«Հանրային ձայնը» «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։ Այս մասին հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ Անդրանիկ Թևանյանի հետ կապված խնդիր չի տեսնում, քանի որ վերջինս պատրաստ է համագործակցության։
Ղուկասյանը նշեց՝ իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, և այն էլ դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել, կարող է մնալ»։
«Միմիայն փաստաթուղթ․ նստում ենք և ստորագրում ենք․ դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը՝ կրկին առաջարկելով նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր՝ «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշել էր, որ կողմ է երկուսից մեկի քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմելու և օգնելու, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի այն դեպքում, երբ հասկանան, որ Մարությանը կիսում է իրենց՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը։
Հայկ Մարությանը իր հերթին անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը, ըստ որի ինքը պետք է առաջադրվեր քաղաքապետի թեկնածու, իսկ ընդդիմադիր երեք կուսակցությունները առանց որևէ նախապայմանի պետք է ընտրեն իրեն։ Եթե այս տարբերակին համաձայնություն չեն տալիս ընդդիմադիր ուժերը, ապա, Մարությանի առաջարկած մյուս տարբերակն այն է, որ գնան քաղաքային նոր ընտրության։
comment.count (0)