Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի
 |1lurer.am|
12:06 - 18 ապրիլի, 2024

Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի |1lurer.am|

1lurer.am: Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը:  Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 18-ի նիստին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:

«Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող անձինք հիմնականում դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր: Զարգացման ծրագիրը փորձաքննվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում դրական շեմը հաղթահարած, ծրագրեր ներկայացրած հավակնորդներն արդեն գալիս են հարցազրույցի, որն իրականացվում է նախարարությունում լիազոր մարմնի հետ համատեղ»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ միջինում մոտ 15 տոկոսն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85 տոկոսը դրական գնահատական չի ստանում, և այս 15 տոկոսից էլ շուրջ 60 տոկոսն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ինչն ըստ նախարարի նշանակում է՝ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա:

Արձաքանգելով որոշման նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաճախ դպրոցներում խնդիրներ են ծագում, որոնք տեղում պետք է լուծել գրություններ գրելու փոխարեն:

«Դպրոցների կառավարման և՛ տնօրենների, և՛ վարչատնտեսական մասի ղեկավարների կառավարչական հմտություններ, մարտավարական և ռազմավարական պատկերացումներ ունենալը շատ կարևոր բան է»,- ասաց Փաշինյանը:  

Որոշման նախագծով առաջարկվող կարևոր փոփոխություններից է նաև այն, որ կանոնադրության փոփոխություններով ամրագրվում է կրթահամալիրների՝ համայնքային կենտրոններ լինելու գաղափարը:

«Այժմ կանոնադրությամբ հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ՝ հետևելու կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոն գործելու հանգամանքին, մասնավորապես, պետք է հաստատվի մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը: Պետք է ապահովվի, որպեսզի այստեղ մենք իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքին ու բնակիչներին լիարժեք տրամադրելու, ըստ անհրաժեշտության՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»,- ասաց նախարարը:

Առանձին կհաստատվի նաև հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնների կանոնադրությունը:

«Մենք մեր հատուկ դպրոցները, որոնք դեռևս գործում են, նպատակ ունենք վերածել ռեսուրս-կենտրոնների, որով նրանք ոչ թե երեխաների կրթություն կիրականացնեն առավելապես, այլ կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն մեր հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և այդ դպրոցներում իրենց կրթությունը ստացող երեխաների համար, ինչպես նաև կվերապատրաստեն համապատասխան մասնագետներին»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել