18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել
22:58 - 06 մայիսի, 2024

18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։

Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան՝ վերակարգի ավագ։

Իշխանաձոր համայնքի ղեկավարն առաջինն է շտապել խոցված մեքենայի մոտ ու հոսպիտալ տարել վիրավորներին

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցը ծնվել է 1977թ․ փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, այժմ բնակվում է Կոտայքի մարզում։ Ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ամուսնացած է, ունի երեք երեխա։ Թելունցն իր իրավունքներին ծանոթանալուց հետո հայտարարեց, որ դահլիճում ներկա գտնվողներից ճանաչում է մեղադրյալին՝ անցած դատական նիստերից, ծանոթ է զոհվածներից մի քանիսի ծնողների հետ։ 

Վկա Արսեն Թելունցը

Թելունցը սկսեց իր ցուցմունքը՝ վերարտադրելով այն օրվա դեպքերը, երբ անօդաչուն հարվածել է զինծառայողներին տեղափոխող մեքենային։ Նա նշեց, որ պատերազմի ժամանակ եղել է Իշխանաձոր համայնքի ղեկավարը, զբաղվել է քաղպաշտպանությամբ, հիմնականում հոսպիտալի հետ կապված աշխատանքներով, վիրավորներ, դիակներ, մեքենաներ տեղափոխելով։ Նա հստակ չի հիշում օրն ու ժամը, բայց հիշում է, որ դեպքի օրը, երբ լսել են անօդաչու թռչող սարքի ձայնը, միանգամից ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ օդում բան կա, բոլորին ասել են՝ պատսպարվեն։ Սկզբում իրենց թվացել է, թե ԱԹՍ-ն կարող է հոսպիտալին հարվածել։ Նա հիշում է, որ ԱԹՍ-ի ձայնն այնպիսին էր, որ լսելի էր, հետո արդեն նաեւ տեսանելի․ 

«Մեր տունը հոսպիտալից մի քիչ էր հեռու, մենք արդեն մեր հայաթում էինք էդ ժամանակ։ Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը տրաքեց, խփեց, եւ ծուխ դուրս եկավ»,- մանրամասնեց վկան՝ նշելով, որ այդ ժամանակ ինքն անմիջապես գնացել է հարվածի ուղղությամբ․ «Շատ արագ ա տեւել, երեւի երեք-չորս րոպե, հասել եմ տեղ, տեսել եմ էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար։ Անմիջապես մոտիկացա եւ իրեն դրեցի մեքենայի մեջ»։

Հրդեհ էր բռնկվել ու մեքենայի թափքում եղած փամփուշտները պայթում էին

Խոցված «Ուրալի» մոտ Թելունցը լաց լինելիս է տեսել է զոհված տղաներից մեկի ծնողին եւ փորձել նրան հետ քաշել մեքենայի մոտից, որովհետեւ բռնկված հրդեհի պատճառով թափքում եղած փամփուշտները պայթում էին․ «Էդ մարդը չէր ենթարկվում․․․ Հետո [իմ] մեքենան շրջեցի, որ վիրավորին տանեմ հոսպիտալ, մեկ ուրիշ վիրավոր իր ոտքով եկավ նստեց մեքենան, մինչեւ էդ իրեն չէի տեսել»։ 

Վիրավորներին հոսպիտալ տանելուց հետո Թելունցը նորից գնացել է դեպքի վայր, բայց որդեկորույս ծնողին չի կարողացել հանգստացնել։ Հիշում է այդ ժամանակվա խոսակցություններից ու եղածից դրվագներ, ասում է՝ մեքենան բացում էին, տղաները վառվել էին։ Ի սկզբանե գյուղապետը նաեւ հրշեջներին է զանգել, որոշ ժամանակ անց տեղում արդեն տարբեր մարդիկ են հավաքված եղել, այդ թվում զինվորականներ։ Որոշ ժամանակ անց, ավելի կոնկրետ՝ զոհվածների դիակները Գորիս տեղափոխելիս են իմացել, որ 18 զինվոր է զոհվել ԱԹՍ-ի հարվածից։

Պատասխանելով հանրային մեղադրող Հայկ Մարգարյանի հարցին՝ Թելունցն ասաց, որ Ապրիլյան պատերազմի օրերից գիտեին՝ ինչպես է ԱԹՍ-ն աշխատում․ «Գիտեինք, որ խփում ա, պայթում։ Ասում են «Հարոպ» ա կոչվում, բայց հիմնականում ձայնից էինք որոշում, որ էդի ա, էլի»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ իսկ խոսակցականում ինչպե՞ս են անվանում այդ ԱԹՍ-ն, Իշխանաձորի նախկին գյուղապետն ասաց՝ «կամիկաձե ենք ասում»։ 

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ այդ տարածքում (ԱԹՍ-ն մեքենային հարվածել է Իշխանաձորի խաչմերուկի մոտակայքում,-խմբ․) զորամաս, զինամթերքի պահեստ եղե՞լ է, ինչին ի պատասխան՝ Թելունցը հայտնեց, որ Իշխանաձորում զորամաս եղել է, բայց ոչ խաչմերուկի մոտ, իսկ այդ հատվածում եղել է ջրային տնտեսության ավտոպարկը․ «Նավեսի տակ զինամթերք եղել է, սնարյադի յաշիկներ ա եղել»,- նշեց Թելունցը, բայց չկարողացավ հստակ պատասխանել՝ այդ արկղերում զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ։

Թելունցն ասաց, որ հոկտեմբերին, մասնավորապես այդ դեպքի օրվա դրությամբ, Իշխանաձորը թիկունք է եղել, ոչ թե առաջնագիծ, նա մոտավոր նշեց, որ մարտական գործողությունները եղել են 30 կմ կամ ավելի այն կողմ, եւ պատերազմի ընթացքում դա առաջին դեպքն էր, որ Իշխանաձորի երկնքում ԱԹՍ էր երեւացել։ Նրա հիշելով՝ դրանից հետո եւս մեկ դեպք է եղել։

Ձախից՝ ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանը, կողքին՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը


«Գիտեինք, որ եթե ԱԹՍ կա, պատսպարվել է պետք»

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ պատերազմի սկսվելուց ի վեր որպես Իշխանաձորի համայնքի ղեկավար, քաղպաշտպանության պատասխանատու, ինքը որեւէ հրահանգավորում ունեցե՞լ է ԱԹՍ-ներ երեւալու պարագայում։ Թելունցն ասաց, որ կոնկրետ հրահանագավորում չի եղել, բայց իրենք իմացել են, որ եթե ԱԹՍ է երեւում, պետք է պատսպարվել․

- Դա ո՞նց գիտեիք,- հարցրեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։

- Ես Ապրիլյան պատերազմի ժամանակ տեսել եմ դրա պայթյունը Արալեռում, էդ ժամանակ զորակոչիկներ էինք տանում, [․․․], «ՈՒԱԶ» մեքենայով ժողովրդին տարել էի Արալեռ (այնտեղ զորամաս կար,- խմբ․), էդ ժամանակ տեսել եմ պայթյունը, լսել եմ ձայնը․․․ Էդ փորձից ելնելով․․․։ Մեր տան անմիջապես մոտ էդ կորպուսի մոբի պատասխանատուներն են եղել, ամեն մեկը մի տեղից բարձր ձայնով գոռում էր, որ օդում բան կա (2020-ի պատերազմի ժամանակ,-խմբ․), պատսպարվեք։ Երեւի տարբեր տեղերից մի չորս-հինգ տենց ձայն լսել ենք։

- Արդյունավե՞տ է այդ դեպքում պատսպարվելը։ 

- Դե արդյունավետն էն ա, որ մի հոգու վրա չի գցի (ԱԹՍ-ն մեկ հոգու չի հարվածի,-խմբ․), որովհետեւ ժամերով ֆռում ա, երեւի թե ավելի լավ թիրախ ճարելու համար։

- Իսկ պատսպարվելիս երբեւէ լսել ե՞ք, որ ավտոմատներով կրակեն ԱԹՍ-ի ուղղությամբ։

- Կրակել էլ ենք։ Ես կրակել էլ եմ։

- Դա արդյունավե՞տ եղանակ է։

- Դե հիմա, կարող ա, էլի, կպավ՝ կպավ։ Կրակել ենք արդեն իջնելուց։ Հաջորդ օրը կրակել ենք, էդ օրը մի քիչ հեռու էր,- ասաց Թելունցը՝ հիշելով, որ այդ նույն խոցված «ՈՒրալին» ԱԹՍ-ն օրեր անց նորից հարվածել է, երբ այն կայանված է եղել գյուղապարանի մոտի ավտոպարկում․

«Մեքենան բերել, սեւ պալատկով ծածկել էին, էդ նույն մեքենային էլի ա խփել, էդ ժամանակ կրակել ենք մենք [ավտոմատներով]»,- նշեց Իշխանաձորի նախկին գյուղապետը։

Ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը Արսեն Թելունցին հարցրեց, թե ԱԹՍ-ի ձայնը լսելուց որքան հետո է այն հարվածել մեքենային։ Թելունցը մոտավոր հիշելով ասաց՝ ԱԹՍ-ն մի ժամից ավելի օդում պտտվել է, ձայնը՝ հեռացել-մոտեցել։

Վերանյանի պաշտպանը որոշ հակասություններ է տեսնում վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում

Վերանյանի պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել Արսեն Թելունցի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, քանի որ կարծում է՝ այդ եւ այսօր դատարանում հնչեցրած ցուցմունքներում հակասություններ կան, մասնավորապես ԱԹՍ-ի ձայնը լսելու տեւողության եւ հարակից տարածքում զենք-զինամթերքի առկայության հետ կապված։

Դատարանն այս միջնորդությունը բավարարեց մասնակի եւ ընթերցեց միայն նախաքննական ցուցմունքը՝ տրված 2021թ․ մարտի 26-ին։ Նախաքննական ցուցմունքում Արսեն Թելունցը նշել է, որ ԱԹՍ-ի ձայնը լսել է կես ժամից ավելի, այստեղ՝ դատարանում, նա ավելի երկար ժամանակ նշեց։ Թելունցը մեկնաբանեց, որ ԱԹՍ-ի ձայնը լսել է տեւական ժամանակ, բայց կոնկրետ թիվ նշել չի կարող, դրա համար է մոտավոր թվեր ասում, եւ անհամապատասխանությունը դրանով է պայմանավորված։

Ինչ վերաբերում է Վերանյանի պաշտպանի նկատած մյուս հակասությանը՝ Թելունցը նախաքննական ցուցմունքում նշել է, որ տարածքում զենք-զինամթերքով լիքը արկղեր են եղել, իսկ այստեղ՝ դատարանում, ասաց, որ վստահ չէ՝ արկղերում ինչ է եղել։ Այս առնչությամբ Իշխանաձորի նախկին համայնքապետն ասաց․ 

«Ես մինչեւ հիմա էլ գիտեմ, որ զինամթերք ա եղել, բայց կարող ա եւ սխալվեմ, միգուցե չի եղել, բայց զինամթերքի արկղեր եղել են։ Պարոն դատախազը որ ասեց մեջը զենք տեսել եք, թե չէ, ճիշտ ասեց, ես արկղեր եմ տեսել, կարող ա եղել ա, ես հիմա էլ չեմ ասում, որ չի եղել»,- պարզաբանեց Թելունցը։

Վերանյանի պաշտպանը, դիմելով նրան, ասաց․ «Ձեր ցուցմունքը հետագայում շարունակվում ա, ու տրամաբանական շղթան կառուցվում ա՝ «դրա համար էլ իրար զգուշացնում էինք, որ թաքնվենք։ Պարոն Թելունց, եթե Դուք հրթիռ, այլ զինամթերք չեք տեսել, տեսել եք միայն արկղերը, ինչո՞վ ա պայմանավորված նման ձեւակերպմամբ նախադսությունը։ Եթե եղել են ուղղակի արկղեր, արկղն իրենից վտանգ չի ներկայացնում։ Ձեր ցուցմունքի տրամաբանությունից հետեւում ա, որ եղել են հրթիռներով արկղեր, որոնք առավել մեծ վտանգի աղբյուր են»,- նշեց պաշտպանը։

Թելունցը նորից ասաց, որ ինքն իմացել է, որ ծածկի տակ զինամթերք է եղել, բայց թե կոնկրետ արկղի մեջ եղել են, թե ոչ, հիմա էլ չի կարող ասել։

Դատավորը ճշտող հարց տվեց․

- Հիմա ի՞նչ արձանագրել, զենք-զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ։

- Չեմ կարող կոնկրետ ասել՝ զենք եղել ա մեջը, թե ոչ, արկղ եղել ա։

- Ի՞նչն է պատճառը, որ նախաքննության ընթացքում նշել եք՝ եղել է։

- Հենց երեւի էն ժամանակ, որ հարցնեին՝ մեջը զենք եղել է, նույն ձեւ կպատասխանեի՝ զենքի արկղ ա եղել։

Թելունցը նշեց, որ երբ ԱԹՍ-ն նույն մեքենային հարվածել է երկրորդ անգամ, այդ արկղերը եղել են մեքենայից 30-40 մ հեռավորության վրա, բայց որեւէ այլ պայթյուն, հրկիզում տեղի չի ունեցել։

Իշխանաձորում ծառայություն իրականացնող ոստիկանը, իմանալով ԱԹՍ-ի մասին, զգուշացրել է կանգնեցնել «Ուրալն» ու զինվորներին հորդորել պատսպարվել

Հաջորդ վկան Արմեն Ավետիսյանն էր, որը պատերազմի ժամանակ Իշխանաձորում ծառայության է ընդգրկված եղել որպես վերակարգի ավագ։ Ավետիսյանը ծնվել է Չարենցավանում, 1986թ․ հոկտեմբերի 8-ին, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ամուսնացած է։ Այժմ աշխատում է ՆԳՆ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում, ավագ օպեր-լիազոր է։

Ավետիսյանը հայտնեց, որ դատարանում ներկաներից որեւէ մեկին չի ճանաչում։ Նշելով, որ արդեն բավական ժամանակ է անցել, նա խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, սակայն դատավորն առաջարկեց պատմել այն, ինչ հիշում է։

Վկա Արմեն Ավետիսյանը եւ դատավոր Սուրեն Խաչատրյանը

Վկան նշեց, որ ինքը շրջիկ է եղել, մշտապես պտտվել է տարածքներում, աշխարհազորայինների մոտ է եղել։ Նա կոնկրետ օր չմտաբերեց, բայց ասաց, որ իրենց ծառայողները եղել են Իշխանաձորի կենտրոնական ճանապարհի խաչմերուկի վրա, որտեղով գնում են Հադրութ, Ջաբրայիլ (Ջրական)։ Երբ Ավետիսյանը նկատել է, որ երկնքում անօդաչու կա, անձնակազմին զգուշացրել է, որ մեքենաներին, մարդկանց կանգնեցնեն, հորդորեն ուշադիր լինել՝ վտանգ կա․

«Էդ պահին ես գնալիս եմ եղել, էդտեղից մի 200 մ հեռավորության վրա բենզալցակայան կար։ Անվտանգությունից ելնելով իջել եմ մեքենայից, տեսել եմ, որ զինվորական մեծ մեքենա է գալիս, մեջն էլ զինվորներ։ Անմիջապես տեղեկացրել եմ մեր աշխատակիցներին, ասել եմ շուտ տեղեկացրեք, որ վերեւը անօդաչու կա, թող ապահովության համար իջնեն մեքենաներից։ Վերջը, մեր տղաները տեղեկացրել են, զորքն իջել է, ինձ դրա մասին հայտնել են։ Դրանից հետո մոտենում է, եթե ճիշտ եմ հիշում, կամուֆլյաժ «պիկապ» մեքենա»,- ասաց վկան՝ նշելով, որ այդ մեքենան մոտենում է պատսպարվելու հորդորից մոտ տասը րոպե անց։ 

Վկան լսել է, թե հրամանատարը բարկացել ու զինվորներին հրահանգել է հետ նստել մեքենան

Ավետիսյանի պատմելով՝ այդ մեքենայի մոտենալուց հետո զինվորների մեքենան նորից շարժվել է․ «Լսել եմ, որ այդ մեքենան մոտենում է այնտեղ (զինվորների մեքենային,-խմբ․), այնտեղ դուրս է գալիս իրենց կամանդիրը, էդ մեքենայի պատասխանատուին հայհոյելով ասում է՝ ձեզ ով է ասել մեքենայից իջնեք, շուտ նստեք մեքենան, մենք գնում ենք առաջադրանք կատարելու, թե ինչ․․․ Ու շարժվում են, մենք կանգնած նայում ենք էդ ԱԹՍ-ին, որ տեսնենք՝ որ ուղղությամբ է [շարժվում], որովհետեւ մինչեւ էդ էլի են եղել դեպքեր, երբ եկել ա դեպի մեր ուղղությամբ, թաքնվել ենք, ընկել ա ուրիշ ուղղությամբ»,- պատմեց վկան։

Ըստ նրա՝ զինվորների մեքենան այդ ժամանակ սկսել է շարժվել։ Հետո իջնելիս տեսել են ԱԹՍ-ն ու պայթյուն է որոտացել։ Այդ պահին Ավետիսյանը կապ է հաստատել գործընկերների հետ, որոնք էլ հայտնել են, որ զինվորական մեքենան է խոցվել․ «Ասում եմ՝ ո՞նց զինվորական, բա դուք կանգնեցրել էիք։ Բա՝ սենց, սենց, կամանդիրը եկել ա, սենց․․․ Բարձրացել են ինչ-որ առաջադրանք կատարելու։ Իմ հիշելով՝ էսքանը»,- եզրափակեց Ավետիսյանը։ Հետագայում նա երկմտեց՝ իսկապե՞ս պայթյունից հետո է այս վերջին զանգը եղել, թե՞ առաջ, ասաց՝ ամենայն հավանականությամբ՝ պայթյունից առաջ։

Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին՝ նա հայտնեց, որ նշված ժամանակ Իշխանաձորի գյուղապետարանի հարակից տարածքում՝ կենտրոնական ճանապարհի վրա, իր հետ ծառայություն են իրականացրել ոստիկաններ Սենիկ Հովհաննիսյանը եւ Աղաբեկ Խաչատրյանը․

- Երբ նշում եք՝ կապ տվեցի, ասացի, ասացին, այդ անձանց մասի՞ն է խոսքը,- ճշտեց մեղադրողը։

- Այո,- պատասխանեց վկան, բայց չմտաբերեց՝ կոնկրետ ում հետ է խոսել, միայն հիշեց, որ ռադիոկապով է հաղորդել ԱԹՍ-ի առկայության մասին։

Վկան նշեց, որ 20-30 րոպե լսել է ԱԹՍ-ի տատանվող ձայնը, բայց չի ենթադրել՝ ինչ տեսակի է ԱԹՍ-ն։ Նա լսել է, որ ասում են «կամիկաձե», ինքն էլ այդ բառն է կիրառել, բայց չգիտի՝ դա ինչ է նշանակում։ 

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ԱԹՍ-ի հայտնվելու պարագայում կոնկրետ հրահանգավորում ունեցե՞լ է՝ ինչ անել, եւ բացասական պատասխան ստանալու հետո հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է զանգել, զգուշացրել, որ մյուսները պատսպարվեն։ Վկան պատասխանեց․ «Ինքս եմ որոշել»։

- Իսկ արդյունավե՞տ որոշում է դա։

- Ճիշտ այդպես։

- Ինչո՞վ եք հիմնավորում։

- Որովհետեւ էլի դեպքեր են եղել, երբ մարդիկ պատսպարվել են, վտանգից ազատվել,- նշեց վկան։

Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկա Ավետիսյանից ճշտեց՝ ե՞րբ է լսել-նկատել ԱԹՍ-ն։ Վերջինս ասաց, որ պատերազմի օրերին մեքենայի լուսամուտները իջեցրած էին վարում, որպեսզի ԱԹՍ-ի ձայնը լսվի, եւ քանի որ ինքը հանգիստ շարժվելիս է եղել, լսել է թռչող օբյեկտի ձայնը։ Պաշտպանի հարցին պատասխանելիս վկան ասաց, որ Սենիկ Հովհաննիսյանն է իրեն ռադիոկապով տեղեկացրել ԱԹՍ-ի մասին, մինչդեռ ցուցմունքում հակառակն էր նշել․

- Այսինքն՝ ոչ թե Դուք եք զանգել Սենիկին ու Աղաբեկին, այլ հակառա՞կը,- հարցրեց պաշտպանը։

- Սկզբում այո։

- Ե՞րբ նկատեցիք «Ուրալը» գալուց։

- Երբ ես մեքենայից արդեն դուրս եմ եկել, մեքենաս կանգնեցրել եմ, կլիներ ահագին ժամանակ, որ նկատել եմ [ԱԹՍ-ն], մոտ քսան-երեսուն րոպե պտտվելուց ա եղել, ոնց որ ձայնը մոտենար-հեռանար։ Ես իջել եմ, ահագին ժամանակ նայել եմ, տասը-տասնհինգ րոպե, դրանից հետո ես լարված նայում էի երկինք, որ ինչ-որ բան տենայի, չէի տենում, ձենն էի զգում, ու մեքենան էկել ա էդ ընթացքում։

- Ինչո՞ւ Դուք չկանգնեցրիք։

- Ես հեռու էի, ես իմ մեքենան կանգենցրել եմ, գնացել փլատակների մոտ, իսկ մեքենան («Ուրալը»,-խմբ․) ճանապարով, ինձնից հիսուն-վաթսունմետր հեռու է եղել։ 

- Ձեր մոտից վիզուալ դիտարկվո՞ւմ էր խաչմերուկի տարածքը։

- Չէ։

Մյուս վկան եւս համոզված է՝ երբ ԱԹՍ կա երկնքում, պետք է պատսպարվել

Վկա Արմեն Ավետիսյանն էլ նշեց, որ ԱԹՍ-ի առկայության պարագայում պատսպարվելն արդյունավետ միջոց է։ Նա նաեւ ասաց, որ ինքն էլ է տարածքում արկղեր տեսել, բայց չի կարող ասել՝ դրանք զենք-զինամթերքով բեռնված եղել են, թե ոչ։ 

Պաշտպանը միջնորդեց հրապարակել նաեւ Ավետիսյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները՝ նշելով, որ դարձյալ հակասություններ է նկատել՝ նախկինում վկան ասել է, որ մեքենայից դուրս է եկել, լսել է ԱԹՍ-ի ձայնը, հիմա ասում է՝ զանգել-զգուշացրել են, որ օդում վտանգ կա․ «Գործողությունների հերթականությունը տարբերվում է»,- նշեց պաշտպանը։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ վկան հիմա՞ է ավելի լավ հիշում այդ օրվա եղելությունը, թե՞ նախաքննական ցուցմունքի ժամանակ։ Վկան նշեց, որ այն ժամանակ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս, որովհետեւ երեք տարի առաջ հիշողություններն ավելի թարմ են եղել․ «Էդ ժամանակ ամեն օր գլխիս մեջ էդ էի տեսնում։ Քննիչի մոտ ասված ամբողջն իրականություն է»։

Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց ամբողջությամբ եւ ընթերցեց Արմեն Ավետիսյանի նախաքննական ցուցմունքը։

Պաշտպանը նկատեց, որ նախաքննական ցուցմունքից հայտնի է դառնում, որ ոչ թե վկայի գործընկերներն են տեղեկացրել ԱԹՍ-ի մասին, այլ հակառակը, ինչին Ավետիսյանն արձագանքեց․ «Շատ հնարավոր ա, ես ասացի՝ բավական ժամանակ ա անցել, ես չեմ մտաբերում՝ ոնց ա եղել իրականում, ես եմ զանգել, թե իրենք են զանգել ինձ։ Պատվարժան դատարանը ներկայացրեց իմ ցուցմունքը, ես լիովին ճիշտ եմ ընդունում այն, քանի որ ինչ եղել ա, էդպես գրվել ա թղթի վրա»։

Դատական քննության ընթացքում տված ցուցմունքը հրապարակելու տեխնիկական անհնարինություն կար այսօրվա նիստում, ուստի դատավորը որոշեց այն հրապարակել հաջորդ նիստի ժամանակ։ Դատական նիստն այսօր հետաձգվեց։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել