Արցախի գիտական կենտրոնի գիտնականները, որոնք ադրբեջանական հարձակման հետևանքով սեպտեմբերին բռնի տեղահանվել են իրենց տներից և աշխատավայրից, այսուհետ կաշխատեն Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներում։
Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել էր 2007-ին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Կենտրոնն ուներ բնագիտական և հումանիտար բաժիններ։ Բնագիտական բաժինը կազմված էր յոթ լաբորատորիաներից, որոնցում ձևավորվել էին համապատասխան գիտական խմբերը։ Հումանիտար բաժնում էլ ուսումնասիրվում էին արևելագիտություն և պատմություն։
Արցախի գիտական կենտրոնը և՛ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ էր հետազոտություններ իրականացնում, և՛ Հայաստանի գիտական ինստիտուտների հետ համագործակցությամբ մասնակցում էր ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (նախկինում՝ Գիտության կոմիտե) դրամաշնորհային ծրագրերին։
Շրջափակման և բռնի տեղահանման ընթացքի ու հետևանքների մասին «Ինֆոքոմը» զրուցել է Կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ։ Ըստ Սարգսյանի՝ Կենտրոնն ուներ 35 աշխատակիցներ, որոնցից 22-ը հետազոտողներ էին, 13-ը՝ վարչական աշխատողներ։ Հետազոտողների թվում էին նաև Կենտրոնի երկու հայցորդները։ Բացի այդ՝ Արցախի պետական համալսարանի երկու հայցորդներ ևս ներառված էին ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերում և իրենց աշխատանքներն իրականացնում էին Կենտրոնում։
Անյուտա Սարգսյանը
Վերջին տասը ամիսների ընթացքում Արցախի շրջափակման պատճառով Կենտրոնի բնականոն գործունեությունը խաթարվել էր․ «Շրջափակումն արգելք էր մեր գիտաշխատողների համար և՛ որակական առումով, և՛ Գիտական կենտրոնի գործունեության, նյութատեխնիկական բազայի համալրման և աշխատանքների կազմակերպման առումով»,- վերհիշում է տնօրեն Անյուտա Սարգսյանը։
Երբ 2022-ի դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, Կենտրոնը ներգրավված էր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային 5 ծրագրում։ Չնայած դժվարություններին՝ 2023-ի ապրիլին այդ ծրագրերն ամփոփվեցին։
2023-ի հուլիսին Կենտրոնը ներգրավվեց Կոմիտեի 4 նոր ծրագրերում, որոնք իրականացնելու ճանապարհին սկսեցին բարդություններ ի հայտ գալ։ Նախ՝ գիտական փորձերի համար անհրաժեշտ նյութերի պաշարներն էին սպառվում, հետո՝ շրջափակման պայմաններում Կենտրոնի պատվիրած գիտական սարքավորումները Արցախ հասցնել հնարավոր չէր։
Հատկապես շրջափակման վերջին ամիսներին տրանսպորտ ու բենզին գտնելը բարդ էր։ Անյուտա Սարգսյանը պատմում է, որ երբեմն մի քանի խմբերի գիտաշխատողներ միավորվում էին, մեքենա գտնում ու միասին գնում դաշտային աշխատանքների և նմուշառության։
Այդ շրջանում իրականացվում էին գիտական այն փորձերը, որոնք Արցախում առկա նյութատեխնիկական միջոցներով հնարավոր էին։ Անյուտա Սարգսյանը նշում է, որ որոշակի փուլից աշխատանքը կիսատ չթողնելու համար Հայաստանի գիտական կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համատեղ ծրագրերի շրջանակում Արցախի գիտական կենտրոնի անունից հետազոտություններում ներգրավվեն Երևանում սովորող արցախցի ուսանողները։ Այդպիսով, երկու արցախցի ուսանողներ սկսեցին մասնակցել «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի աշխատանքներին։
Չնայած այս բոլոր ջանքերին՝ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ որոշ ծրագրեր այդպես էլ հնարավոր չեղավ իրականանցնել։ Միևնույն ժամանակ, հումանիտար ուղղության ծրագրերը հաջողվեց ավարտին հասցնել, քանի որ Հայաստանի գործընկերներն էլեկտրոնային տարբերակով ուղարկում էին հետազոտությունների համար անհրաժեշտ հոդվածներն ու այլ նյութեր։
Անյուտա Սարգսյանը պատմում է, որ շրջափակման ընթացքում Կենտրոնի աշխատակիցները զրկված էին նաև գիտաժողովների, վերապատրաստման ծրագրերի մասնակցելու հնարավորությունից։
Արցախի գիտական կենտրոնում /լուսանկարները՝ Կենտրոնի արխիվից/
Արցախի գիտական կենտրոնն ուներ մոտ 50 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը մնաց Արցախում։ Անյուտա Սարգսյանի խոսքով՝ կարողացան փրկել միայն մի քանի համակարգիչ և մեկ մանրադիտակ։
Այժմ Արցախի գիտական կենտրոնի բոլոր աշխատակիցները Հայաստանում են, մեծ մասը՝ Երևանում։ Անյուտա Սարգսյանը նշում է՝ այս ընթացքում ԳԱԱ գործընկեր ինստիտուտներն իրենց հետ կապի մեջ են եղել և աշխատանք առաջարկել Կենտրոնի աշխատակիցներին։ Այսպիսով, Արցախի գիտական կենտրոնի 22 հետազոտողներից և Արցախի պետական համալսարանի 2 հայցորդներից 16-ը կա՛մ արդեն աշխատանքի է անցել, կա՛մ առաջիկայում կսկսի աշխատել ԳԱԱ ինստիտուտներում։ Անյուտա Սարգսյանի խոսքով մնացած աշխատակիցներն այժմ իրենց ցանկությամբ ներգրավված չեն որևէ ինստիտուտում, քանի որ մանկահասակ երեխաներ ունեն և զբաղված են նրանց կրթության հարցերով։
Անյուտա Սարգսյանն ասում է՝ ԳԱԱ ինստիտուտները մեծ պատրաստակամությամբ իրենց դիմավորեցին ու հոգացին աշխատանքի տեղավորման հարցերը։ Նա նշում է՝ Կենտրոնի հետազոտողներից մեկը, որն աշխատանքի է տեղավորվել Բյուրականի աստղադիտարանում, տնօրենության նախաձեռնությամբ այժմ բնակվում է Աստղադիտարանի հյուրատանը։ Ինքը՝ Անյուտա Սարգսյանն, աշխատանքի է անցել Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։
Գիտական կենտրոնի վարչական աշխատակիցները, սակայն, դեռևս աշխատանքի չեն տեղավորվել։ Անյուտա Սարգսյանն ասում է՝ նրանց հետ կապ է պահպանում և փորձում օգտակար լինել նոր աշխատանք գտնելու հարցում։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհներով իրականացվող ծրագրերը, որոնցում ներգրավված են Արցախի գիտական կենտրոնի աշխատակիցները, այժմ շարունակվում են և ավարտին կհասցվեն Հայաստանում։ Այնինչ, Արցախի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ճակատագիրն անհայտ է։
Արցախի գիտական կենտրոնն, այպիսով, փաստացի այլևս չի գործում, և Կենտրոնի արդեն նախկին աշխատակիցներն իրենց գիտական գործունեությունը կշարունակեն Հայաստանի գիտական հաստատություններում։
Աննա Սահակյան
comment.count (0)