Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը հասանելի չեն Հայաստանի Հանրապետությունում Yandex Go-ի օգտատերերի տվյալները: Այս մասին հայտնել են «Րայդթեք էյ էմ» ընկերությունից Անձնական տվյալների պաշտպանության գործակալության օգոստոսի 9-ի հարցմանն ի պատասխան:
««Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 580-ФЗ դաշնային օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում Yandex Go-ի, ինչպես նաև ընկերության գործունեության այլ ասպեկտների վրա»,- ասվում է ընկերության պատասխանում: Ըստ այդմ՝ Տաքսու մասին օրենքի պահանջները չեն տարածվում Ռուսաստանի իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետությունների տարածքում մարդատար տաքսիներով ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների մատուցման վրա:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում օրեր առաջ ուսումնասիրություն էինք սկսել՝ մամուլում հայտնված տեղեկությունները ստուգելու նպատակով: Ուսումնասիրության շրջանակում Գործակալությունը հարցմամբ դիմել էր «Րայդթեք էյ էմ» ՍՊԸ-ին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով: Առաջիկայում ՍՊԸ-ն կներկայացնի նաև անձնական տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ»,- ասված է ԱՏՊԳ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ռուսական «Մեդուզա» պարբերականը պարզել էր, որ հնարավոր է՝ Ռուսաստանի ԱԴԾ-ն սեպտեմբերի 1-ից կարողանա ստանալ Yandex Go տաքսի ծառայության երթևեկության մասին տվայլները ոչ միայն Ռուսաստանից, այլև մի շարք այլ երկրներից, որոնց թվում է նաև Հայաստանը։
Yandex-ից «Մեդուզային» հայտնել էին, որ տվյալներին հասանելիություն ստանալու հարցումը իրականացվում է բացառապես աշխարհագրական հիմունքներով՝ տեղական օրենքներում սահմանված ընթացակարգերի համաձայն։ Ուղևորությունների մասին տվյալներ կարող են ստանալ բացառապես այն երկրի իրավապահ մարմինները, որտեղ ուղևորությունը կատարվել է։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը Ինֆոքոմի հետ զրույցում նշել էր, որ եթե անգամ Yandex-ը հրաժարվի ինչ-որ տվյալ տրամադրել՝ պատճառաբանելով, թե դա, օրինակ, Հայաստանի քաղաքացու տվյալ է, Ռուսաստանի իշխանությունները կարող են ֆիզիկապես բռնագրավել սերվերները և տվյալներն օգտագործել ինչպես կամենան։
comment.count (0)