2023-ի համար Հայաստանում տնտեսական աճը կլինի 8,3-8,5 տոկոսի միջակայքում։ Այդ մասին հունվարի 8-ին՝ 2023-ի ամփոփիչ ասուլիսին, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Մենք ենթադրում ենք, որ տնտեսական աճը 2023 թվականին 8,3-8,5 տոկոսի միջակայքում կլինի»,- ասաց նա։ Քերոբյանի խոսքով՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պլանավորվում է, որ 2023-ի համար կկազմի 8 280 դոլար: Նա հիշեցրեց, որ 2017-ին Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 196 երկրի մեջ եղել է 122-րդը, 2020-ին՝ 112-րդը և 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 86-րդը: Նախարարը տեղեկացրեց, որ 2023-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 743 հազար, իսկ միջին աշխատավարձը հասել է 260 հազար դրամի։ 2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշներով գործազրկությունը կազմել է 11,7 տոկոս՝ 2020-ի վերջի 18,2 տոկոսի համեմատ։ Քերոբյանը նաև ակնկալում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի դրությամբ աղքատության մակարդակի էական կրճատում կարձանագրվի․ «2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում մեր միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի: Բայց մեր կառավարության առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն չթողեցինք, որ աղքատության մակարդակը աճի, այլ նաև ապահովեցինք մի փոքր կրճատում: Այսինքն՝ աղքատությունը 26.5 տոկոսից կրճատվեց մինչև 24.8 տոկոս: 2023 թվականի համար, սակայն, մենք ունենք կրկին բարձր տնտեսական աճ, սակայն ցածր գնաճ, ինչը մեզ թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023 թվականին դրությամբ»,- ասաց նա:
comment.count (0)