Մանրադիտակ, ցենտրիֆուգ ու հիշողություններ․ այն ամենն, ինչ մնաց Արցախի գիտական կենտրոնից
18:27 - 20 հոկտեմբերի, 2023

Մանրադիտակ, ցենտրիֆուգ ու հիշողություններ․ այն ամենն, ինչ մնաց Արցախի գիտական կենտրոնից

Արևիկ Իսրայելյանին առաջին անգամ հանդիպում եմ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ)։ Նա դժվարությամբ է բարձրանում Ակադեմիայի շենքի աստիճանները․ ոտքը վնասված է, մի քանի օր առաջ է վիրահատություն տարել։ Վնասվածքն Արցախի՝ տասը ամիս տևած շրջափակման հետևանք է։ Արևիկը հիշում է՝ շրջափակման հատկապես վերջին շրջանում բենզին գտնել հնարավոր չէր, ամեն տեղ քայլելով էր գնում, և չափազանց շատ քայլելու պատճառով ոտքը վնասվեց։ 

«Ես Արցախի գիտական կենտրոնի՝ գիտության գծով փոխտնօրենն եմ, զուգահեռ ղեկավարում եմ Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան»,- ասում է Արևիկը, որն այդպես էլ չի կարողանում անցյալ ժամանակով խոսել իր արդեն նախկին աշխատավայրի` Արցախի գիտական կենտրոնի մասին։


Արևիկ Իսրայելյանը

2007-ին հիմնադրված Արցախի գիտական կենտրոնն ուներ յոթ լաբորատորիա և մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ։ Արևիկի խոսքով վերջին շրջանում ձեռք բերած սարքերն այդպես էլ չհասցրին օգտագործել։

«11 տարուց ավելի ծրագրերի շրջանակներում ահռելի լաբորատորիա ստեղծելուց հետո, որը քո աչքի առաջ մի օրում»․․․- հիշում է նա, ու արցունքները չեն թողնում խոսքն ավարտել։

Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան գործում էր 2011-ից և համատեղ ծրագրեր էր իրականացնում ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ։ 

Արևիկի ղեկավարած լաբորատորիայի հետազոտությունների նպատակն Արցախի մանրէների գենոֆոնդի հետազոտությունն ու պահպանումն էր։ Նա պատմում է, որ 2011-ից սկսած՝ Արցախի տարբեր շրջանների տնային կենդանիներից հավաքագրում էին կաթի նմուշներ ու դրանցից անջատում կաթնաթթվային բակտերիաներ։ 

Լաբորատորիան ուներ ավելի քան 200 տեսակի մանրէների նմուշներ։ Հետազոտողներն առանձնացրել էին ցանկալի հատկություններով մանրէներն ու փորձում էին հասկանալ, թե դրանք ինչ կիրառություն կարող են գտնել բժշկության, անասնաբուժության, ֆունկցիոնալ կերարտադրության մեջ։ 

2021-ին լաբորատորիան բացեց իր արտադրամասն ու սկսեց արտադրել «Նարինե պլյուս» ֆունկցիոնալ մածունը՝ օգտագործելով Արևիկի դիսերտացիայի շրջանակում ուսումնասիրված մանրէն։ 


Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում / լուսանկարը՝ Արցախի գիտական կենտրոնի արխիվից /

«Մեծ դժվարությամբ բլոկադայի պայմաններում տարբեր միջոցներով հայթայթում էինք  «Նարինե պլյուս»-ի բաժակները և կաթի հումքի պակասության պայմաններում մի կերպ փորձում էինք արտադրությունը մինչև վերջին օրերը կազմակերպել»,- հիշում է Արևիկը։

Շրջափակման վերջին շրջանում, սակայն, կաթի արտադրամասերը դադարեցրին գործունեությունը, և «Նարինե պլյուս»-ի արտադրությունն անհնար դարձավ։

Սեպտեմբերի 19-ին սկսվեց ադրբեջանական հարձակումն Արցախի վրա։ Սեպտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 7-ին, Արևիկի 9 հոգանոց ընտանիքը ստիպված եղավ թողնել Ստեփանակերտի տունն ու ճանապարհ ընկավ դեպի Գորիս։ Ստեփանակերտ-Գորիս երկու ժամվա ճանապարհը նրանք անցան 40 ժամում՝ տեղ հասնելով սեպտեմբերի 27-ին՝ երեկոյան ժամը 10-ին։ 

Մեկնելու նախորդ օրն Արևիկն ու ամուսինը վերջին անգամ այցելեցին Արցախի գիտական կենտրոն, որ կարողանան այնտեղից մի քանի անհրաժեշտ իրեր վերցնել։ Շատ բան վերցնելու հնարավորություն չկար․ բեռնատար մեքենա ունեին, որտեղ պիտի տեղավորեին իրենց մեծ ընտանիքի անդամների հագուստը, նաև առանձին հատված պիտի թողնեին երեխաների համար, որտեղ նրանք կարող էին քիչ թե շատ հարմար տեղավորվել։

Երբ մտան լաբորատորիա, Արևիկի ամուսինն առաջինը նկատեց 2020-ի պատերազմից հետո Հայաստանից բերած մանրադիտակը։ Աչքի ընկնող տեղում էր դրված նաև ցենտրիֆուգը։ Նրանք որոշեցին հենց այս սարքերն էլ վերցնել իրենց հետ։ Վերցրին նաև Արևիկի համակարգչի կոշտ սկավառակները, մի քանի փաստաթղթեր, մանրէների նմուշները։ Նմուշներն Արևիկն այդպես էլ չհամարձակվեց բերել․ չգիտեր՝ անցակետում Ադրբեջանի զինվորականներն ինչպես կարձագանքեն։ 

Արցախի գիտական կենտրոնից նա, փաստորեն, կարողացավ փրկել միայն մի մանրադիտակ ու մի ցենտրիֆուգ․ մնացած ամեն բան թողեց Արցախում։ Արևիկին մխիթարում է այն փաստը, որ մանրէների նմուշները մեծամասամբ պահպանված են նաև Հայաստանում՝ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում, քանի որ հետազոտություններն իրականացվում էին այս կենտրոնի հետ համագործակցությամբ։

Դեպի Գորիս ճանապարհը դժոխային էր։ Արևիկի գրկին հինգ ամսական որդին էր, բեռնախցիկում՝ իր ու քրոջ երեխաները։ Սնունդն արդեն պակասություն էր անում, ջուրն այնքան անորակ էր, որ երեխաներին միայն կոմպոտ էին տալիս։

Անցակետի մոտ ադրբեջանցիները կանգնեցրին մեքենան, բացեցին բեռնախցիկը, հաշվեցին աղջիկ ու տղա երեխաների քանակը։ Երբ բեռնատարն անցնում էր սկանավորող սարքի միջով, Արևիկն ամեն վայրկյան մտածում էր, որ ինչ-որ մի բան այն չէ, ու իրենց չեն թողնի անցնել։ 

«Հետո բարկացած ասեցին՝ անցեք։ Անցանք, ասում եմ՝ քո հողի մեջ ինչ նվաստալի ու ինչ ահավոր ապրումներ»,- հիշում է Արևիկն, ու արցունքները նորից չեն թողնում խոսել։ 


Արևիկի հետ երկրորդ անգամ հանդիպում եմ այն տանը, որտեղ ժամանակավորապես ապրում է նրանց ընտանիքը. hարազատներն են նրանց հյուրընկալել։ Ոչ այնքան մեծ բնակարանի անգամ հյուրասենյակում է մահճակալ դրված․․․ Որ բոլորը քնելու տեղ ունենան։ 

Տան մի անկյունում անջատված հեռուստացույց է դրված․ Ստեփանակերտի իրենց տան միակ կահույքը, որ բերել են։ Արևիկը պատմում է, որ նույնիսկ որդու հեծանիվը, որ ծնունդին էր նվեր ստացել, չկարողացան տեղավորել մեքենայում։ 

Նոյեմբերից Արևիկն արդեն կսկսի աշխատել «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում՝ հենց այն լաբորատորիայում, որի հետ համագործակցում էր Արցախից։

Արցախի գիտական կենտրոնն ուներ 22 հետազոտող։ Բոլորն էլ բռնի տեղահանվել են ու տեղափոխվել Հայաստանի տարբեր բնակավայրեր։ ԳԱԱ ինստիտուտներն աշխատանք են առաջարկել կենտրոնի հետազոտողներին, և նրանց մեծ մասը գիտական գործունեությունը կշարունակի Հայաստանում։ 


Երկու պատերազմ «տեսած» մանրադիտակը

Չնայած արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Երևանում են, բայց Արևիկը դեռ ճամպրուկից իրերը չի հանել․ ասում է՝ իրեն այստեղ հյուր է զգում, չի կարողանում հարմարվել։ 

«Վերջին պահին էլ, որ մտածում էինք Արցախից դուրս գալ, անընդհատ տան գործեր էինք անում։ Լվացք էինք անում, թեկուզ էդ շորերը էդպես էլ լվացած թողեցի բալկոնում դրած, չբերեցի»,- արցունքների միջից պատմում է նա։

Արևիկը փորձում է զսպել հուզմունքը․ ասում է՝ երեխաները չպիտի տեսնեն իր տխրությունը։ Իսկ ապագայի մասին խոսել չի ցանկանում․ «Նույնիսկ չգիտեմ՝ իմ պլանները վաղը կկապեմ «Հայկենսատեխնոլոգիայի՞», Հայաստանի՞, արտերկրի՞, թե՞ միգուցե նորից Արցախի հետ»։

 

Հեղինակ՝ Աննա Սահակյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել