ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյան շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
13:06 - 01 հունիսի, 2024

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյան շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի՛ երեխաներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեր իրավունքների միջազգային օրվա առթիվ։

Անհոգ, խաղաղ ու երջանիկ ապագա․ այն՝ ինչին ուղղված է մեր ամենօրյա աշխատանքը։

Ընտանիքների հզորացումը, երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խրախուսումը մեր երկրի ռազմավարական և առանցքային կետերից մեկն է։ Եվ այս գործում կարևոր է նաև վստահությունը՝ երեխաների բացառիկ ներուժի, սեփական անձի կարևորության գիտակցման ու անսահման հնարավորությունների նկատմամբ։  

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները հիմնված են երեխայակենտրոն մոտեցումների և նրանց լավագույն շահի ապահովման սկզբունքի վրա։ Լայնածավալ օրենսդրական փոփոխությունները ևս միտված են վերանայելու երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը՝ ստեղծելով գործուն մեխանիզմներ։ 

Նույն գերակայությունները սահմանված են նաև Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագրում, որի մշակման գործընթացում ընդգրկվում են նաև երեխաները՝ ապահովելով իրենց լսված լինելու իրավունքը։
Երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվում են խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, որոնց շրջանակում սոցիալական, հոգեբանական և այլ ծառայություններ են մատուցվում շուրջ 4200, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների։

Երեխաների բաժանումը կենսաբանական ընտանիքներից կանխելու նպատակով՝ նախարարության ենթակայությամբ գործող 3 ճգնաժամային կենտրոններում կազմակերպվում է նրանց շուրջօրյա ժամանակավոր խնամքը՝ խթանելով ընտանիքների հետ վերամիավորումը։

Պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր գործադրել նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Ներկայում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 152 երեխայի  խնամքը  կազմակերպվում է խնամատար ընտանիքներում՝ կանխելով վերջիններիս հաստատությունում հայտնվելու ռիսկը։  

​Սիրելի՛ փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեծանա սիրո, ջերմության և հոգատարության մթնոլորտում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել