44-օրյա պատերազմից հետո «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահասարակական կազմակերպությունն իրականացնում է ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման աշխատանքներ, որոնց նպատակն է ամրապնդել պաշտպանության երկրորդ գիծը։ Ամրաշինական այդ կառույցների ստեղծման համար կազմակերպությունն իրականացնում է հանրային դրամահավաքներ՝ ինչպես բանկային եւ քարտային փոխանցումների, այնպես էլ SMS հաղորդագրությունների միջոցով, որոնց արժեքը 500 դրամ է։
ԳՄԲԵԹ-ների կառուցման թեման ակտիվ քննարկվում է համացանցում. մարդիկ հետաքրքրվում են՝ արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են Պաշտպանության նախարարության հետ, թե ոչ։ Որոշ քաղաքացիներ անձամբ են ՊՆ-ից հետաքրքրվել ՈՄԱ-ի այս նախաձեռնության մասին, եւ, ստանալով տարակուսելի պատասխան, դիմել են «Ինֆոքոմին»։
Մեր ընթերցողները պատմում են, որ ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների վերաբերյալ տեղեկություն ճշտելիս ՊՆ թեժ գծի աշխատակիցը նրանց խորհուրդ է տվել կազմակերպությանը գումար չփոխանցել, քանի որ «ՈՄԱ-ի դեմ քրեական գործ կա հարուցված»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ն քննչական մարմին չէ եւ քրեական վարույթների մասին տեղեկություններ հաղորդելը նրա լիազորությունը չէ, «Ինֆոքոմը» որոշեց ստուգել այս տեղեկությունների իսկությունը։
Հոկտեմբերի 5-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունը մեր հարցմանը պատասխանել է միայն հոկտեմբերի 23-ին՝ նշելով. «ՈՄԱ կազմակերպության եւ ԳՄԲԵԹ նախագծի առնչությամբ վարույթների վերաբերյալ տեղեկություն առկա չէ՝ համաձայն Դատախազության ստորաբաժանումներից ստացած տվյալների»։
Ճշգրտելով, որ նախաձեռնված քրեական վարույթ չկա, «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգահարեց ՀՀ ՊՆ կայքում տեղադրված քաղաքային հեռախոսահամարով՝ հնչեցնելով այն նույն հարցերը, որոնք մեզ դիմած քաղաքացիներն էին ուղղել ՊՆ-ին։ Զարմանալիորեն մենք նույնպես ստացանք հետեւյալ պատասխանը. «ՊՆ-ն դրա հետ կապ չունի, ավելին՝ խորհուրդ կտանք գումար չփոխանցել, որովհետեւ գործ կա հարուցված, ավելին ասել չենք կարող»։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձեցինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրեցինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։
Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցադրմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»,- գրված է ՊՆ պատասխանում։
ՊՆ-ից ավելացրել են նաև, որ ՈՄԱ կազմակերպության այդ նախաձեռնության և առհասարակ որեւէ դրամահավաք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված չէ. «Պաշտպանական գերատեսչությունը ՈՄԱ հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել եւ կազմակերպությունը ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է, եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի. ՀՀ պետական բյուջեից պաշտանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- նշված է ՊՆ-ի պատասխանում:
Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի։ Այսպիսով, ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։
Մենք խոսեցինք նաև ՈՄԱ կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի հետ, որը ՊՆ թեժ գծի զանգերին պատասխանող աշխատակիցների պնդումները զրպարտություն որակեց՝ նշելով, որ իրենք երբեւէ որեւէ քրեական վարույթի մասին ծանուցում չեն ստացել․ «Մենք 2014թ․-ից բաց ու թափանցիկ աշխատում ենք։ Մինչ օրս մեր վերաբերյալ որեւէ քրեական գործ չի եղել։ Մենք չենք հասկանում՝ ՊՆ թեժ գծի նման աշխատանքը, եթե դա աշխատանք կարելի է համարել, պարզապես զբաղված են կեղծ լուրերի տարածմամբ ու վարկաբեկմամբ՝ առանց փաստի ու հիմքի։ Ինչպես դատախազությունը, այնպես էլ մենք, հերքում ենք, որ մեր վերաբերյալ քրեական գործ կա»,- նշեց Խաչատրյանը։
Չնայած դրան՝ ՈՄԱ հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ այս առնչությամբ իրենք ՊՆ-ից պարզաբանում չեն պահանջել․ «Մենք գործեր ունենք անելու երկրորդ, երրորդ գծերում։ Եվ պետք չէ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ մեր դեմ գործի ջրաղացին ջուր լցնել, ուղղակի պետք է լինել միասնական եւ թիկունք լինել, ինչպես մենք ենք թիկունք, եւ աշխատել ոչ թե մեր դեմ, այլ մեր օգտին»,- ասաց Անգին Խաչատրյանը։
Հարցին, թե ինչ համագործակցություն կա ՈՄԱ-ի եւ ՊՆ-ի միջեւ, Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք ամրաշինական կառույցներ սարքում են պաշտպանական երկրորդ եւ երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաեւ դրամահավաք իրականացնելու համար ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։ Ըստ Խաչատրյանի՝ ՈՄԱ-ն ՊՆ-ի հետ համագործակցում է միայն պատերազմների ժամանակ՝ մասնակցելով զորահավաքին, եւ 25-օրյա հավաքների ժամանակ՝ որպես պահեստազորային։
Լուսանկարը՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից, ԳՄԲԵԹ կրակակետ
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)