armeniasputnik.am: Արցախահայությանը պաշտպանելու միայն մեկ տարբերակ կա` փոխել Հայաստանում իշխանությունն ու զենքը ձեռքին պաշտպանել Արցախը և Հայաստանը։ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա վստահ է, որ եթե այսօր ոտքի չկանգնենք ու չպաշտպանենք մեր երկիրը, ապա վաղը մեզնից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցու վիճակում։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ–ի ԳԱ–ում Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մասնավորաբար, Էրդողանն ասել է` հուսով է, որ Հայաստանն իր խոստումը կկատարի և կբացի «Զանգեզուրի միջանցքը»։ Չալաբյանը շեշտում է` Էրդողանին ոչ թե Արցախը, այլ Հայաստանն է պետք, ուստի առաջարկում է այսօր տուն չգնալ ու վաղը պարալիզացնել քաղաքը։
«Պատրաստ եղեք երկար կռվի։ Հոգնել չկա, պարտվել չկա, հիասթափվել չկա։ Շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,– հայտարարեց Չալաբյանը։
Նա վստահ է՝ ինչքան շուտ կարողանանք փոխել իշխանությունը, այնքան արագ կկարողանանք անցնել երկրի պաշտպանությանը։
Չալաբյանը շեշտեց՝ Արցախին այսօր պաշտպանություն է պետք։ Ակնհայտ է, որ եթե ՀՀ–ն Արցախը չպաշտպանի, ուրիշ ոչ մի պետություն դա չի անի, և 120 հազար հայությունը կենթարկվի ցեղասպանության։
comment.count (0)