ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է՝ Պուտինն ու Փաշինյանը երեկ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:
«2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասել է, որ այսօր՝ պայմանների փոփոխությամբ պայմանավորված, այլևս նման անհրաժեշտություն չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և համաձայնեցվել է մեր զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։
Կրկին հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս»-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված կետերից, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից։
comment.count (0)