Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր։
Հուշահամալիրում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթը ներկայացնում ենք ստորև․
«Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով։ Սա մի տոն է, որ խորհրդանշում է մեր ժողովրդի 400- ամյա երազանքի, պետականության ստեղծման ի կատար ածումը։ Սա մի տոն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի, ժողովրդական զանգվածների սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու իրավունքը, որը մեր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել էր առաջին անգամ։ 1918 թվականի մայիսի 28-ին մենք առաջին անգամ ունեցանք Հայաստանի Հանրապետություն անունով պետություն։
Այդ պետությունը, սակայն, որքան էլ երազած երկար կյանք չունեցավ՝ ընդամենը երկու տարի։ Դրա պատճառներից մեկը թերևս այն էր, որ երբ ասում ենք հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքը, երբ ասում են ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող համարող խմբերի իշխանությունը։ Եվ երբեմն, նույնիսկ հաճախ, ժողովրդին կառավարվող և թերագրվող զանգվածի դեր է վերապահվում՝ հնազանդ հպատակի դերակատարում, բայց Հանրապետությունը ժողովրդի մասին է, Հանրապետությունը այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից, անհատի քաղաքացի դառնալու ճանապարհով, գյուղացու, աշխատավորի բոլորին հավասար իշխանություն դառնալու ճանապարհով և Հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես, որ ժողովուդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր Հանրապետությունների հետ։
Մեր խնդիրն, ըստ այդմ, մեր Հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացներին, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանացնելու։
Ի՞նչն է ուզում մարդը, ի՞նչ է ուզում քաղաքցին․ մարդը ուզում է ապրել, և ոչ թե տառապել, մարդը ուզում է վայելել կյանքը, և ոչ թե ճգնել, մարդը ուզում է սիրել և սիրված լինել, մարդը ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ, մարդը ուզում է ապրել խաղաղ, արդար ու արժանապատիվ միջավայրում։ Եվ այս նպատակին պիտի ծառայի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում․ այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր Ավետյաց երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը
Կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կեցցե՛ ժողովրդի իշխանությունը, փառք նահատակներին, որոնք ընկել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի և պիտի ապրի, ազատ, արդար, բարեկեցիկ, խաղաղ ու երջանիկ պիտի ապրի ժողովրդի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը»։
comment.count (0)