Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությանը
15:58 - 08 ապրիլի, 2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությանը

Ակնկալվում է, որ օրենսդրական  փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության արդյունավետ միջոցների իրականացման համար: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում երկրորդ  ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Զարուհի  Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մի շարք առաջարկներ են ստացվել Կառավարությունից եւ պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է: Փոփոխություններ նախաձեռնել են նաեւ հեղինակները: Ի թիվս այլ փոփոխությունների՝ փոխվել է նաեւ նախագծի վերնագիրը՝ ստանալով «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:

Փոխվել է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել