Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան
 |azatutyun.am|
18:38 - 16 հունվարի, 2024

Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։

«Համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը։

Զրույցից մի հատված ստորև.

«Ազատություն». - Փաշինյան-Ալիև վերջին հեռակա բանավեճը կարծես ցույց է տալիս, որ խաղաղության պայմանագիրն իրատեսական չէ, այնինչ հակառակի մասին պնդումներ էինք լսում տարեվեջին։ Այսինքն՝ Բաքուն չի՞ ուզում կնքել այդ փաստաթուղթը։

Լևոն Զուրաբյան. - Խաղաղության մասին պնդումները մենք լսում էինք հիմնականում Նիկոլ Փաշինյանին, որը, իմ խորին համոզմամբ, փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որն ավելի համապատասխանում է իր պրոպագանդիստական նպատակներին, բայց իրականության հետ որևէ կապ չունի։ Մեր իշխանությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում միջազգային քաղաքականության մեջ, նրանք չեն ըմբռնում տեղի ունեցող պրոցեսները, վտանգները։ Ասենք՝ երբ որ Ալիևն ասում է՝ դե լավ, մենք «Զանգեզուրի միջանցքն» էլ չենք դիտարկում, մենք այդ հարցը Իրանի միջոցով կլուծենք, անմիջապես մեր ամբողջ պրոպագանդան սկսում է ներկայացնել դա, որ տեսեք՝ հարցը լուծվեց, պրծավ, էլ խնդիր չկա։

Եթե հիշում եք՝ նաև Արայիկ Հարությունյանը Գրանադայից հետո գրել էր մի գրառում, որ ոչ մի վատ բան չի պատահել, մենք գնացել ենք Գրանադա, ստացել ենք այն ամեն ինչը, ինչ որ պետք է, Ադրբեջանը ոչ մի բան չի ստացել։ Այս մարդիկ ապրում են զուգահեռ աշխարհում, սա լուրջ խնդիր է։ Իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև այն ժամանակ մենք միանգամից ասացինք՝ դա չի նշանակում, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն Ադրբեջանը հանել է օրակարգից։ Այդ պահին իրենց պետք էր մարսել Ղարաբաղի դատարկումը, էթնիկ զտումը, և իրենք պատրաստ էին ինչ-որ կառուցողական հայտարարություններ անել մի քիչ թմրեցնելու, մի քիչ բթացնելու աշխարհի զգոնությունը և բարձրացրած ալիքը դատապարտման։

Իսկ Ալիևը, տեսեք, ինչ է հայտարարում, արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադերբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են։ Այսինքն՝ Ալիևի ասածն ի՞նչ է, համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն։ Իրականությունն այն է, որ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել