Կիրանցում պնդում են՝ ադրբեջանական կողմին անցնող «վագոն-տնակի սեփականատիրոջը հորդորել են դատարկել այն»
 |azatutyun.am|
17:10 - 23 մայիսի, 2024

Կիրանցում պնդում են՝ ադրբեջանական կողմին անցնող «վագոն-տնակի սեփականատիրոջը հորդորել են դատարկել այն» |azatutyun.am|

azatutyun.am: Կիրանց գյուղում կրքերը քիչ առաջ թեժացան։ Գյուղում պնդում են՝ սահմանազատման հետևանքով ադրբեջանական կողմին անցնող չորս շինություններից մեկի վագոն-տնակի սեփականատիրոջը հորդորել են ազատել տարածքը՝ շինությունից իրերը դուրս հանել, թեև սկզբում այլ ժամկետ են տվել։

Կիրանցի բնակիչն «Ազատության»-ը, սակայն, չպարզաբանեց, թե ի վերջո ով է նման բան հորդորել։

Մինչև այս քննարկումները ծավալվում էին, հարակից հողակտորներից մեկում կրքերը կտրուկ լարվեցին։ Բնակիչներից մեկը որոշեց այրել իր հողատարածքի մի մասը։ Դա նույնպես ադրբեջանական կողմին է անցնում։ Միջադեպ եղավ, հրմշտոց ծագեց։ Մեկ այլ քաղաքացի՝ քաղաքացիական հագուստով, հորդորում էր նման բան չանել։ Ի վերջո, ոստիկանները միջամտեցին, հրշեջներն էլ մարեցին հրդեհը։

Գյուղի բնակիչներն ասացին, որ հորդորող անձը իրավապահ մարմինների ներկայացուցիչ է, սակայն «Ազատություն»-ը որևէ պաշտոնական հաստատում չունի այդ մասին։

«Գույքի դիմաց փոխհատուցում»․ սեփականությունը կորցնող կիրանցեցիները դիմում են կառավարությանը

Այսօր առավոտյան «Ազատություն»-ը ծանոթացել էր այն դիմում-տեքստին, որը լրացնում են գույք կորցնող կիրանցեցիները։

Այս դիմումով բնակիչները խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել և հաստատում, որ փոխհատուցում ստանալուց հետո հրաժարվում են գույքի նկատմամբ իրենց իրավունքներից ու լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմել Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու համար։ Այս դիմում-տեքստով հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, որը սակայն, գործադիրի e-gov.am կայքում չենք գտնում, այն այս պահի դրությամբ տեղադրված չէ։ Կառավարությունից հորդորել են որոշմանը ծանոթանալու համար գրավոր հարցում անել, «Ազատություն»-ն արել է։

Մինչև այս պահը կառավարությունից ոչինչ չի հաղորդվել փոխհատուցումների թեմայի առնչությամբ։ Առայժմ նաև հայտնի չէ, թե քանի հողակտոր է սահմանի այն կողմն անցնում։ Գուղացիներն ավելի վաղ «Ազատության»-ը ասել էին, որ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում Ադրբեջանին: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունն է կորցնում:

Զուգահեռ փակ է Կիրանց բերող ճանապարհը արդեն 5-րդ օրը։ Մուտքը թույլատրվում է միայն տեղի գրանցում ունեցող քաղաքացիներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել