azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը։ Նա Telegram-ի իր ալիքում գրել է, որ դրանք «ներգրավված էին ռուսական բանակի մատակարարման գործում»։
«Այսօր հեռահար պատժամիջոցների շնորհիվ հաջողությամբ խոցվել են կարևոր թիրախներ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում՝ լոգիստիկ կենտրոններ, որոնք ներգրավված էին ռուսական բանակին անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներով, նավիգացիոն սարքավորումներով և հանդերձանքով մատակարարելու գործում։ Ինչպես նաև խոցվել է հերթական նավթաբազան», նշել է նա։
Զելենսկին նաև հայտնել է Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում ռուսական «ստվերային նավատորմի» մեկ լցանավի և չորս բեռնանավերի խոցման մասին։
Անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում գտնվող Wildberries-ի երկու պահեստների, ինչպես նաև Արմավիրի նավթաբազայի ուղղությամբ։
Այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի և 15 վիրավորի մասին։