Դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը մտել է ուժի մեջ․ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Աննա Վարդապետյանի բողոքը
 |factor.am|
17:44 - 03 հոկտեմբերի, 2023

Դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը մտել է ուժի մեջ․ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Աննա Վարդապետյանի բողոքը |factor.am|

factor.am: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, կազմով դատավորներ Սերժիկ Ավետիսյանի և Սամվել Օհանյանի, մերժել է վարույթ ընդունել Բախշիյանին արդարացնելու դեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը։

Վարդապետյանը պահանջում էր Բախշիյանին արդարացնելու դատական ակտերը բեկանել, նրան մեղավոր ճանաչել ակնհայտ ապօրինի կալանավորելու մեղադրանքում, 4 տարի ժամկետով զրկել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից կամ վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել նաև Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խնդրելով մասնակիորեն բեկանել և փոփոխել իր պաշտպանյալի վերաբերյալ դատավճիռը, նրան ոչ թե հանցակազմի, այլ հանցադեպի բացակայության հիմքով արդարացնել։ Բացի այդ, պաշտպանը վիճարկում էր գործով առանցքային վկաներից մեկի՝ փաստաբան Յուրա Ավայանի ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը։ Այս բողոքը ևս մերժվել է, սակայն Բախշիյանին արդարացնելու դատական ակտի վրա այն ազդեցություն չունի․ Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից դատավորը համարվում է արդարացված։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։

Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին, թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել էր, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չէր կարող, իսկ Մկրտչյանն առանց պաշտպանի չէր ցանկանում ներկայանալ։ Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, իսկ չներկայանալու դեպքում դատավորը կարող է նրան բերման ենթարկելու կամ խափանման միջոցն ավելի խիստով փոխելու որոշում կայացնել։ Բախշիյանը որոշել էր Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել՝ կալանավորումը։

Մկրտչյանն արգելանքի տակ էր վերցվել։ Երկու շաբաթ անց նշանակված դատական նիստին նա կալանավայրից է ներկայացվել դատարան, որտեղ հայտնել է, որ նախորդ դատական նիստին իր պաշտպանի հորդորով չի ներկայացել։ Այդ օրը դատարանը քննության առարկա է դարձրել Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու հարցը՝ մինչ այդ հարցաքննելով Նվեր Մկրտչյանին։ Մանվել Փարամազյանի կալանավորման հիմքում դրված է եղել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը դեռևս չի հարցաքննվել, առկա է նրա վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկ։

Փարամազյանի պաշտպանները դատարանին միջնորդել են փոխել ապացույցների հաջորդականությունը, և Նվեր Մկրտչյանին հարցաքննել ոչ թե դատաքննության ավարտին, այլ այդ նիստի ընթացքում՝ այդպիսով չեզոքացնելով Փարամազյանի կողմից Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։ Մկրտչյանը ցանկություն է հայտնել ցուցմունք տալ․ դատական քննության ցանկացած փուլում մեղադրյալն իրավունք ունի ցուցմունք տալու։ Մկրտչյանի ցուցմունքից հետո արդեն պաշտպանական կողմը միջնորդել է Փարամազյանին ազատ արձակել, և դատավոր Բախշիյանը որոշել է նրան 70 մլն դրամ գրավով ազատել։ Նախորդ դատական նիստին չներկայանալու վերաբերյալ պարզաբանումը լսելուց հետո դատավոր Բախշիյանը որոշել է կալանքից ազատ արձակել նաև Նվեր Մկրտչյանին, այսինքն՝ Մկրտչյանը կալանքի տակ է մնացել 2 շաբաթ։

Մկրտչյանը կալանավորվելուց հետո բողոքարկել էր կալանքի որոշումը։ Թեև գործով դատախազը ևս դեմ է եղել Մկրտչյանին կալանավորելու որոշմանը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել՝ այն ակնկալիքով, որ օրենքով Նվեր Մկրտչյանի բողոքի քննությանը դատախազը պարտավոր է ներկայանալ, այդ ժամանակ էլ դիրքորոշում կհայտնի։ Դատախազի ակնկալիքը, սակայն, չի արդարացել, քանի որ Նվեր Մկրտչյանն ազատ արձակվելուց հետո հետ է վերցրել բողոքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել