ՀՀ հարատևության, անվտանգության հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը. Նիկոլ Փաշինյան
22:41 - 10 փետրվարի, 2024

ՀՀ հարատևության, անվտանգության հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:

«Ես ուզում եմ ելույթը սկսել կուսակցության ծրագրից մի մեջբերումով. մենք կուսակցության ծրագրում ունենք հետևյալ ենթավերնագիրը՝ «Կուսակցության գործունեության նպատակները», որտեղ արձանագրված է, որպես առաջին նպատակ, ՀՀ-ի հարատևության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, տարածաշրջանային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, սոցիալ-հոգեբանական պայմանների ապահովումը։ Վերջին շրջանում մենք ինչ քննարկում ենք, ըստ էության, նաև՝ հրապարակային, կապված է մեր ծրագրային այս դրույթի հետ։ Ես կուզենամ ընդգծել մեր պետության հարատևության համար անհրաժեշտ իրավական, միջազգային, տարածաշրջանային, սոցիալ-հոգեբանական պայմանները, որովհետև իմ այսօրվա ասելիքը և նախորդ շրջանի ասելիքը, ըստ էության, կախված է և կապված է դրա հետ։ Հետևաբար, խնդիրը հետևյալն է, թե ինչպես, ինչ հայեցակարգի վրա հիմնվելով ենք մենք պատրաստվում ապահովել մեր պետության հարատևությունը»,- մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե նչպե՞ս ենք պատրաստվում մեր գործերը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովենք, որ մեր պետությունը միշտ լինի որպես Հայաստանի Հանրապետություն։

«Սա մեր իրականության մեջ շատ կարևոր հարց է, որովհետեւ պատմականորեն մեր պետականությունը ընդհատվել է, տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է։ Մեր հանրապետությունների գոյությունն էլ է ընդհատվել, մեր առաջին հանրապետությունը գոյություն է ունեցել ընդամենը 2 տարի:

Մեր պատմական փորձի վերլուծությամբ, մենք պետք է հանգենք եզրակացության , թե ինչ գաղափարախոսություն, ինչ հայեցակարգ պիտի դնենք մեր պետության հիմքում, որպեսզի ապահովվի մեր պետության հարատևությունը, նաեւ անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցերի վերաբերյալ եկել է եզրահանգման, որ ՀՀ հարատեւության, անվտանգության եւ ահարբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝  ե΄ւ  ներքին առումով, ե΄ւ արտաքին առումով: 

«Ինչ է նշանակում վարվող քաղաքկանությունների լեգիտիմություն, դա շատ բազմաշերտ հարց է, բայց ես տվյալ դեպքում նկատի եմ ունենում  հետեւյալը, թե որն է ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը: Ես կարծում եմ, որ մենք շատ հստակ եւ աներկբա պետք է հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը եւ մենք մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։ ԱսվածԻ մեջ մեծ հաշվով նորություն չկա։ 1991 թվականից ի վեր գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի մեջ հենց այսպես էլ արձանագրված է։ Այս փաստաթղթերի մասին է խոսքը, որոնց նպատակը եղել է ՀՀ տարածքի արտահայտումը»,- նշել է Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով, սակայն, սոցիալ-հոգեբանական առումով և ընդհանրապես շատ առումներով մեր ընկալումը միշտ չէ կամ ամեն դեպքում չէ, որ այդպիսին է եղել։

«Մենք մեր այսօրվա քաղաքականություններով հանգել ենք այն եզրակացությանը, որ չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունները հենվեն այս լեգիտիմության վրա, և սա մեր արտաքին անվտանգությունն ապահովելու շատ կարևոր գործիք է, որովհետև սա, ըստ էության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, և երբ մեր քաղաքականությունը հենում ենք լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ այս խոսակցություններոը սկսել են դեռ այն ժամանակ, երբ ինքը խոսել է «կադաստրի վկայականի» մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել