Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում
 |azatutyun.am|
16:35 - 14 նոյեմբերի, 2023

Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում |azatutyun.am|

azatutyun.am: Պարտադիր զինվորական զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած շուրջ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Տվյալներն այսօր հրապարակեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ անձինք ենթադրաբար Հայաստանից հեռացել են մինչև 18 տարի լրանալը և Հայաստան վերադառնալու դեպքում նրանց ազատազրկում է սպառնում։

«Մեր գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը: Այսինքն, գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով», - ներկայացրեց Սարգսյանը:

Մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն, սակայն, ՔՊ-ական պատգամավորը առաջարկում է հազարավոր տղամարդկանց հայրենիք վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ։

Արդեն շրջանառության մեջ դրված օրինագծով զինապարտության տարիքը լրացած անձանց 5 առաջարկ է արվում. Զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են պարզապես վերադառնալ և 2 տարի ծառայել հայկական բանակում։ Մեկ տարի ծառայելու դեպքում պետք է պետական բյուջե վճարեն ավելի քան 2 միլիոն դրամ, վեցամսյա ծառայության դեպքում՝ հինգ միլիոն դրամ, և ընդամենը 1 ամսվա համար՝ 10 միլիոն։ Եթե հետախուզվող անձինք ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, ապա պարզապես կարող են պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, շուրջ 40 հազար դոլար և ազատվել քրեական հետապնդումից։

«Նախագիծը հնարավորություն է տալիս նրանց ծառայելու, եթե չունեն գումար վճարելու ու չծառայելու, նրանք ուղղակի կարող են գալ ու ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները, ովքեր գնում են ծառայության 18-27 տարեկան հասակում», - նշեց Հայկ Սարգսյանը:

Իշխանական պատգամավորի խոսքով՝ զորակոչիկների թվի վերաբերյալ առկա վիճակագրությունը արդեն իսկ խիստ մտահոգիչ է։ Վերջին 15 տարիների ընթացքում բանակում ծառայողների թիվը տարեց տարի նվազում է։ Եվ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ։ Ծնողները հաճախ իրենց երեխաներին պարզապես մանուկ հասակում տեղափոխում են արտերկիր, մինչև հաշվառվելը ստանում են այլ երկրի քաղաքացիություն և ազատում նրանց ծառայությունից։

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ միայն 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է. - «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն, 44 հազարից դարձել է 24 հազար»:

Սարգսյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե իր առաջարկած օրինագիծը կարող է էլ ավելի նպաստել, որ քաղաքացիները խուսափեն ծառայությունից, ապա գումարով ազատվեն քրեական պատասխանատվությունից, քանի որ օրինագիծը արդեն իսկ զինծառայությունից խուսափած տղամարդկանց մասին է։

Պատգամավորի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը նախնական քննարկումների արդյունքում կողմ է արտահատվել, բայց պաշտոնական կարծիքներն ու առաջարկները դեռ չեն ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել