«Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի․ դա կանենք այն դեպքում, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը»,- այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կոալիցիա կազմելու հնարավորությանը։ Թևանյանի խոսքով Հայկ Մարությանի մասով, հաշվի առնելով այն տոկոսները, որ ինքը հավաքել է ոչ իշխանական դաշտից, ապա իրենք նշված սկզբունքով են առաջնորդվում։
«Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումը ամբողջական իշխանափոխության հարցում։ Ես հայտարարել եմ, որ հրաժարվում եմ պատգամավորի մանդատից ու չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ, քանի որ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որպեսզի ապահովենք ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը։
Ի սկզբանե հայտարարում եմ, որ որևէ պաշտոնի չենք հավակնում, այսինքն՝ եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել»,- նշեց Թևանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ավելի ուշ հայտարարել է, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։
comment.count (0)