azatutyun.am: Մինչև Երևանից կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով, Բաքվից էլ հորդորել են առաքելություն ուղարկել Հայաստան։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Փարիզում հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա կոչ է արել առաքելություն ուղարկել Հայաստան՝ փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը։
Փոխնախարարը նաև անհիմն է որակել Հայաստանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ գտնվելու մասին։
«Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում», - ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։
Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է, նշել էր նախարարը։
comment.count (0)