Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում՝ ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ, հանգրվանած քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի՝ հատկացվել է 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:
Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը: Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք:
Այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրում ենք պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:
Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ կոչ ենք անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն:
Տեղեկացնում ենք, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և վերջիններս կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն»,- նշվում է հաղոդրագրության մեջ։
comment.count (0)