Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին։ Նման որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ լուծելով քրեական գործի առարկայական ընդդատության հետ կապված երկու դատարանների միջեւ վեճը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանը վերջերս որոշել էր Վերանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել Երեւանի քրեական դատարան՝ պատճառաբանությամբ, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրան մեղսագրված հանցանքը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն հանցանք, հետեւաբար այն պետք է քննի ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։
Վերանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ «Պաշտոնեական դիրքի չարաշահում»-ը ինքնին կոռուպցիոն հանցագործություն է, հետեւաբար այդ հոդվածով գործերը քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Սակայն 2024 թ․-ի տարեսկզբին այս կարգավորումը խմբագրվեց, եւ սահմանվեց, որ արարքը համարվում է կոռուպցիոն բնույթի՝ բացառությամբ, երբ այն կատարվել է «ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով»։ Այս բացառության դեպքում այդ հոդվածով գործերը քննում է ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։
Ըստ այդմ, Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, դիրքորոշում էր հայտնել, որ քանի որ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե շահադիտական, այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքի չարաշահման համար, ուրեմն՝ քրեական գործն այլեւս ընդդատյա չէ Հակակոռուպցիոն դատարանին։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, սակայն, դատական նիստում չէր համաձայնել այդ դիրքորոշմանը՝ պնդելով, որ օրենքի տեքստում առկա «եւ» շաղկապը պահանջում է երկու պայմանների համաժամանակյա առկայություն, այսինքն՝ որպեսզի գործը Հակակոռուպցիոն դատարանը չքննի, պետք է ոչ միայն արարքը կատարված չլինի շահադիտական դրդումներով, այլեւ միաժամանակ կատարված լինի բռնությամբ կամ դրա սպառնալիքով կամ հատուկ միջոց օգտագործելով, իսկ Վերանյանի դեպքում բռնության պայմանը բացակայում է։
Այնուհանդերձ, քրեական գործն ուղարկվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին։
Երեւանի քրեական դատարանը չի համաձայնել Հակակոռուպցիոն դատարանի հետ
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, չի համաձայնել Հակակոռուպցիոն դատարանի դիրքորոշմանը։
Մասնավորապես, դատավորը եւս մատնանշել է երկու պայմանների միաժամանակյա առկայության մասին՝ ընդգծելով, որ Անդրանիկ Վերանյանի մեղադրանքում բացակայում է «բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով» որակյալ հատկանիշը, ինչը վկայում է այն մասին, որ նշված հանցանքը համարվում է կոռուպցիոն բնույթի արարք։
Ի թիվս այլնի՝ դատավորը հիշեցրել է, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումից հետո օրենսդիրը անցումային դրույթներով նախատեսել էր, որ ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն այն գործերը, որոնք ոչ թե նախնական դատալսումների, այլ արդեն հիմնական դատալսումների (դատաքննության) փուլում էին, այլեւս չէին ուղարկվելու Հակակոռուպցիոն դատարան։ Նույն տրամաբանությամբ էլ, ըստ Դավիթ Բալայանի, Հակակոռուպցիոն դատարանում դատաքննության փուլում գտնվող գործերը չեն կարող վերաբաշխվել Առաջին ատյանի դատարանին․ «Ի տարբերություն օրենսդրության փոփոխության նախկին դեպքերի, երբ օրենսդիրն անցումային դրույթի ուժով կարգավորել էր գործերի փոխանցումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան, այս դեպքում նման նորմ չի նախատեսել, ինչը հիմք է տալիս գալ հիմնավոր այն եզրահանգման, որ օրենսդրի կամքը եղել է հիշյալ քրեական վարույթների քննությունը գործը ստացած դատարանում մնալը: Հակառակ դեպքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ տարբեր ժամանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում քրեական գործը կհայտնվի անվերջ «շրջապտույտի» մեջ»,- իր որոշման մեջ նշել է դատավորն ու դիմել Վճռաբեկ դատարանին՝ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով։
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ առարկայական ընդդատության հարցը լուծում են Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ գործը շարունակում է ընդդատյա լինել Հակակոռուպցիոն դատարանին
Վճռաբեկ դատարանը, ի դեմս դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի, քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանի եւ հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանի, արձանագրել է, որ կատարված օրենսդրական փոփոխություններով «ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով» պաշտոնեական դիրքի չարաշահումը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցանք, հետեւաբար դրանց վերաբերյալ վարույթներն ընդդատյա են Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին․ «Սակայն կատարված փոփոխությամբ չի սահմանվել՝ այդ փոփոխությունը պե՞տք է տարածվի Հակակոռուպցիոն դատարանում դատաքննության փուլում գտնվող նմանատիպ վարույթների վրա, այսինքն՝ այդ վարույթները ենթակա՞ են վերաբաշխման, թե՞ ոչ»,- ընդգծել է դատարանը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածն է սահմանում, որ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակաում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա)։
Ըստ այդմ, քանի որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանների գործերը Հակակոռուպցիոն դատարանին փոխանցելու դեպքերը կարգավորված են, եւ հաշվի առնելով, որ թե՛ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, թե՛ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չեն արգելում անալոգիայի կիրառումը, ինչպես նաեւ՝ այն, որ տվյալ պարագայում անալոգիայի կիրառումն անձանց իրավունքները, ազատությունները չի սահմանափակում կամ նրանց համար նոր պարտականություն կամ պատասխանատվություն չի նախատեսում՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այն վարույթները, որոնցով Հակակոռուպցիոն դատարանը անցում է կատարել դատաքննության փուլ, ենթակա չեն վերաբաշխման առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին․
Նշենք, որ նախնական դատալսումները գործի քննության սկզբնական փուլն են, որի ընթացքում քննվում են ինքնաբացարկի, բացարկի, մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի, ապացույցների ծավալի, թույլատրելիության եւ նմանատիպ այլ հարցեր։ Հիմնական դատալսումների փուլը կամ որ նույնն է, դատաքննությունը քրեական գործի բովանդակային քննություն է, երբ հետազոտվում են ապացույցները, հարցաքննվում են վկաները, տուժող եւ մեղադրյալ կողմերը եւ այլն։
Ինչ վերաբերում է երկու պայմանների՝ ոչ շահադիտական դրդումների եւ բռնության միաժամանակյա առկայությանը, Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ ուղիղ չի անդրադարձել դրան, սակայն մեկ այլ՝ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ դիրքորոշում է հայտնել, որ բռնության պայմանի բացակայության դեպքում քննարկող հանցանքը շարունակում է համարվել կոռուպցիոն բնույթի, հետեւաբար եւ շարունակում է ընդդատյա լինել Հակակոռուպցիոն դատարանին։
Անդրանիկ Վերանյանի գործով առաջիկա դատական նիստը նշանակվել է ապրիլի 5-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)