«Դատավորը ընդգծված քաղաքականացված է»․ Քոչարյանի պաշտպանական թիմը հրաժարվել է ձերբակալման դեմ բողոքից
10:27 - 24 սեպտեմբերի, 2023

«Դատավորը ընդգծված քաղաքականացված է»․ Քոչարյանի պաշտպանական թիմը հրաժարվել է ձերբակալման դեմ բողոքից

Լեւոն Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել` նշելով, որ քիչ առաջ դիմում են ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել են Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ իրենց բողոքից.

«Մասիս Մելքոնյանը ընդհամենը 3 ամիս առաջ եղել է «Հանրապետություն» կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս արել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ Լեւոն Քոչարյանը բերման էր ենթարկվել։ Հրապարակված տեսանյութերում երեւում էր, որ ոստիկանության մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ավելի ուշ նա տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ․ նրա մոտ ախտորոշվել էր՝ փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության:

Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը տեղեկացրել էր, որ կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որի  հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հատկանիշներով։

Միաժամանակ ոստիկաններն են հաղորդում ներկայացրել Քոչարյանի դեմ՝ նշելով, որ նա ծեծել է 4 կարմիրբերետավորի։ Քոչարյանը ձերբակալվել էր հենց այդ հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել