«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկանք է հրապարակել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական միջավայրի վերաբերյալ
15:37 - 23 օգոստոսի, 2023

«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկանք է հրապարակել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական միջավայրի վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվում են վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործմամբ, ձևավորվել է անհավասար մրցակցային միջավայր, առնվազն հանրային տեսանելիության առումով իշխող ուժի թեկնածուն ստացել է ակնհայտ առավելություն։ Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, հրապարակած տեղեկանքում հայտարարել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Դիտորդական առաքելության մաս են կազմում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը։

Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները նշանակվել են 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի քվեարկության օրվանից 25 օր առաջ՝ օգոստոսի 23-ին։

Նախընտրական քարոզարշավը և ընտրություններով պայմանավորված քաղաքական իրադարձությունները Երևանում մեկնարկել են ավելի վաղ։ Դրանցից որոշներն ուղեկցվել են վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործմամբ, ինչի արդյունքում ձևավորվել է անհավասար մրցակցային միջավայր, և, առնվազն հանրային տեսանելիության առումով, իշխող քաղաքական ուժի թեկնածուն ստացել է ակնհայտ առավելություն։

Ըստ դիտորդական առաքելության՝ նախքան պաշտոնական քարոզչության մեկնարկը արդեն իսկ նկատվել են առաջադրվող քաղաքական ուժերի ու նրանց թեկնածուների կողմից տարածվող, ինչպես նաև քարոզչության հետ ասոցացվող նյութեր, որոնք թեև չեն արգելվում օրենքով, նպաստում են մրցակցային դաշտի խեղաթյուրմանը։ Այսպես,

  • Աջափնյակում նկատվել է քարոզչական պաստառ Տիգրան Ավինյանի օգտին։
  • Երևան մտնող մայրուղիներում նկատվել են «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանի և Առաջադեմ կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանի պաստառները։
  • Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնոներկայացումը, որը ներկայացվել էր հանդիսատեսին դեռևս 2022 թվականին, օգոստոսի 19-ից արդեն հասանելի է համացանցում։
  • «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանի «Քո քաղաքամայրը» խորագրով տարբեր կոչերով պաստառները, Prestige ամսագրի նկարները փակցված են փողոցներում, վերելակներում։
  • Նկատվել է «Արցախը ապրելու է» կարգախոսով պաստառ, որն ասոցացվում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ:
  • Հեռուստատեսությամբ հեռարձակվել է «Տիկին նախարար» ֆիլմը և քաղաքում տարածված են պաստառներ, որոնք ասոցացվում են «Ապրելու երկիր» կուսակցության և նրա թեկնածու Մ․Թանդիլյանի քարոզչության հետ։
  • «Ուժը հայրենյաց» ընտրական ցուցակի երկրորդ համար Նատալյա Արզաքանցյանի (Ռոտենբերգի) նկարով պաստառները ցուցադրվում են Կենտրոն վարչական շրջանի բազմաթիվ վահանակներին:

Դիտորդական առաքելությունը անդրադարձել է նաև վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերն․

1.1 Պաշտոնի և վարչական լծակների ստանձնումը

2022թ․-ի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց Երևան քաղաքի նախատեսվող ընտրություններում իր քաղաքապետի թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի մասին, որը տվյալ պահին Երևանի քաղաքապետի տեղակալն էր։

Տ․ Ավինյանը 2018թ․ մայիսից զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնը, որից հրաժարվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 2021թ․ օգոստոսին։ 2022թ․ սեպտեմբերին Տ․ Ավինյանը Երևանի ավագանու կողմից ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ։ Նրան վստահվեցին քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման, մշակույթի և տուրիզմի, կոմունալ տնտեսության, տրանսպորտի վարչությունների, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի համակարգումն ու վերահսկողությունը, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի կատարումը։ Կարևոր է նշել, որ մինչ այս, վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի և կառավարության ու քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի համակարգման լիազորությունները նախկինում քաղաքապետի որևէ տեղակալի վերապահված չեն եղել, ինչը փաստել է հենց ինքը՝ Տ. Ավինյանը։ Մեկ այլ ուշագրավ փաստ է, որ դեռևս գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում նրա փոխարեն տեղակալ Տ․ Ավինյանն է հիմնականում մասնակցել ՀՀ կառավարության նիստերին՝ պայմանավորելով դա իր՝ փոխվարչապետի աշխատանքային փորձով։

2023թ․ մարտի 17-ին Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանի հրաժարականից հետո իրականացվեց աշխատանքի վերաբաշխում և Տ․ Ավինյանին փոխանցվեցին ևս մի շարք լիազորություններ, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի ներքին աշխատանքների կազմակերպումը և գործակարգավարական նիստերի վարումը։ Հարկ է նկատել, որ վերջին գործառույթը մի քանի օր շարունակ իրականացվել է առանց իրավական հիմքի: Մասնավորապես, 2017թ. հունիսի 13-ի Երևանի քաղաքապետի կողմից գործակարգավարական խորհրդակցությունների անցկացման մասին 1993-Ա որոշման համաձայն «գործակարգավարական խորհրդակցությունները վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը»։ Տվյալ դրույթը փոփոխվեց 2023թ․ մարտի 31-ի 715-Ա որոշմամբ՝ գործակարգավարական առաջին նիստը փաստացի վարելուց չորս օր անց։

Երևան քաղաքի ավագանու մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներսում իշխանության վերաբաշխումը, նոր դերաբաշխումները և փոխքաղաքապետի կողմից Երևանի քաղաքապետի գործառույթների փաստացի իրականացումը հստակորեն միտված են եղել եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տ. Ավինյանի գործունեության լրացուցիչ լուսաբանման խթանմանը և երկարաժամկետ քարոզչության միջոցով մրցակցային առավելություն ստանալուն։

Պետք է նշել, որ Երևանի փոխքաղաքապետ դառնալուն զուգահեռ Տ. Ավինյանը պահպանել է փոխվարչապետի պաշտոնով պայմանավորված 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» («ԱՆԻՖ») ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնները։ Ընդ որում, «ԱՆԻՖ» ՓԲԸ խորհրդի նախագահի պաշտոնի և Ավինյանի՝ քաղաքապետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության հիմքով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է վարչական վարույթ, որի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն: Վերջինս նախաձեռնել է քրեական վարույթ։

1.2 Խնդրահարույց խոստումները

Քաղաքապետի տեղակալ ընտրվելուց անմիջապես հետո Տ․ Ավինյանը Երևանի վարչական շրջաններում հանդիպումների շարք նախաձեռնեց բնակիչների հետ, որոնք ակտիվորեն լուսաբանվում էին ԶԼՄ-ներով: Դրանցից որոշները կապված էին նրա պաշտոնեական լիազորությունների հետ: Միաժամանակ՝ կային գործողություններ, որոնք ընտրությունների նախաշեմին կարող են ողջամտորեն ընկալվել որպես նախընտրական քարոզչության դրսևորումներ: Այդպիսին էր, օրինակ՝ երևանյան սիրված երգիչ Ֆորշին համայնքի անունից բնակարան նվիրելը (հունիսի 29), հաշվի առնելով, որ 2018 թվականից հետո Երևանի քաղաքապետարանի կողմից արվեստի գործիչներին նման հանդիսավորությամբ նվերներ չէին տրվել կամ, առնվազն, հասկանալի չէր այն չափանիշը, որով ընդունվել էր տվյալ որոշումը և ընտրվել էր տվյալ պահը։ Ակնհայտ նախընտրական քարոզչության դրսևորում էին նոր տրոլեյբուսների շահագործման հանդիսավոր մեկնարկը (հուլիսի 8), Դալմայի այգիների տարածքում անտառատնկման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը (հուլիսի 24), Երևանի վերջին գազելի վարումը (օգոստոսի 11), ընդ որում՝ առանց համապատասխան վարորդական վկայականի, որին, ի դեպ, իրավապահ մարմինների կողմից չտրվեց պատշաճ արձագանք:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Տ. Ավինյանը հանդես են եկել մի շարք մեգանախագծերի մասին հայտարարություններով, որոնք չեն բխում Երևանի հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերից։ Պետք է նկատել, որ Երևանի գործող գլխավոր պլանի/հատակագծի գործողության ժամկետը մինչև 2020 թվականն էր, սակայն քաղաքի նոր գլխավոր պլանի/հատակագծի մշակման ուղղությամբ մասնագիտական հանրույթի ներգրավմամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու և քաղաքի խնդիրներին համապարփակ և համակարգային լուծումներ տալու փոխարեն, իշխող քաղաքական ուժը հանդես է եկել իր սեփական ռազմավարական բնույթի առաջարկներով և քաղաքական խոստումներով։ Այսպիսին են՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը, «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ մետրոյի մեկ այլ կայարանի բացման ծրագիրը, նոր ճոպանուղու կառուցման մասին հայտարարությունը և այլն:

1.3 ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորման աճը

2019-2023 թվականներին պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին կատարված հատկացումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի գարնանը ՀՀ կառավարությունը կտրուկ՝ ավելի քան 100%-ով ավելացրել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորումը՝ մոտ 10 մլրդ դրամից հասցնելով մոտ 20,6 մլրդի։ Սա խնդրահարույց է այն պարագայում, երբ ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների համաձայն, 2020-2022թթ․ ՀՀ կառավարությունը նվազեցրել էր Ազգային ժողովի կողմից պետական բյուջեով Երևանի քաղաքապետարանին կատարված հատկացումները (2020-ին՝ 433,5 մլն, 2021-ին՝ 1,778.3 մլն, իսկ 2022-ին՝ 369,4 մլն ՀՀ դրամով)։ Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ լրացուցիչ հատկացումն արվել է Երևանի ավագանու ընտրություններում հանրային համակրանքը հօգուտ իշխող քաղաքական ուժի ուղղելու և նրա համար մրցակցային առավելություն ապահովելու համար:

Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը առանձին ոլորտներում, և մասնավորապես՝ միջազգային գործընկերների կողմից Երևանում իրականացվող ծրագրերում (մետրոպոլիտենի վերականգնում, ջրամատակարարում, էներգախնայողություն, թափոնների կառավարում և այլն) բարձր չէ։ Ուստիև կասկածելի է լրացուցիչ հատկացումների նպատակահարմարությունը, և դրանք կարճ ժամկետներում նպատակային և արդյունավետ ծախսելու կարողությունը և հնարավորությունը։

Երևանի քաղաքապետարանին տրվող լրացուցիչ հատկացումները հիմնականում արվել են ՀՀ կառավարության երեք որոշումներով։

Երևանի քաղաքապետարանին հատկացված լրացուցիչ գումարը նախատեսված է ծախսել, այդ թվում՝ հետևյալ աշխատանքների համար․

Ներկայումս՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախաշեմին, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ընթանում են լայնածավալ կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ՝ ասֆալտապատում, բակային տարածքների վերանորոգում, եզրաքարերի հիմնանորոգում և այլն։ «Ականատեսի» երկարաժամկետ դիտորդների՝ քաղաքի բնակիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում պարզվել է, որ նաև լուծվում են այնպիսի հարցեր, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել:

Տ․ Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բակերի հիմնանորոգման և կառուցման համար Երևանի բյուջեով նախատեսված ֆինանսների դինամիկան (ենթադրաբար՝ ՀՀ կառավարության կողմից հատկացման հաշվին)՝ ընդգծելով 2022թ․ համեմատ մոտ 5 անգամ աճը և նախատեսվող պիլոտային բարեկարգումները աննախադեպ թվով՝ 210 բակային տարածքներում։

Պետք է նկատել, որ Երևան քաղաքին պետական բյուջեից հատկացվող գումարի կտրուկ ավելացումը ուշադրություն է գրավում հատկապես Հայաստանի մնացած 70 համայնքներին պետական հատկացումների համամասնական ծավալների համեմատ, ինչը նաև ապացույց է համայնքների նկատմամբ պետական աջակցության չհիմնավորված անհամաչափության և խտրականության:

1.4 Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից իրականացվող քարոզչություն

Նկատվել են մի շարք համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից քարոզչության իրականացման դրվագներ։ Այդպիսիք են՝

  • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի ֆեյսբուքյան էջում հուլիսի 21-ի ամսաթվով տեղադրված է նյութ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի հուլիսի 18-ի արտահերթ նիստի վերաբերյալ, որի ժամանակ ներկայացվել են խորհրդի կողմից հաստատված ավագանու թեկնածուներին։
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը և տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը իրենց ֆեյսբուքյան էջերում որպես ետնանկար հրապարակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապված քարոզչական նյութեր։
  • Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սերոբ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ քարոզչություն է անում «Քաղաքացիական պայմանագրի» օգտին:
  • Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցները մասնակցել են վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյին և հրապարակել են լուսանկար վարչապետի հետ։
  • Աջափնյակ վարչական շրջանի մեկ այլ աշխատակից՝ Նարինե Չոբանյանի ֆեյսբուքյան էջում ակտիվ քարոզչություն է իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» օգտին և հակաքարոզչություն՝ Հայկ Մարությանի դեմ՝ համապատասխան մեկնաբանություններով տարածելով Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին տեսանյութը։

1.5 Երիտասարդների շահագրգռում

Երևանի ավագանու ընտրություններից և քաղաքային իշխանության ձևավորումից ընդամենը 2 ամիս առաջ, Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» ձևավորման մասին՝ կոչ անելով դիմել մինչև օգոստոսի 14-ը: Մինչդեռ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի գործունեությունը դադարեցվել էր հենց նույն կառավարիչների կողմից՝ Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելուց մի քանի ամիս անց՝ այն պատճառաբանությամբ, թե նման խորհրդի իմաստն անհասկանալի է: Հետագայում երկար ժամանակ որևէ քայլ չէր արվել խորհուրդը վերականգնելու ուղղությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ ընտրությունների նախաշեմին որոշվել է տվյալ խորհուրդը ծառայեցնել որպես քարոզչագործիք:

1.6 Հանրային միջոցներով լուսաբանում

Տ․Ավինյանին որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի առաջադրման մասին լուրերը պտտվում էին դեռևս մինչև նրան Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելը։ Դեռևս 2022թ․ օգոստոսին Տ․ Ավինյանի ներկայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման աշխատանքներին արդեն իսկ ակտիվ լուսաբանվում էր։

2022թ․ սեպտեմբերին Տ․Ավինյանի Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվելուց ի վեր նրա պաշտոնեական լիազորությունների իրականացումն ուղեկցվել է ակտիվ հանրային իրազեկմամբ, որի համար օգտագործվել են նաև հանրային միջոցները։ Այսպես՝ Հանրային հեռուստատեսությունը, Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերն ինտենսիվ ծառայեցվել են նրա տեսանելիության բարձրացմանը։ Առանձնակի ակտիվությամբ լուսաբանվել է Տ․ Ավինյանի առօրյա աշխատանքային գործունեությունը, հանդիպումները Երևան քաղաքի բնակիչների հետ, խնդիրների վերաբերյալ գնահատականները, խոստումները, հանձնարարականները և այլն։ Բացի այդ, Հանրային հեռուստաընկերության եթերում նրա հետ անցկացվել են քարոզչական ենթատեքստ ունեցող հարցազրույցներ, օրինակ՝ ապրիլի 17-ին Պետրոս Ղազարյանի հետ, մայիսի 21-ին Շուշան Ռաֆայելյանի հետ։

Հանրային հեռուստաալիքով Տ․ Ավինյանի գործունեության լուսաբանման ինտենսիվությունն ակնհայտորեն գերազանցել է և՛ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի, և՛ Երևանի քաղաքապետի մյուս տեղակալների, և՛ Երևան քաղաքի նախորդ երկու քաղաքապետերի, և՛, թերևս, Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների գործունեության լուսաբանումների ինտենսիվությունը և ծավալը։

Փաստացի, Երևանի քաղաքապետի գործառույթների ստանձնումը, աննախադեպ ակտիվ քարոզչությունը՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ, ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը, անհամաչափ լուսաբանումը հանգեցրել են փորձագետների և ավագանու անդամների կողմից անհավասար մրցակցային պայմանների ձևավորման վերաբերյալ գնահատականների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել