Սամվել Շահրամանյանը ընդունել է 24News-ի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը. շտաբ
16:40 - 20 փետրվարի, 2024

Սամվել Շահրամանյանը ընդունել է 24News-ի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը. շտաբ

Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ 

Շտաբից նշում են, որ անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը: 

Հիշեցնենք, որ ըստ 24News լրատվական կայքի հայտարարության՝ կայքի լրագրողն ու օպերատորը այսօր Եռաբլուրում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում են եղել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ Ի սկզբանե, թիկնազորի անդամները նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՛ վայրը, թե՛ այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։ Այսինքն՝ 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանին ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։  24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՛ Շահրամանյանի թիկնապահի, թե՛ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել