Ադրբեջանը դատապարտել է Ժոզեպ Բորելի հայտարարությունները
10:29 - 23 հունվարի, 2024

Ադրբեջանը դատապարտել է Ժոզեպ Բորելի հայտարարությունները

Մենք կտրականապես դատապարտում ենք Ժոզեպ Բորելի՝ Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարությունները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Երեկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներով՝ ընդգծելով, որ Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա․ «Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»։

«ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի բացահայտ խեղաթյուրումը անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նատմամբ, և նման սպառնալից հռետորիկան երկակի ստանդարտի ակնհայտ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները։

Բարձր ներկայացուցիչը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի հետ կապված ասածները ամբողջությամբ աղավաղելու մոտեցմամբ հրահրում է ռազմականացում և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի դեմ։

Չնայած նրան, որ միջազգային հանրությունը ջանքեր չի գործադրել համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմին և սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը մշտապես հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Ագրեսիային և անջատողականությանը վերջ դնելու համար Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները հող են պատրաստել հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Բացի այդ՝ Հաջիզադեն նշել է նաև, թե ԵՄ ներկայացուցչի համերաշխության արտահայտությունը Ֆրանսիային՝ երկրից դիվանագետների արտաքսման հետ կապված, բացահայտ միջամտություն է ընթացող հետաքննության գործընթացին և հավասարազոր է Ադրբեջանից վտարված ֆրանսիացի դիվանագետների ապօրինի գործողությունների արդարացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել