Ընդդիմության հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի կազմը
19:39 - 21 սեպտեմբերի, 2023

Ընդդիմության հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի կազմը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի կազմը․

«Նախատեսված էր, որ կոմիտեն պետք է լինի մինչեւ 11 հոգի, մենք առայժմ 5 հոգով համալրեցինք Կոմիտեն եւ դիմեցինք շատ արժեքավոր անհատների եւ կառույցների, որպեսզի ներգրավվեն այդ կոմիտե, նենց որ կոմիտեն դեռ նույնիսկ կեսից փոքր է, ես ազգանունները կնեկայացնեմ․ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թեւանյան, Իշխան Սաղաթելյան եւ ես»,- ասաց նա։

Մանուկյանը նաեւ հայտնեց, որ հիմա արագորեն պետք է սկսել անհնազանդության եւ իշխանությանը ծնկի բերող գործողություններ․

«Սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, դրանց պետք է միանան ոչ միայն Երեւանի բնակչությունը, այլ նաեւ շրջաններում դա պետք է կատարվի, շրջաններից էլ պիտի գան Երեւան շարասյունով, որովհետեւ էս կենտրոնում է հարցը լուծվելու։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին ամեն տեղ անհնազանդության ակցիաներ կատարելու, կլինեն գործադուլներ, կլինեն դասադուլներ, կլինեն փողոցներ փակել, բայց խաղաղ ձեւով, այսինքն՝ ոստիկանների հետ կռվել պետք չէ, այդ ընդհարումը մեզ ոչինչ չի տալիս։ Հանրահավաքը վերջացնելուց հետո խմբերով գնացեք, մինչեւ ժ 21։30 փակեք փողոցները։»

Հաջորդիվ առաջարկվեց անհնազանդության ակցիաներ իրականացնել վաղն առավոտյան․ «Վաղը՝ առավոտյան 07։30-ից սկսած, հնարավոր բոլոր խմբերով Երեւանի տարբեր հատվածներով բոլորս մեր մոտակա խաչմերուկները եւ փողոցները փակում ենք, որպեսզի սրանց տեղաշարժը պարալիզացվի, թույլ է տրվում միայն Շտապօգնության մեքենա, հրշեջ եւ խիստ ծանր վիճակում, ենթադրենք, հղի կին են տեղափոխում, միայն այդ մեքենաները»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Դրանից հետո, ըստ հավաքի կազմակերպիչների, պետք է բոյկոտել Կառավարության վաղվա նիստը․ «Վաղը՝ ժամը 11-ին, այս շենքում տեղի է ունենալու Կառավարության նիստ, որը մեզ համար Կառավարություն չէ, այն Կառավարությունը, որը դրդեց, նպաստեց Արցախի ցեղասպանությանը եւ այժմ սպառնում է ՀՀ-ի սահմաններին, գոյություն չունի, ժամը 10-ին այս շենքը կշրջափակենք, թույլ չենք տա, որ այդ նիստը լինի»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել