Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը
09:53 - 05 դեկտեմբերի, 2023

Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Ալավերդու բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ավագանու այս նախաձեռնության դեմ։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։

ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի նիստի օրակարգում։ Համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։

Ավելի վաղ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր․ «Մեզ անդադար հասնում են տեղեկություններ վարչական ռեսուրսի գործադրմամբ վաղը նախատեսած հանրահավաքի մարդաշատություն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, համայնքապետարանի պաշտոնյաներ, բաժնի պետեր զանգահարում են մանկապարտեզների, բուժամբուլատորիաների, երաժշտական դպրոցների, մշակույթի տների տնօրենների և հրահանգում վաղը՝ ժամը 09:30-ին, ներկայանալ համայնքապետարան՝ իբր բյուջեի քննարկման այն պարագայում, երբ ժամը 08:00-ին համայնքապետարանի դիմաց հրավիրել են հանրահավաք։ Հրահանգվել է նաև հանրահավաքին մասնակցել համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի»։

Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։

Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Ավելի ուշ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ:

Ավագանու արտահերթ նիստը այս պահին մեկնարկել է, մասնակցում է 14 անդամ։ Առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Արտահերթ նիստը վարում է հենց Սիմոն Զախարովը, քանի որ համայնքապետի բացակայության պայմաններում նիստը պետք է վարի ավագ անդամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել