Արդեն 3 տարի է, ինչ քննարկվում է Երևանում երթուղային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի ներդրումը։ Այս համակարգի միջոցով ուղևորները պետք է կարողանան անկանխիկ վճարել ուղեվարձը՝ հեռախոսային հավելվածի, բանկային քարտի, Mifare քարտի և QR կոդ պարունակող մեկանգամյա տոմսերի միջոցով։ Ավտոբուսներից որոշներում արդեն նկատելի են նարնջագույն սարքերը՝ էլեկտրոնային վճարման համար, սակայն դրանք դեռևս լայն կիրառություն չեն գտնում ուղևորների շրջանում։
Երևանի երթուղային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի տեղադրումն ու սպասարկումն իրականացնում է «Թել-Սել» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը 2022 թվականի նոյեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողն է եղել։
Ըստ քաղաքապետարանի և «Թել-Սելի» միջև կնքված պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում Երևանում ներդնել տոմսային միասնական համակարգ՝ իր միջոցների հաշվին։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, որի ընթացքում ընկերությունը զբաղվելու է համակարգի ներդրմամբ և սպասարկմամբ։ Պայմանագրի ավարտից հետո շահագործվող տեխնիկան և բոլոր լիազորություններն անցնելու են քաղաքապետարանի ենթակայությանը։
Այս տարվա մայիսին Երևանի N1 ավտոբուսային երթուղում փորձնական գործարկվել է տոմսային միասնական համակարգը։ Այդ փուլում տրանսպորտային միջոցում տեղադրված վալիդատորը կիրառելու երկու եղանակ կար․ «Թել-Սել» տերմինալից կամ հավելվածից ձեռք բերված մեկանգամյա QR կոդ պարունակող տոմսերի միջոցով։
«Ինֆոքոմը» դիտարկել է ներդրված համակարգի կիրառելիությունը
Պիլոտային ծրագրի գործարկումից մոտ ութ ամիս անց, երբ մի քանի երթուղում էլեկտրոնային վճարման սարքերն արդեն տեղադրվել են, «Ինֆոքոմ»-ը դիտարկում է իրականացրել՝ պարզելու, թե որքանով է համակարգը կիրառելի ուղևորների շրջանում։
Դիտարկել ենք N1 և N5 երթուղիների էլեկտրոնային տոմսային համակարգը՝ երթևեկելով առաջինից վերջին կանգառ, ապա` հակառակ ուղղությամբ։
Սկզբնակետից դեպի վերջնակետ ավտոբուսային մեկ երթուղին, որը տևում է մեկուկես ժամ, ունի մոտ 40 կանգառ և տեղափոխում է միջինում 100 ուղևորի։ N1 երթուղում իրականացրած դիտարկման ընթացքում 232-ից միայն երկու ուղևոր է օգտվել էլեկտրոնային վալիդատորից։ N5 երթուղու 162 ուղևորից մեկն է վճարել վալիդատորի միջոցով։ Ընդ որում, վալիդատորից օգտված երեք ուղևորներն էլ վճարումը կատարել են «Թել-Սել» հավելվածից ձեռք բերված QR կոդի միջոցով։
Ուղևորների կեսից ավելին ուղեվարձը վարորդին է փոխանցում
Բացի էլեկտրոնային վալիդատորներից՝ ավտոբուսներում տեղադրված են նաև մանրադրամ ընդունող սարքեր, որոնք պետք է սահմանափակեին վարորդի՝ ուղեվարձի հետ առնչությունը։
Մեր դիտարկման ընթացքում, սակայն, պարզեցինք, որ ավտոբուս բարձրացող ուղևորների մոտ 55%-ը ուղեվարձը տալիս է վարորդին՝ 100 դրամանոց չունենալու պատճառով։ Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման վերաբերյալ պայմանագրի՝ տոմսերի վաճառքի գումարը ուղևորներից չպետք է գանձվի անմիջապես վարորդների կողմից՝ շրջանցելով տրանսպորտային օպերատորի կողմից առաջարկվող կամ նրա հետ համաձայնեցված վճարամիջոցները։
«Ինֆոքոմն» այս մասին հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որին ի պատասխան պարզաբանել են, որ եթե ուղևորը չունի 100 դրամանոց մետաղադրամ, վարորդը, վերցնելով 50 կամ այլ արժողությամբ մանրադրամները, ուղևորին պետք է փոխանցի 100 դրամանոց, որն ուղևորն իր հերթին պետք է գցի սարքի մեջ։ Մեր դիտարկման ընթացքում որևէ նման դեպք չենք արձանագրել։
Թե քանի հոգի է ենթարկվել վարչական պատասխանատվության կամ հեռացվել աշխատանքից, քաղաքապետարանից չեն մանրամասնել։ Միայն վստահեցրին, որ խնդիրը կլուծվի տոմսային միասնական համակարգի ներդրման ավարտից հետո, երբ վարորդները դուրս կգան ուղեվարձի գանձման շղթայից։
Վճարման 4 եղանակից միայն երկուսն են գործում
Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի՝ ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսվել․ բանկոմատներից գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմս, «Թել-Սել» հավելվածով գնված մեկանգամյա QR պարունակող տոմս, բանկային քարտ և Mifare քարտ։ Մինչ այժմ, սակայն, գործարկվել են միայն 2-ը՝ «Թել-Սել» տերմինալներից և հավելվածից գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմսերը։
Իսկ երբ կգործարկվեն վճարման մյուս եղանակները, թե քաղաքապետարանը, թե «Թել-Սել» ընկերությունը դժվարացան հստակ ժամկետներ նշել։
Ըստ քաղաքապետարանի՝ տոմսային միասնական համակարգից պիլոտային ծրագրի մեկնարկից մինչ այս պահը (8 ամիս) օգտվել են ավելի քան 17 հազար անգամ։ Օգտվողների 85%-ը, ըստ քաղաքապետարանի, վճարումը կատարել է հավելվածի միջոցով։
Միևնույն ժամանակ, ըստ «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի, պիլոտային ծրագրով N1 երթուղայինում ներդրված վալիդատորներն էական արդյուքներ չեն գրանցել։ «Երբ համակարգը ներդրված է միայն մեկ երթուղում, որից օգտվում են հատուկ մարդիկ, այն չի կարող լայն տարածում գտնել։ Կարծում եմ, որ տոմսային միասնական համակարգը լայն տարածում կգտնի, երբ այն ներդնենք մետրոյում»- նշում է Լիանա Հունանյանը։
Միասնական տոմսային համակարգն ամբողջովին կներդրվի մինչև նոյեմբերի վերջ
Քաղաքապետարանի և «Թել-Սել» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ պիլոտային ծրագրի ավարտից հետո՝ 9 ամսվա ընթացքում, պետք է ներդրվի տոմսային միասնական ամբողջական համակարգը։
Երևանի երթուղիների 60%-ը, ըստ քաղաքապետարանի, ամբողջապես համալրվել են վալիդատորներով, և գործընթացը տեղի է ունենում ըստ պլանավորված ժամկետների։ «Թել-Սել»-ից էլ ասացին, որ իրենց աշխատանքի տեմպը հաշվի առնելով, ժամկետից շուտ կավարտեն աշխատանքները։
Մետրոյում լինելու է 20 «Թել-Սել» տերմինալ, որոնք դառնալու են համայնքի սեփականությունը
Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման պայմանագրի՝ մետրոյի յուրաքանչյուր կայարանում տեղադրվելու է «Թել-Սել» ընկերությանը պատկանող 2 տերմինալ, որոնցից հնարավոր է լինելու հանրային տրանսպորտի տոմսեր գնել։
Քաղաքապետարանից հայտնեցին, որ ծրագրի ավարտից հետո՝ 5 տարուց, այդ տերմինալները դառնալու են համայնքային սեփականություն։ Բացի մետրոյի կայարաններից՝ «Թել-Սել» ընկերությունը հնարավորություն է ունենալու 500 տերմինալ էլ տեղադրել կանգառների մոտ, որոնք նույնիսկ պայմանագրի ավարտից հետո շարունակելու են մնալ «Թել-Սել»-ի սեփականությունը։
Ընկերության տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը նշում է, որ պլանավորված 500 տերմինալներից 250-ն արդեն տեղադրված են կանգառներից մինչև 50 մետր հեռավորության վրա։
«Թել-Սել» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրքում է հայտնվում
Հաշվի առնելով, որ «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցող և վճարային տերմինալներ տեղադրող և սպասարկող միակ ընկերությունը չէ, հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք մյուս ընկերություններին նույնպես հնարավորություն է տրվելու զբաղվել հանրային տրանսպորտի տոմսերի վաճառքով։ «Թել-Սել»-ի տնօրենի տեղակալը պատասխանեց, որ իրենք ներդրումային ծրագիր են իրականացնում՝ ֆինանսավորելով տոմսային միասնական համակարգի ներդրումը։ Հետևապես նման ներդրում անելու պայմանն էլ եղել է սպասարկումն իրականացնելու մենաշնորհը։
Ավելացնենք, որ «Թել-Սել» ընկերությունը տիրապետելու է նաև վալիդատորների միջոցով հավաքվող տվյալներին։ Այդ տվյալներն, ըստ տեխնիկական առաջադրանքի, պետք է մշակվեն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին համապատասխան։
Անդրադառնալով «Թել-Սել»-ի մենաշնորհային դիրքին՝ Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է հետևյալ կերպ.
Տոմսերի տարիֆային փաթեթներ
Միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ ներդրվելու են նաև տարբեր տարիֆային փաթեթներ։ «Թել-Սել» ընկերությունից հայտնեցին, որ իրենք սպասում են, որ քաղաքապետարանը մշակի և ներկայացնի, թե ինչ տարիֆային փաթեթներ է ցանկանում ներդնել։
«Ինֆոքոմի» հարցմանը Երևանի կառավարման տեխնոլոգիական կետրոն ՓԲԸ-ից պատասխանել են, որ տոմսային համակարգի տարիֆային փաթեթների մշակումն ընթացքի մեջ է, սակայն ներդրումը փոխկապակցված է իրավական ակտերի և համապատասխան օրենսդրության ընդունման հետ, և այս պահին հստակ ժամկետներ նշել չեն կարող։
Ուղևորների իրազեկման արշավներ այս փուլում չեն իրականացվում
Քաղաքապետարանի և «Թել-Սել» ընկերության փոխհամաձայնությամբ՝ այս պահին տոմսային միասնական համակարգի գործարկման վերաբերյալ տեղեկատվական արշավներ չեն իրականացվում, քանի որ դրանք նպատակահարմար չեն համարում։
«Թել-Սել» ընկերությունից հայտնեցին, որ արշավները կիրականացվեն համակարգի ամբողջական ներդնումից հետո։ «Այժմ քննարկման փուլում է գտնվում իրազեկման տեսակների հստակեցումը։ Պլանավորում ենք, որ կլինեն տեսահոլովակներ և ուսուցողական արշավներ։ Հնարավոր է լինեն մարդիկ, որոնք կանգառներում կամ երթուղիներում կօգնեն ուղևորներին օգտվել վալիդատորներից, գրանցվել համակարգում և այլն»,- մանրամասնում է Լիանա Հունանյանը։
Ջուլիետտա Հովհաննիսյան
comment.count (1)
dvsgrdvgrwhfbh