումարտակը կիսվել։
  • Վկա Արմեն Երիցյանն էլ պատմեց, որ նահանջի ժամանակ, երբ վիրավորներին տանում էին՝ մեքենան նստեցնելու, Վահանյանն ասել է՝ չնստեցնեք, ու ինքն է նստել վարորդի կողքին ու մեքենայում եղած վիրավորների հետ հեռացել։ Երիցյանի խոսքով՝ նա վիրավոր եղել է, քանի որ տաբատի ետեւի հատվածում արյուն կար, սակայն իր տպավորությամբ՝ վիճակն այնպիսին էր, որ կարող էր մնալ եւ շարունակել գումարտակի ղեկավարումը։

#Մանրամասն

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարից հարկադրված նահանջ իրականացնելիս Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի մի մասը արդեն գրավված Հադրութ քաղաքի ուղղությամբ է շարժվել գյումրեցի մի կամավորի ցուցումով։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ հայտարարեց նույն գումարտակի ջոկի հրամանատարներից կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը։ Սխալ ուղղությամբ շարժվելու հետեւանքով, հիշեցնենք, գումարտակի բազմաթիվ զինծառայողներ զոհվել են, որոշները՝ վիրավորվել, որոշներն էլ անհետ կորած են մինչ օրս։

Քրեական գործով քննության առարկա են ինչպես հիշյալ նահանջի, այդպես էլ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մանրամասները։ Նահանջը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, ըստ մեղադրանքի, ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել եւ հեռացել: Այժմ ամբաստանյալի աթոռին միայն Վահանյանն է, որը հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, սակայն, դատարանում հարցաքննված այլ սպաների արարքներում էլ են առերեւույթ հանցակազմ տեսել, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Արդյունքում, Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պատերազմի ժամանակ իշխանազանցության եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։

Դատարանում գտնվող գործով շուրջ 6 ամիս է՝ հարցաքննությունների փուլն է։ Դատակոչի բազմանդամ ցանկից մինչ այս արդեն իսկ հարցաքննվել է 22 վկա։

Ջոկի հրամանատար Սամվել Հովասյանը մարտական առաջադրանքի է մեկնել առանց իր ջոկի

Երեկ հարցաքննված վկա, 5-րդ գումարտակի ջոկի հրամանատարներից կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը, որ 2019 թվականի ամռանն էր զորակոչվել բանակ եւ ճանաչում էր  Իշխան Վահանյանին պատերազմից առաջ էլ, նրան բնութագրեց որպես «շատ վատ սպա»՝ նշելով, որ Վահանյանին ոչ մեկը լուրջ չէր վերաբերվում։

Նա պատմեց, որ պատերազմի ժամանակ Վահանյանին առաջին անգամ տեսել է Հադրութի դպրոցում, որտեղ ժողով է եղել եւ սպայակազմի փոփոխություն։ Այդ ժամանակ գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը, որ պիտի հանձներ այդ պաշտոնը Իշխան Վահանյանին, վերջինիս հարցրել է՝ պատրա՞ստ է նա գումարտակի հրամանատար լինել, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, ըստ վկայի, ասել է․ «Կխոսենք, կջոկենք»։ Այս երկխոսության մասին, հիշեցնենք, դատարանում հարցաքննվելիս փոքր-ինչ այլ կերպ պատմել էր նաեւ Գարիկ Վարդերեսյանը․ «Իմ առաջին հարցը եղել է Վահանյանին, ասել եմ՝ դու պատրա՞ստ ես գումարտակը ղեկավարելու, նա էլ ասել է՝ հա, դու գնա քո գործերով»,– ասել էր նա։

Վկա Հովասյանի խոսքով՝ Վահանյանի հիշյալ պատասխանով պայմանավորված՝ ոչ մեկը չի ուզել նրա հետ դիրքեր բարձրանալ․ «Որոշ մարդիկ նույնիսկ բարձրաձայնեցին այդ մասին, ասացին՝ չենք ուզում էս մարդը մեզ հրամանատար լինի, բայց բանի տեղ չդրեցին, ասեցին՝ սենց վիճակ է, նորմալ է լինելու, խախանդ է լինելու, ձեզ երրորդ–չորրորդ գիծ ենք տանում, ու բարձրացանք սարը»։ Միակ առաջադրանքը, որ ստացել են, սարը բարձրանալն ու տեղակայվելն է եղել, թե ինչ նպատակով, ըստ վկայի, հստակ չի ներկայացվել։ 

Լուսանկարում՝ վկա Սամվել Հովասյանը

Սարում, սակայն, իր ջոկի զինծառայողները ներկա չեն եղել։ Թե ինչու, վկան չկարողացավ պարզաբանել, ասաց՝ գիտեր, որ մի մասը «Չռիկներ»-ում են եղել, սակայն դպրոցում գտնվելու ժամանակ արդեն տեղեկություն չի ունեցել։

-Սերժանտները բավարարո՞ւմ էին, որ Ձեզ անգամ այլ ջոկ չկցեցին,- հետաքրքրվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։

-Ոնց որ թե՝ չէ,-պատասխանեց վկան։

- Բա ո՞նց էր հնարավոր, որ Ձեր ջոկը Ձեզ հետ չլիներ, այլ ջոկ էլ չկցեին Ձեզ։

-Չգիտեմ, մեզ ոչ մեկը չի ասել՝ էս մարդիկ ձեր հետ են, մարդկանց նստացրել են, բարձրացրել սարը։

-Որպես ջոկի հրամանատար՝ նրանց համար առաջին պատասխանատուն Դուք չէի՞ք։

-Այո։

-Բա ինչո՞ւ չեք կատարել Ձեր պարտականությունները։

-Դպրոցում չեմ կարողացել ջոկ գտնել։

-Այդ մասին զեկուցե՞լ եք։

-Ոչ։

-Կանոնակարգը խախտե՞լ եք։

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հանեց հարցը՝ պարզաբանելով, որ վկան չէ որոշողը՝ խախտել է թե ոչ։

Վկայի խոսքով՝ Վահանյանն ասել է՝ կրակեք–կրակեք, ու ինքն իջել է ներքեւ

Խուռհատ սարը բարձրանալիս գումարտակը եղել է 250-300 հոգի, բացազատվել են իրարից 2 մ հեռավորության վրա՝ ընդգրկելով մոտավորապես 600 մ բնագիծ։ Սպայական կազմը, Հովասյանի խոսքով, իրենից շատ հեռու է եղել եւ ոչ տեսանելի։

Մեկ օր մնացել են տեղակայված դիրքերում, իսկ հաջորդ օրը՝ ժամը 10-ի մոտակայքում, թփերի տակից ձայներ են լսել․ «Քանի որ կապի միջոց չի եղել (թե ինչու, վկային հայտնի չէր,–հեղ․), զինծառայողներով իրար ասել ենք՝ որ մեկդ հասնի հրամանատարներին, ասեք՝ սենց վիճակ է, հետո մեզ էլ հասցրին զինվորները, որ էդտեղ մեր հետախույզներն են, հանկարծ չկրակենք, դրանից մեկ ժամ հետո հարձակումը սկսվեց»։ Այդ ժամանակ, ըստ վկայի, Վահանյանն ասել է՝ կրակեք–կրակեք, ու ինքն իջել է ներքեւ․ թե ուր եւ ինչ նպատակով, վկան չգիտեր։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ նա տեղյա՞կ էր, թե ում կամ ուր կրակեք, վկան ասաց․ «Երեւի թե ոչ․ դե որ մարդ անկապ ասի՝ կրակեք, ոչ ուղղություն ցույց տա, ոչ բան․․․»

Վկան դժվարացավ հստակ ասել՝ Վահանյանը իսկապես վիրավորվե՞լ էր թե՞ հենց այնպես թողնում էր մարտադաշտը։ Ամեն դեպքում, նշեց, որ այդ հատվածում հնարավոր չէր բեկորային վնասվածք ստանալ, մինչդեռ ըստ գործում առկա բժշկական տեղեկանքների՝ Վահանյանն այդ օրը բեկորային վիրավորում է ստացել։

Ըստ Հովասյանի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ

Գումարտակի հրամանատարի հեռանալուց հետո, երբ այլեւս ի վիճակի չեն եղել դիմակայելու եւ հարկադրված նահանջ են իրականացրել, մեծամասնությամբ հավաքվել են սարի ներքեւում՝ ճանապարհի վրա, որտեղ եղել են նաեւ կամավորականներ, այդ թվում՝ գյումրեցի մի ծեր մարդ։ Հարցին՝ այդ ժամանակ փորձեցի՞ն հետաքրքրվել՝ ուր է իրենց գումարտակի հրամանատարը, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով․ «Նենց շոկային իրավիճակ էր, անձամբ ես չէի կարողանում ինչ-որ բան խոսել»։ 

Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

Հովասյանի խոսքով՝ վաշտերի հրամանատարներ Հայկազ Գրիգորյանի եւ Վազգեն Վարդանյանի ղեկավարությամբ միաշարասյուն սկսել են բարձրանալ հարակից սարի գագաթը, որտեղ գտնվում էր 3-րդ գումարտակը, եւ սպաները, ըստ ամենայնի, ցանկանում էին միանալ նրանց, ինչը, սակայն, այդպես էլ չհաջողվեց․ ինչ–որ մի պահի անձնակազմը կիսվեց, թե ինչպես, ըստ վկայի՝ անհասկանալի մնաց նաեւ իր համար։ Արդյունքում, անձնակազմի մի մասը՝ մոտ 100 հոգի, այդ թվում՝ ինքը, մնացին կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ։ Թե ինչպես են մյուս հրամանատարները, այդ թվում՝ Վազգեն Վարդանյանն ու Հայկազ Գրիգորյանը, իրենցից առանձնացել, վկան չի տեսել․ «Ես չհասկացա՝ ոնց եղավ, բայց ոնց որ կիսվեց անձնակազմը, մենք էդտեղ մի քիչ մնացինք, 3-րդ գումարտակի ժողովրդից, որ վիրավորներին էին տանում, ասացին՝ առաջ չգաք, նստեք, հեսա կհասկանանք՝ ինչ ենք անում, մենք էլ էդտեղ նստեցինք, մի քանի րոպե հետո կամավորականը եկավ»։

Այդ կամավորականն էլ հենց, ըստ վկայի, իրենց ասել է, որ պետք է շարժվեն Հադրութի ուղղությամբ, որը, փաստորեն, սխալ ճանապարհն է եղել․ «Եկավ, ասաց՝ Հադրութի դպրոցում ավտոներ կան, մեզ ասել են՝ պիտի մի ձեւ, սուս–փուս իջնենք Հադրութի դպրոց, էդտեղ ով կար, իր հետեւից իջել ենք դեպի Հադրութ»։ Հարցին՝ Հադրութի ուղղությամբ գնալիս իրենք չգիտեի՞ն, որ հակառակորդն արդեն այնտեղ է, վկան սկզբում բացասական պատասխան տվեց, ապա ասաց․ «Տեղյակ էինք, բայց չէինք պատկերացնում, որ էդ թվով կլինեն»։

Ճանապարհին, ըստ վկայի, կամավորականը զանգել է Իշխան Վահանյանին, բարձրախոսով խոսել, ասել՝ ո՞ւր ես, զորքդ շրջափակման մեջ է, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, առանց որեւէ ուղղություն հուշելու, ասել է․ «Ես վիրավոր եմ, իջնում եմ ներքեւ»։ Հարցին՝ դրան պատասխան չհնչե՞ց, վկան պատասխանեց․ «Հնչեց, բայց ցենզուրայից դուրս է»։ 

Դրանից հետո իրենց հետ գտնվող հրամանատար Հովհաննես Մուրադյանը եւ շարքային Սարգիս Ղուկասյանը, այդ գյումրեցի կամավորականի առաջնորդությամբ, իջել են՝ ճանապարհը նայելու, հասկանալու՝ նորմալ է թե չէ, ապա վերադարձել եւ ցուցում են տվել՝ շշուկով իջնել։ Իջնելու ճանապարհին խրամատ են տեսել, թաքնվել դրա մեջ եւ այդ ընթացքում նկատել են, որ կամավորականը վիրավոր ընկած է (հետագայում զոհվել է,-հեղ․)։ Կրակոցներն ուղղվել են խրամատի ուղղությամբ, որի ժամանակ էլ գլխին ստացած կրակոցից զոհվել է միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանը․ «Հովոյին որ խփեցին, էլ չգիտեինք՝ ինչ անել, միակ բանը, որ մնում էր, բոլորով թռնեինք ձորի մեջ․․․ Ձորում էլի կրակոցներ սկսվեցին մեր վրա, եւ անձնակազմը արդեն ցրվեց»,– պատմեց վկան՝ հավելելով, որ 13 հոգով, այդ թվում՝ ինքը, Սարգիս Ղուկասյանը եւ Գեւորգ Գասպարյանը, միասին են եղել։ 

Հետագայում իրենց այդ խմբով էլ են ընկել շրջափակման մեջ, զոհեր, վիրավորներ ունեցել։ Գասպարյանը զոհվել է, իսկ Ղուկասյանը անհետ կորած է մինչ օրս։ Հեռախոսով կապվել են իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հետ, որը մի քանի հեռախոսահամար է փոխանցել ճանապարհ հարցնելու համար։ Զանգահարել են, բացատրել իրենց տեղը, վերջիվերջո փրկվել։

Լուսանկարում՝ ձախից Արսեն Ղուկասյանը

Վկայի հարցաքննությունից հետո նրան հարցեր հղեց դահլիճում գտնվող մեկ այլ վկա՝ Արսեն Ղուկասյանը, որը հիշյալ անհետ կորած Սամվել Ղուկասյանի հորեղբայրն է։ 

-Պատերազմից հետո որտե՞ղ ես շարունակել ծառայությունդ,- հարցրեց նա։

-Դուցի զորքի հետ,- պատասխանեց վկան։

-Հարգելի՛ դատարան, ես կարող եմ բերել 11 վկաների, որոնք ասում են, որ ինքը հոր հետ անձնակազմի մեքենայով փախել է ու ամիսներ անց հայտնվել Լուսակերտի զորամասում,- հայտարարեց Ղուկասյանը՝ հետաքրքրվելով վկայից՝ եղե՞լ է նման բան։

-Ոչ, -պատասխանեց վկան։

Շարքային Արմեն Երիցյանի խոսքով՝ սարից իջնելիս Վահանյանի տաբատը արյունոտ է եղել

Հարցաքննված հաջորդ վկան շարքային Արմեն Երիցյանն էր, որը պատմեց, որ Խուռհատ սարում հարձակման օրը Վահանյանին երկու անգամ է հանդիպել։ Առաջինը այն ժամանակ էր, երբ ինքը վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վահանյանն ասաց՝ գնացեք առաջ, դիրքավորվեք նորից, դուխով բոյ տվեք»,- նշեց վկան։

Հաջորդ անգամ, ըստ նրա, մեկ էլ նահանջի ժամանակ է հանդիպել․ «Բնագծից մոտ 500 մետր իջանք դեպի ճանապարհ, վիրավորներին տանում էինք էլի, որ նստեցնենք «Ուրալ», շուտ իջեցնեն, մեքենաների մոտ հանդիպել ենք Վահանյանին, ես ուզել եմ նստեցնել վիրավորներին, ինքը ասել է՝ չնստեցնեք, ինչ պատճառով՝ չգիտեմ, էլի ավտոներ կային, բայց էդ մեկն էր խոդի, մյուսները կամ խարաբ էին կամ վարորդ չկար, ասաց՝ չնստեցնեք, ու ինքը նստեց վարորդի կողքին ու գնաց»,- պատմեց վկան՝ հավելելով, որ մի քանի վիրավորի տարավ իր հետ։ 

Լուսանկարում՝ վկա Արմեն Երիցյանը

Վկայի խոսքով՝ իր տպավորությամբ՝ Վահանյանը վիրավոր էր․ տաբատի ետեւի հատվածում արյուն կար։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ իսկ իր տպավորությամբ՝ նա ի վիճակի՞ էր մնալ եւ շարունակել գումարտակի ղեկավարումը, վկան դրական պատասխան տվեց։ Նաեւ նշեց՝ իր ներկայությամբ այլ սպային պարտականությունների փոխանցում կամ կապի միջոցի հանձնում չի եղել։ Հարցին՝ իրենց բարոյահոգեբանական վիճակը փոփոխության ենթարկվե՞ց, երբ տեսան, որ գումարտակի հրամանատարը հեռանում է, վկան դրական պատասխան տվեց․ «Որ մեր հրամանատարը չի ուզում ղեկավարի մեզ, որ ճիշտ ձեւ մարտ մղենք, մենք էլ ընկնում ենք խուճապի մեջ, էլ չենք կարա բոյ անենք»,- ասաց նա՝ հավելելով, որ մնացած վիրավորներին ի վերջո այլ մեքենայով կարողացել են ճանապարհել։

-Ի՞նչ տեղի ունեցավ Վահանյանի հեռանալուց հետո,- հարցրեց դատախազը։

-Այդտեղից զորքը բաժանվել է տարբեր մասերի, ցրված է եղել, տարբեր ուղղություններով գնացել, մենք՝ մոտ 40 հոգով, Հայկազի հետ բարձրացել ենք ճանապարհով, իսկ սկզբում իջածները գնացել են դեպի Հադրութ։

-Երբ հավաքվել եք, տեղյակ եղե՞լ եք՝ Հադրութում հակառակորդն է թե յուրային զորքը։

-Մեր դիմացն էր, մենք տեսնում էինք, որ հակառակորդը Հադրութում կռիվ էր տալիս մեր այլ զորքի հետ։

-Բա եթե Հադրութում մարտեր էին, ո՞րն էր տրամաբանությունը, որ զորքի մի մասը, դա տեսնելով, գնացել է էդ ուղղությամբ,- հետաքրքրվեց մեղադրողը։

-Չգիտեմ,- պատասխանեց վկան՝ նշելով, որ իրենց հետ գտնվող հրամանատար Հայկազ Գրիգորյանը ճանապարհին կապ է հաստատել Հադրութի ուղղությամբ գնացած սպա Հովհաննես Մուրադյանի հետ, փորձել հասկանալ նրանց տեղը, վերամիավորել զորքը, սակայն հեռախոսի լիցքավորումը վերջացել է, եւ կապը ընդհատվել է։ Թե ինչու էր զորքը առանց կապի միջոցների, վկան հստակ չգիտեր, ասաց՝ որքան հիշում է, լիցքավորման խնդիր է եղել։ Հիշեցնենք՝ նախորդ նիստերին հարցաքննված սպա Արսեն Ղարիբյանը հայտարարել էր, որ վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել, քանի որ մինչեւ սարը բարձրանալը տվել են՝ լիցքավորման դնելու եւ այլեւս հետ չեն ստացել․ այն հատվածը, որտեղ գտնվել են մարտկոցները, հրետակոծության է ենթարկվել։ 

40 հոգանոց խումբը, ըստ Երիցյանի, դարձյալ հարձակման է ենթարկվել՝ ընկնելով շրջափակման մեջ․ «40 հոգով գնում էինք, որ մեզ պիտի դիմավորեին, մեր դիմաց 6 թուրք դուրս եկավ, կամ 6-ն էին, կամ ավելի, չգիտեմ, էդքանին ենք տեսել, հարձակվել են մեր վրա ու․․․ Ով հասցնում, իջնում է, ով չէ, զոհվում է, մենք էլ՝ 3 հոգով, մնում ենք էդտեղ, շրջափակման մեջ, սպասում ենք՝ մութը ընկնի․․․ Լույսը բացվում է, շարժվում ենք, հանդիպում սպեցնազի տղերքին, իրենց հետ դուրս գալիս Խնձորեսկ»։

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը

-Բա հրամանատարը չփորձե՞ց միջոց ձեռնակել ձեզ իր հետ տանելու համար,- հետաքրքրվեցին դատավարության մասնակիցները։

-Չէ․․․ Որ հարձակվել են, հրամանատարները թողել, իջել են, զորքից մի քանի հոգի մի քանի րոպե կռիվ է տվել,- պատասխանեց վկան՝ նշելով, որ նրանցից ոչ ոք հետ չի եկել՝ օգնության։

-Հնարավո՞ր էր, որ կրակոցի ձայները չլսեին, այդքան հեռո՞ւ էին։

-Չէ։

-Իսկ տեղյա՞կ էին, որ դուք հետ եք ընկել։

-Երեւի մտածել են՝ զոհվել ենք,- եզրակացրեց վկան։

Ըստ Վարուժան Մարգարյանի՝ Վահանյանն իր հեռախոսը վերցրել ու այլեւս չի վերադարձրել

Դատարանում ցուցմունք տալով՝ շարքային Վարուժան Մարգարյանը պատմեց, որ գումարտակի նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանի հրամանով բարձրացել են Խուռհատ սարը, դիրքավորվել։ Մեկ օր անց նկատել են, որ հակառակորդը մեքենաներով մոտենում է, սակայն որեւէ հրաման չեն ստացել․ «Առավոտյան արդեն «Ալլահ ագբար» գոռացին, ու սկսվեց հարձակումը, շատերի զենքը արդեն չէր կրակում, փամփուշտները պրծնում էին, տեսնում էինք՝ սաղին փռում են, մի ահավոր երեւույթ»։

Վահանյանի հրամանով սկսել են կրակել, բայց թե հետո նա ինչպես է հեռացել, վկան չի տեսել։ Ասաց՝ այլ զինծառայողներից է լսել այդ մասին, ենթադրյալ վիրավորման մասին էլ, ըստ նրա, դատարանում իմացավ։

Լուսանկարում՝ վկա Վարուժան Մարգարյանը

Մարգարյանի խոսքով՝ նահանջի հստակ հրաման չի եղել, այդ խառը իրավիճակում տեսել է՝ բոլորը իջնում են, ինքն էլ է իջել։ Հավաքվել են եւ կապիտան Հայկազ Գրիգորյանի ղեկավարությամբ միաշարասյուն սկսել քայլել․ «Մեր վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանն ասում էր՝ մի խառնվեք, մի շարայսուն կազմեք, ինքը ինչքան կարողանում էր, մեզ պահում էր, որ սնարյադը չխփի, ու տենց շարասյունով քայլել ենք»,- պատմեց վկան՝ հավելելով, որ ի վերջո դուրս են եկել Կարմիր շուկա։

Մարգարյանը եւս չկարողացավ պարզաբանել, թե ինչպես է զորքի մի մասը Հովհաննես Մուրադյանի հետ առանձնացել մյուսներից կամ ինչպես է ստացվել, որ սպաները ռադիոկապ չեն ունեցել․ «Նույնիսկ իմ հեռախոսը Վահանյանը վերցրեց, լիքը զարյադկով, ասաց՝ ավտոյի մեջ լիցքավորման կդնեմ, հետ կտամ, բայց առանց կապ թողեց ինձ, մինչեւ հիմա չգիտեմ՝ հեռախոսս ուր է»։

Վկա Խաչատուր Անախասյանը նշեց, որ տեսել է՝ ինչպես է թշնամին Վահանյանի ոտքերի ուղղությամբ կրակել

Երեկ հարցաքննված վերջին վկան Խաչատուր Անախասյանն էր, որին դատարանը նախորդ նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ մյուս վկաներին, որոնց վերաբերյալ եւս որոշում էր կայացրել, բերման ենթարկելու հնարավորություն առայժմ չկա, քանի որ նրանք Արցախի Հանրապետությունից են, իսկ Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, ինչպես հայտնի է, մինչ օրս փակ է։ 

Անախասյանը պատմեց, որ ինքը տեսել է, թե ինչպես է հակառակորդը Վահանյանի ոտքերի ուղղությամբ կրակում, սակայն բուն վիրավորվելը չի տեսել, ասաց՝ զինծառայողներից է լսել, որ կրակոցից ինչ-որ բան անդրադարձել է ու դիպել նրան։ Ամեն դեպքում, վկան եւս հավանական չհամարեց այդտեղ բեկորային վնասվածք ստանալը։ Դրանից հետո, ըստ վկայի, ինքը տեսել է, որ Վահանյանը նստել է «Վիլիսն» ու մեկ վիրավոր իր հետ տանելով՝ հեռացել։

Լուսանկարում՝ վկա Խաչատուր Անախասյանը

Անախասյանի խոսքով՝ Վահանյանի հեռանալուց մոտ 4 րոպե հետո սպա Հայկազ Գրիգորյանն է նահանջի հրաման տվել, ասել՝ զորքը ջախջախվում է, նահանջ տանք, գնանք։ Դրանից հետո Անախասյանը այն խմբի հետ է եղել, որը ղեկավարել է հենց Գրիգորյանը։ Թե ինչպես են մյուսները առանձնացել իրենցից, նա եւս չգիտեր։

-Բա հարց չառաջացա՞վ՝ մյուսները ուր մնացին։

-Հիմա էլ է էդ հարցը առաջանում, բայց չգիտեմ,- պատասխնեց վկան։

Հարցաքննությունների ավարտին դատավոր Ջոն Հայրապետյանը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել պատշաճ ծանուցված եւ չներկայացած այլ վկաների, մասնավորապես, Արմեն Քարամյանին, Վարազդատ Հովհաննիսյանին, Մոնթե Պողոսյանին, Վլադիկ Բարսեղյանին։

Հաջորդ նիստը նշանակվեց 2023 թ․ հունվարի 18-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել