«Ակցիաների ընթացքում Ոստիկանության պահվածքը՝ ոչ իրավաչափ, և կիրառվող միջոցները խիստ անհամաչափ են»․ Սուրեն Սահակյան
22:44 - 26 նոյեմբերի, 2023

«Ակցիաների ընթացքում Ոստիկանության պահվածքը՝ ոչ իրավաչափ, և կիրառվող միջոցները խիստ անհամաչափ են»․ Սուրեն Սահակյան

«Զանգ» շարժման համակարգող խորհրդի անդամ Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ակցիաների ընթացքում Ոստիկանության գործողություններին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից «Զանգ» շարժումը ակցիա է իրականացնում Երևանում՝ նախ հավաքվելով Մաշտոցի պուրակում, այնուհետև իրազեկող քայլերթ իրականացնում՝ բացված վրանը ձեռքներին, «Ես համաձայն չեմ», «Հնազանդ չեմ» վանկարկումներով։ Թե՛ երեկ, թե՛ այսօր Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին այն պահին, երբ նրանք փորձել են տեղադրել վրանը քաղաքի ինչ-որ հատվածում։

Սահակյանը գրում է, որ վերջին երկու օրերին նախաձեռնության իրազեկման ակցիաների ընթացքում ոստիկանության պահվածքը «ոչ իրավաչափ և կիրառվող միջոցները խիստ անհամաչափ են»։

«Ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք հետևում են իմ էջին, հայտնում եմ, որ ակցիայի հետ կապված ծառայություն իրականացնողներից մայորներ Լևոն Ղազարյանը և այսօր Վարդան Սուքիասյանը իրենց դրսևորել են ոչ պատշաճ, ցուցաբերել են օրենքի և իրավունքի, ՀՀ Սահմանադրության վերաբերյալ իրենց արհամարանքը։

Նախաձեռնության շրջանակներում նրանց ծառայության շարունակության դեպքում նախաձեռնության և Ոստիկանության հարաբերությունները թևակոխելու են անհաշտ ու ապակառուցողական դաշտ, ինչպիսին սկսել են ու շարունակում են լինել»,- նշում է նա։

Սահակյանի պնդմամբ այդ պաշտոնյաներին թվացել է, թե իրենք են երթի կազմակերպիչները ու իրենք են որոշում, թե ինչպես իրականանա ակցիան, ինչ երթուղով գնա և այլ կազմակերպչական հարցեր․ «Այնինչ, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ոստիկանների, դատախազների և իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչների հավաքների կազմակերպման ու մասնակցության արգելք կա։ Ոստիկանության մասնակցությունը հավաքներին սահմանափակված է խաղաղ հավաքների անվտանգությունն ապահովելով ու հետևելով, որ այն չդադարի խաղաղ լինել։

Այլ պարտականություն նրանք չունեն, այդպիսիք դրսևորելու դեպքը նշանակում է անցնել լիազորությունները և պետք է ենթակա լինի ծառայողական քննության ու համապատասխան պատժի միջոցի կիրառման»։

Հիշեցնենք, որ «Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը, որը վերանվանվել է «Զանգ», մեկամսյա շտաբային աշխատանքներից հետո նորից դուրս է եկել փողոց նոյեմբերի 25-ից՝ իրենց պնդմամբ «անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը և համոզված լինելով, որ Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել