Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։
Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։
Նախապատմությունը
Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։
Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։
Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:
Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։
Ակադեմիայի դիրքորոշումը
ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․
ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։
Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։
Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:
Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․
Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։
Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։
Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն
ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․
Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»:
Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։
Աննա Սահակյան
comment.count (0)