Անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք. Փաշինյան
 |1lurer.am|
17:59 - 17 հունվարի, 2024

Անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը նշեց, որ եղել են խաղաղության օրակարգի մասին հայտարարություններ դեռ 2019 թվականից, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե այդ իրավիճակում ի՛նչ լուծում է առաջարկում:

«Նախ ուզում եմ որոշ նրբություններ ավելի հասկանալի դառնան և՛ հանրությանը, և՛ ընդհանրապես: Այն գործողությունները և հայտարարությունները, որոնց մասին խոսում եք, դրանց նպատակը կապված է եղել միայն ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ, որովհետև մենք մի բան չենք նկատել, որ անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է:

Ես էլի եմ ասում. հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել. այսինքն՝ այն, ինչ դուք ասում եք, բոլոր գործողություններն ուղղված են և շարունակում են ուղղված լինել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ այս անվտանգային ընդհանուր մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումը հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, այսինքն՝ լինեն բացառիկ լեգիտիմ»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Բաքվից հնչող հայտարարություններին, ապա վարչապետը նշեց հետևյալը. «Ես հրապարակային արձագանքել եմ, բայց չեմ զլանա նաև ձեր հարցին ի պատասխան կոնկրետ ասել, և, իմիջիայլոց, արդեն պատասխանել եմ, և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ըստ էության, ներառում է ձեր հարցի պատասխանը:

Մեր հարցադրումներին ի պատասխան Ադրբեջանը երկու հակադարձում է անում. առաջին՝ եթե ՀՀ-ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, և երկրորդ հարցադրումն այն է՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կմ է, նկատի է առնվում ՀՀ-ի հարավը, եթե երթուղին այդպիսով անցնի, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ և այդպես շարունակ: Մենք այս երկու հարցերին պատասխանում ենք նույն կերպ: Ինչ պայմաններում ԻԻՀ-ն տալիս  է այդ անցումը, նույն պայմաններով ՀՀ-ն նույնպես պատրաստ է տալ, և եթե ՀՀ-ի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է, եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49 կմ-ի համար, բնականաբար, չեն կարող անընդունելի լինել 47 կմ-ի համար»:

Վարչապետը նաև անդրադարձավ Խաչատրյանի այն դիտարկմանը, թե բանակցային գործընթացում «ԼՂ կարգավիճակը կարող է լինել առանց սահմանափակումների», ասաց, որ «առանց սահմանափակումների» նշանակում է նաև «զրո կարգավիճակ», այդ թվում՝ Ադրբեջանի կազմում: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս «զրո կարգավիճակին»  Ադրբեջանի կազմում հասնելու համար 2018 թվականի օգոստոսի դրությամբ բանակցային գործընթացում ամբողջ բովանդակությունը դասավորված էր նախապատրաստի իրավիճակում, և հրապարակային ասել եմ, էլի ասում եմ և կասեմ և կարող եմ սա ապացուցել: Մեծ հաշվով՝ ապացուցելու բան էլ չկա, որովհետև ինչքան հասկանում եմ, իմ հրապարակային հայտարարություններին որևէ առարկայական հակադարձում չի եղել: Այս թեզը կասկածի տակ չի դրվել, որովհետև կասկածի տակ դնելու բան չկա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել