Ստեղծվել է «Հայաստանի սուվերենության շարժում»-ը, Գարեգին Նժդեհի արձանի մոտ հավաքները շարունակական են լինելու
18:15 - 21 սեպտեմբերի, 2023

Ստեղծվել է «Հայաստանի սուվերենության շարժում»-ը, Գարեգին Նժդեհի արձանի մոտ հավաքները շարունակական են լինելու

Երեկ «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն ակցիա էր կազմակերպել։ ՀԿ-ն այսօր հայտարարեց, որ երեկվա հանդիպման արդյունքում ստեղծվել է «Հայաստանի սուվերենության շարժում»-ը, որին միացել են նաև մի շարք անհատներ։  «Հայաստանի սուվերենության շարժման» նպատակը «հայության անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունն ապահովելուն ընդունակ Հայկական պետականության կառուցումն է»։

Շարժումն այսօր հավաք է իրականացնում Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ «Ազատազէն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանն ակցիայի մասնակիցներին ասաց՝ ինչ սկզբունքով կառուցել են «Ազատազէն» հրաձգարանը, նույն սկզբունքով էլ կոչ են անում միանալ իրենց ու կառուցել մեր երկիրը։

Մեզ հետ զրույցում Իշխան Գևորգյանը նշեց՝ ասվածին ավելացնելու շատ բան չունի, գնում են իրավիճակի վերաբերյալ պլաններ են մշակելու։

Ակցիայի մասնակցիներից Մասիս Շիրոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այս պահին մեզ պարտադրվում է խաղաղություն, սակայն «խաղաղություն լինում է, երբ դու լինում ես ուժային գործոն»։ 

«Մենք ի վիճակի ենք դիմադրել ադրբեջանական ագրեսիային ու ոչ միայն դիմադրենք, այլ նաև համարժեք պատասխան տանք։ Այս պահին Արցախում հայ զինվորականները կռիվ են տալիս, փոքրաթիվ ուժերով անհավասար մարտերում դիմադրում են, ադրբեջանական «հզոր» բանակը հաջողություն չի կարողանում գրանցել Արցախյան փոքրաթիվ ուժերի դեմ։ Հետևաբար իշխանության ու նաև ընդդիմության կառուցած՝ վերջին երեք տարիների թեզերը, թե մենք գործ ունենք ահեղ թշնամու հետ, ամբողջ կոտրվում են։ Այս պահին արցախցի զինվորականներն այդ թեզերը կոտրում են։ Մենք պետք է պատրաստվենք, սեփական ուժերի վրա հենվելով, կասեցնելու այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ վերջին երեք տարում»։

Մասիս Շիրոյանի խոսքով գործող իշխանությունը, ինչպես նաև ընդդիմությունն իրենց սպառել են, և ակցիայի հիմնական նպատակն ազատվելն է օրվա կառավարությունից։

«Հայաստանի սուվերենության շարժման» հավաքները Նժդեհի արձանի մոտ շարունակվելու են, հետագա անելիքները քննարկվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել