Կալանավորվել է Եռաբլուրում պատգամավորների հետ վիճաբանության մասնակից, զոհված զինծառայողի հայր Արմեն Գալստյանը
16:02 - 24 սեպտեմբերի, 2023

Կալանավորվել է Եռաբլուրում պատգամավորների հետ վիճաբանության մասնակից, զոհված զինծառայողի հայր Արմեն Գալստյանը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Այս մասին Infocom–ը տեղեկացավ Գալստյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանից։

Գալստյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցող ակցիաների ժամանակ, ուր զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին՝ թույլ չտալու իշխանության ներկայացուցիչների մուտքը։ Այնուհանդերձ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ժամանել էին պանթեոն, որտեղ նրանց ու ծնողների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները հայհոյել, նաեւ հարվածներ էին հասցրել Աղազարյանին։

Արմեն Գալստյանը այժմ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության համար․ «Միջնորդության քննարկման ընթացքում իմ կողմից տրված հարցերին ի պատասխան քննիչն անգամ ինքը հերքեց մեղադրանքի հիմնավորվածությունը, ընդունեց, որ մեղադրանքը հիմնավոր չէ, եւ պատճառաբանեց, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը կայացվել է դատախազի կողմից, եւ պատասխաններից պարզ դարձավ, որ ինքը համաձայն չէ դատախազի դիրքորոշմանը»,– մեր զրույցում ասաց պաշտպանը՝ հավելելով, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան։

Իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով կատարվածին՝ Վահան Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրել է՝  Արմեն Գալստյանը այն ծնողն է, որը ստիպված է եղել իր որդուն հուղարկավորել 2 անգամ․ «Մեկ անգամ հուղարկավորել է գոտկատեղից ներքեւ, մեկ անգամ՝ գոտկատեղից վերեւ, ընդ որում՝ Լեւոն Գալստյանի գլուխը մինչեւ հիմա չի հայտնաբերվել»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ոչ մի իրավական գործընթաց չի կարող լինել հակաբարոյական, կամ այլ կերպ ասած՝ իրավական գործընթացը պետք է բարոյական լինի․ «Այն, ինչ ես տեսա այսօր, այն, ինչ մենք տեսնում ենք այս օրերի ընթացքում եւ վերջին տարիներին, ամբողջությամբ հակաբարոյական է, իսկ այն, ինչ հակաբարոյական է, իրավական լինել չի կարող»։

Նշենք, որ Լեւոն Գալստյանը եղել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նորակոչիկ զինծառայողներից, որոնց 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի։ Դրա վերաբերյալ քրեական գործը մեկ տարուց ավելի է՝ քննվում է դատարանում։

Ըստ գործի նյութերի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ 

Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո նորակոչիկների անձնակազմը մի քանի սպաների հետ չկանոնակարգված նահանջ է իրականացրել, ինչի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին մի քանի սպաների հետ հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերի տներում։

Լեւոն Գալստյանը եւս սխալ ուղղությամբ գնացած եւ շրջափակման մեջ զոհված զինծառայողներից է։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել