Երևանում քիմիական թմրանյութերի լաբորատորիա է հայտնաբերվել

19:58 - 21 նոյեմբերի, 2023

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների փողոցի տներից մեկում քիմիական թմրանյութերի լաբորատորիա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանները դեպքի առնչությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, ապա խուզարկություն կատարել այդ տանը։

«Հայտնաբերվել է պլաստիկ երկու տարա, մեկում՝ 2, մյուսում՝ 6 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, մեկ զիպ փաթեթ՝ 12,5 գրամ նույն զանգվածով, կշեռք՝ բյուրեղանման ու բուսական զանգվածների հետքերով, 264 գրամ կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով երեք փաթեթ, կանեփի նմանվող 218 բույս, նույն բույսի տերևներով 1 պարկ: Հայտնաբերվել են նաև ուլտրամանուշակագույն լույս արձակող, օդը խոնավացնող ու չորացնող սարքեր, պարարտանյութեր, մարիխուանայի նմանվող չորացրած զանգվածներ, ընդհանուր մոտ 6 կգ 600 գրամ քաշով»,- ասված է հաղորդագրությունում։

Խուզարկվող տարածքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տան բոլոր սենյակներն օգտագործվել են վերը թվարկածը աճեցնելու և մշակելու նպատակով:

Պարզվել է, որ տունը վարձակալել է 37-ամյա մի տղամարդ, իսկ կանեփն աճեցրել, թմրանյութ պատրաստել ու իրացրել է 36-ամյա օտարերկրացու հետ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել