Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։
Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։
Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։
Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:
ԲԴԽ-ից նաև տեղեկացնում են, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ, իսկ Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց։
comment.count (0)