Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
 |news.am|
17:57 - 14 մայիսի, 2024

Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան |news.am|

news.am: Չի կարող 70-80 հազար մարդ հավաքվել եւ հաջորդ օրը այդ շարժումը մարի, չի կարող նման բան լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մենք ամեն օր տեսնում ենք, որ ոչ թե մարում է, այլ նոր մարդիկ են միանում: Մարդիկ կան, որ արագ փոփոխությունների ակնկալիքներ ունեն, մենք ոչ պակաս ուզում ենք, որ դա տեղի ունենա, բայց կան գործընթացներ, կան քայլեր, որոնք պարտադիր պետք է արվեն: Իմպիչմենթի գործընթաց կա: Այս ընթացքում նաեւ տնային աշխատանք կ անելու: Մենք մի քանի օր է, որ Երեւանում ենք եւ տնային աշխատանքը պետք է կատարենք: Իմպիչմենթի գործընթացը եւս տարվում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իմպիչմենթի համար պետք է ՔՊ-ից պատգամավորներ միանան, Դանիելյանն ասաց. «Տարբեր մարդիկ կան, որ տարբեր պատգամավորների հետ մտերիմ են, այսօր էլ մեկը մոտեցավ, ասաց՝ ես կարող եմ խոսել իրենց հետ: Ասաց՝ թույլ տալի՞ս եք, որ գնամ խոսեմ, ես ասել եմ՝ այո: Այն օրակարգը, որով մենք հանդես ենք գալիս, շատ միավորող է: Եթե այս հնարավորությունը մեր ձեռքից բաց թողնենք, վաղը ավելի ռադիկալ տրամադրված մարդիկ կարող են գալ, որոնք նաեւ ընդդիմության դաշտում կան: Եթե ՔՊ-ն չօգտագործի այս հնարավորությունը, վաղը իր համար լինելու է ճակատագրական: Սա խաղաղ անցնում անցում է»:

Նա նկատեց, որ եթե իրենք հիմա ասեն իրենց քայլերի հաջորդականությունը, իշխանությունները դրանից կօգտվեն. «Դրա համար Բագրատ Սրբազանը շատ խաղաքարտերը չի բացում»:

Հարցին՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Այսօր ամենաբարձր վարկանիշն ունի Բագրատ Սրբազանը, ինձ համար թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Բոլոր շերտերը հարգում, ընդունում են իր անցած ուղին, իր տեսակը: Առնվազն ինձ համար դա ակնհայտ է»:

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկքաղաքացիություն ունի (Հայաստանի և Կանադայի)։

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետ կարող է ընտրվել վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։

Ինքը՝ Բագրատ Սրբազանը, ասել էր, որ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չունի՝ միաժամանակ նշելով․ «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դուք պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։

Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանել էր․ «Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել