Ինչ ընթացակարգով է նորընտիր ավագանին ընտրելու Երեւանի քաղաքապետին
13:23 - 18 սեպտեմբերի, 2023

Ինչ ընթացակարգով է նորընտիր ավագանին ընտրելու Երեւանի քաղաքապետին

Երեւան քաղաքի ավագանու հերթական ընտրություններից հետո,  երբ հայտնի են ընտրված 5 քաղաքական ուժերն ու նրանց մանդատների նախնական բաշխվածությունը, հարց է ծագում, թե ինչ ընթացակարգով է կազմակերպվելու քաղաքապետի ընտրությունը։

Վերջինս սահմանված է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք)։

Նորընտիր ավագանու առաջին նիստը

Ըստ այդմ, քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Քանի որ նախորդ ավագանին լիազորությունները ստանձնել է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին, ենթադրվում է, որ նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի նույն օրը՝ այս տարվա հոկտեմբերի 10-ին։ 

Մինչեւ քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը: Առաջին նիստն անընդհատ է՝ բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

Ավագանին ընտրում է համայնքի ղեկավարին

Ըստ Օրենքի՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Տվյալ դեպքում, ըստ ընտրության նախնական արդյունքների, առաջադրված կուսակցություններից ոչ մեկը 50 տոկոսից ավելին չի ստացել, հետեւաբար օրենքի ուժով ընտրված քաղաքապետ առկա չէ։

Այս դեպքում, ըստ Օրենքի, համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Սա, ըստ երեւույթին, այն ճանապարհն է, որով գնալու է Երեւանի նորընտիր ավագանին։

Օրենքը սահմանում է հնարավոր երկու տարբերակ․ երբ առաջադրվել է մեկ թեկնածու, եւ երբ առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: Նշենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Դրանից բացի, քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Այսպիսով, եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Երեւանի ավագանին ունի 65 անդամ, այսինքն՝ անհրաժեշտ է, որ այդ մեկ թեկնածուն ստանա նվազագույնը 27 կողմ ձայն եւ միաժամանակ դեմ ձայների թիվը չգերազանցի ստացած կողմ ձայների քանակը։

Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ նվազագույնը 33 ձայն:

Չընտրվելու դեպքում՝ երկրորդ, ապա՝ լրացուցիչ փուլ

Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: 

Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: 

Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, պայմանական ասած՝ երրորդ փուլ, որի ժամանակ քվեաթերթիկում ընդգրկվում են միայն հավասար ձայներ ստացած անձանց: Եթե լրացուցիչ քվեարկության արդյունքում դարձյալ ձայները հավասար են լինում, առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Հավելենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ եթե վերը նկարագրված ընթացակարգով առաջին նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրվում է մեկ թեկնածու, որը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը՝ նույն  որոշման հետ միաժամանակ նշանակելով ավագանու արտահերթ ընտրություններ: 

Հիշեցնենք, որ երեկ՝ 2023թ․ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի ունեցան ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրությանը մասնակցեց 234 հազար 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 28․46%-ը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել