armenpress.am: Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման ենթարկված, բնաջնջման սպառնալիքի ներքո ստիպողաբար իրենց հողից տեղահանված հայերի աջակցությանն ուղղված ծրագրերը պետք է լինեն ավելի խորքային։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Մի կողմ պետք է դնել արցախցիներին առաջնահերթ ծախսերի համար գումար տրամադրելու ծրագիրը և պետք է կենտրոնանալ ավելի խորքային և կարևոր հարցերի վրա։ Այո, մինչև արցախցիների մշտական աշխատանքով ապահովելը, մինչև գոնե ժամանակավոր, բայց արժանապատիվ կացարանով ապահովելը, այդ նպաստներն անհրաժեշտություն են, բայց այն չպետք է լինի հիմնական կամ գլխավոր գործը։ Իսկ մինչ արցախցիներին աջակցող հիմնական ծրագրին կամ ծրագրերին անցնելն անհրաժեշտ է Արցախից տառապանքների միջով անցած մարդկանց գոնե չտուգանել մգեցված ապակի ունենալու կամ ավտոմեքենայի ապահովագրության ժամկետը լրացած լինելու համար։ Այս հարցը կարելի է և պետք է լուծել և ոչ թե հիմնավորել, թե ինչու են տուգանում»,- ընդգծեց Նազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց իր մոտեցումը, թե ինչ պետք է անել արցախցիների համար։
«Ոչ թե պետք է քննարկումներ սկսել արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ, այլ անհրաժեշտ է սկսել կոնկրետ ծրագրի մշակումը, որը արմատապես տարբեր պետք է լինի Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագրերից։ Պետք է հստակ, առանց կոռուպցիոն ռիսկերի ճշտել, թե քանի ընտանիք Հայաստանում սեփական բնակարան չունի և սկսել Հայաստանի քաղաքներում և գյուղերում արցախցիների համար մշտական բնակարանով ապահովման ծրագիրը։ Ընդ որում, այդ բնակարանների համար նրանք պետք է վճարեն 0 դրամ։ Մենք արցախցիներին պարտք ենք և այդ պարտքը պետք է փորձենք վերադարձնել։
Արցախից բռնի տեղահանված բժիշկներին, ուսուցիչներին, դասախոսներին, զինվորականներին, ոստիկաններին պետք է ցուցակագրել և նրանց ապահովել աշխատանքով։ Ի՞նչպես, ինչպես ուզում եք, դա Հայաստանի կառավարության պարտքն է։ Ավելին, այս ծրագրի իրականացումից կշահի ոչ միայն արցախցին, այլ նաև Հայաստանը։ Մարդկանց տեղավորե՛ք աշխատանքի և նրանց ապահովե՛ք բնակարանով։ Սա իրականանալի և լուծելի հարց է։ Իսկ միջոցներ հաստատ կգտնվեն»,- ասաց պատգամավորը։
Նազարյանը հիշեցրեց, որ միջին հաշվով յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղին Հայաստանից տրամադրվել է 60 միլիարդ դրամ։
«Հիմա այդ գումարը հատկացրեք արցախցիների համար արժանապատիվ կյանք ստեղծելով, որ նրանք հանկարծ չբռնեն գաղթի ճանապարհը դեպի օտար երկրներ»,- եզրափակեց պատգամավորը։
comment.count (0)