Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Այդ մասին հայտնում են ԼՂ ԱԺ-ից:
Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ այսօր հրաժարականի դիմումը կներկայացնի Արցախի ԱԺ։ «Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- նշել էր Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ Արցախի նախագահի հրամանագրով Գուրգեն Ներսիսյանն ազատվել է Արցախի պետական նախարարի պաշտոնից։ Պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
comment.count (0)