ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ պետք է արձանագրել, որ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում։
«Եվ այս առումով կարծում եմ՝ մենք առավել ուշադիր պետք է լինենք և հանրության հետ մեր հաղորդակցությունը ավելի ակտիվ պետք է պահենք, և շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տեղեկություն տալուց առաջ պետք է մի քանի անգամ չափել, ստուգել, հետո հրապարակել։
Նա նշեց, որ երեկ խոսել է քաղաքացիական բնակչության կյանքի սպառնալիքի վերաբերյալ․ «Եվ իմ գնահատականն այն էր երեկ երեկոյան, և այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ, ավելի դրական առումով բարելավվել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա։ Բայց էլի եմ ասում, որ պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել»։
Փաշինյանը ասաց, որ այդ հայտարարությունը չէր անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսներ որոշակի միտումներ, որոնք նման հայտարորություն անելու հնարավորություն տալիս են․ «Բայց էլի եմ ասում՝ իրադրությունը փոփոխական է, չեմ կարող ասել, որ կայուն է։ Եվ առանձին դեպքերում, երբ խոսվում է քաղաքացիական բնակչության մասին, չի վերաբերում նրան, որ որևէ տեղում չի կարող միջադեպ տեղի ունենալ։ Խոսքը ընդհանուր առմամբ իրադրության գնահատականի մասին է»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է շարունակել ակտիվ համագործակցությունը նաև լրատվական դաշտի հետ, որ մարդիկ ճիշտ տեղեկություն ստանան․ «Որովհետև այս էմոցիոնալ վիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ իրադրության վրա և որոշումների կայացման վրա՝ ընդ որում, և դրա համար շատ կարևոր է, որ մենք իրադրությունը գնահատենք ճշտված լուրերի հիման վրա։
Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը իրադրության առաջացման առաջին օրից պատրաստվել է, մենք գիտակցել ենք, մեզ հաշիվ ենք տվել, որ կարող է լինել էդպիսի իրավիճակ։ Երբ որ ասում ենք՝ պատրաստվել ենք, պատրաստվել ենք մեր կարողություններին և տրամաբանությանը համապատասխան և կարող ենք ավելին էլ անել, կարճ ասած, ոչ մի բան չենք խնայի դրա համար»։
Փաշինյանը նշեց, որ երեկ ուղիղ եթերում իր բոլոր ասածները այսօր կարող է վերահաստատել, որովհետև այսօր առավոտյան ունեցած քննարկումները, ստացած տեղեկությունները ցույց են տալիս, որ կարող է լինել դրական դինամիկա։
Նա նշեց, որ ըստ անհրաժեշտության կարող է հանրությանը երեկոյան էլ տեղեկացնել իրադրության փոփոխման կամ չփոխվելու վերաբերյալ։
comment.count (0)