hetq.am: Դանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն ճանաչելու օրինագծին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել դեռևս այս տարվա փետրվարին՝ չորս ձախ կուսակցությունների կողմից։ Ապրիլին կայացած քննարկման ժամանակ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել էր, որ պաղեստինյան պետության ճանաչման համար «նախապայմաններ չկան»: Սակայն քվեարկության օրը Ռասմուսենը հավելել էր, որ թեև խորհրդարանը չի կարող աջակցել այդ բանաձևին՝ «մենք ցանկանում ենք, որ գա այն օրը, երբ մենք կարող ենք դա անել»:
Մայիսի 10-ին, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեցկազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալ (որը, սակայն, նրան ձայնի իրավունք չի տալիս), Ռասմուսենը սատարեց այդ որոշումը: «Այսօր մենք Պաղեստինին ավելի ուժեղ ձայն ենք տալիս ՄԱԿ-ում։ Հուսով եմ, որ այսօրվա բանաձևը կարող է ապագայի հույսի փարոս լինել պաղեստինցի ժողովրդի համար այս մռայլ ժամանակներում: Դանիան շարունակում է աջակցել երկու պետությունների վերաբերյալ որոշմանը»,- գրել էր նա։
Դեռ մայիսի 22-ին եվրոպական երեք երկրներ՝ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան, պաշտոնապես հայտարարեցին, որ ճանաչում են Պաղեստինի անկախությունը։ Այդ որոշումն ուժի մեջ մտավ մայիսի 28-ին։
Պաղեստինի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը։ Հայաստանն այդ երկրների թվում չէ։ Բացի մեր երկրից, Պաղեստինի անկախությունը չեն ճանաչում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, և Իսրայելը։ Փոխարենը, Պաղեստինի անկախությունը ճանաչում են Հայաստանի հարևան բոլոր երկրները։
comment.count (0)