Քաղաքացիների մեծամասնությունը կառավարության ամենամեծ ձախողումը համարում է Արցախի կորուստը. IRI հարցում
18:09 - 11 մարտի, 2024

Քաղաքացիների մեծամասնությունը կառավարության ամենամեծ ձախողումը համարում է Արցախի կորուստը. IRI հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Հարցումները անցկացվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1 508 ՀՀ քաղաքացի։

Այն հարցին, թե արդյոք այս պահին Հայաստանը շարժում է ճի՞շտ, թե սխա՞լ  ուղղությամբ, հարցվողների 50%-ը պատասխանել ՝ «ճիշտ», 39%-ը՝ «սխալ», իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել հարցին։ Անդրադառնալով այն հարցին, թե ո՞րոնք են այս պահին Հայաստանում առկա խնդիրներ, հարցվողները ամենաշատը նշել են՝ Հայաստանի ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները։ Երկրորդ՝ ամենահաճախ հնչեցված խնդիրը գործազրկությունն է, իսկ երրորդը՝ քաղաքական անկայունությունը։

Ըստ հարցման` ՀՀ քաղաքացիները քաղաքական կամ հասարակական գործիչներից ամենից շատ վստահում են Նիկոլ Փաշինյանին՝ 17%, երկրորդը Արարատ Միրզոյանն է` 5%-ով, երրորդը՝ Արամ Սարգսյանը՝ 4%-ով, հաջորդում են Ալեն Սիմոնյանը (3%) ու Ռոբերտ Քոչարյանը(2%)։ Հարցման մասնակիցների 60%-ը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։

Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների 17%-ն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 3%-ը «Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը», 3%-ը «Իմ քայլը» դաշինքին։ 3%-ը կքվեարկեր «Հայաստան» դաշինքի օգտին, 2%-ը՝ ՀՀԿ-ի, 2%-ը «Բարգավաճ Հայաստանի», այդքան էլ՝ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցության։

Քաղաքացիների 48%-ը նոր քաղաքական կուսակցությունների անհրաժեշտություն է տեսնում։ 47%-ը կարծում է, որ առկա կուսակցությունները բավարար են։ 

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ ձեռքբերումը՝ անցումն է բազմավեկտոր արտաքին քաղաքականության, իսկ ամենամեծ ձախողումը՝ ԼՂ / Արցախի հանձնումը, կորուստը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել