2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև
 |tert.am|
11:00 - 15 մարտի, 2024

2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև |tert.am|

tert.am: «Արցախի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն»։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հնարավո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, և երեկ մենք այս հարցը լայնորեն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եվ ես մի փոքր բարձրացրի վարագույրը՝ նրանց որոշ մանրամասներ հայտնելով։ Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի», - ասել է Ալիևը։

Նրա պնդմամբ՝ «2019 թվականին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների (Արցախի Հանրապետության իշխանությունները-խմբ.) հետ»։ Ըստ Ալիևի՝ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի սանտիմետր վերադարձնել տարածքներից:

«Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է» (Արցախը Հայաստան է և վե՛րջ-խմբ.), նախ միջազգային իրավունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց հավակնոտ մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել մեր հողերը», - ասել է Ալիևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել