Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել․ դատարանը չի երկարաձգել կալանավորման ժամկետը
15:22 - 12 հոկտեմբերի, 2023

Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել․ դատարանը չի երկարաձգել կալանավորման ժամկետը

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը՝ Վ․ Գալստյանը, օրերս ազատ է արձակվել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց՝ Վ․ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման ժամկետը լրանալու էր հոկտեմբերի 7-ին, մինչ դա՝ սեպտեմբերի 29-ին, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին, սակայն դատարանի որոշմամբ այն մերժվել է։

Կալանավորման ժամկետը լրանալու հիմքով էլ Գալստյանն ազատ է արձակվել։ Քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունիս ամսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ։

Քրեական վարույթի շրջանակում հետապնդում էր հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Արտակ Գալստյանի կնոջ՝ Վ․ Գալստյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման օժանդակության եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով)։

Նույն քրեական վարույթի շրջանակում հետախուզում էր հայտարարված Արտակ Գալստյանի որդու՝ Հ․ Գալստյանի նկատմամբ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ նա հայտնաբերվել է Վրաստանում եւ ձերբակալվել։ Նախաձեռնվել է նրան ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու իրավական գործընթաց։

Ինչ վերաբերում է Արտակ Գալստյանին, վերջինս մեղադրվում էր մեկ այլ՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում։

Աբրահամյանի խոսքով՝ Արտակ Գալստյանը շարունակում է լինել կալանքի տակ։

 

Գլխավոր լուսանկարում՝ Արտակ Գալստյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել